Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գյումրիում վարձով տրվող բնակարանների գները մի քիչ իջել են»․ ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը

Մարտ 26,2022 20:20

Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում այսօր տեղի ունեցավ «Ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական ռիսկերն ու հնարավորությունները Հայաստանի Հանրապետության համար» թեմայով քննարկում։

Տեղի գործարարները ներկայացրեցին այն իրավիճակը, որում հայտնվել  է իրենց բիզնեսն այս պատերազմի հետևանքով։

Գյումրիում տեղակայված Մոսկվայի դուստր ընկերություններից մեկը, որը զբաղված է  տրիկոտաժի արտադրությամբ, ռուբլու փոխարժեքի անկմամբ պայմանավորված՝ որոշակի խնդիրներ ունեցել է, քանի որ իրենց ամբողջ ֆինանսավորումը Ռուսաստանի Դաշնությունից է։  Այդ ընկերության գլխավոր տեխնոլոգ Նարինե Խաչատրյանն ասաց, որ իրենց ամբողջ արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, ամսական 2-3 անգամ ապրանք են արտահանում։ Ըստ բանախոսի, չնայած ռուբլու ցածր փոխարժեքին ու ստեղծված իրավիճակին՝  սեփականատերն ամեն ինչ արել է, որ պատերազմի վնասները քիչ զգացվեն հայրենիքում։

«Արտահանման հետ կապված միակ խնդիրն այն է, որ մեր մեքենաները գնում ու կանգնում են ճանապարհին, ճիշտ ժամանակին ո՛չ բեռն է մեզ հասնում, ո՛չ էլ կարողանում ենք արտահանել»,-ասաց Նարինե Խաչատրյանը։

Բնակարանների վարձակալությամբ զբաղվողների համար պատերազմը նոր հնարավորություններ է ստեղծել, Գյումրիում հատկապես աշխուժացել են գիշերակացի ծառայությունները։

Գյումրու հյուրանոցառեստորանային համալիրներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանը նշեց, որ սկզբում այս ոլորտում ևս խուճապային իրավիճակ ստեղծվեց, ճիշտ այնպես, ինչպես խանութներում՝ պարենային ապրանքների հետ կապված։ Շատերն օգտվեցին Հայաստան ժամանող ռուսների անտեղյակությունից։

«Շատ մարդիկ կարողացան պահի տակ շատ բարձր գներով իրենց բնակարանները և վարձակալության օբյեկտներն առաջ մղել։ Ժամանակի ընթացքում ի պատիվ մեր գյումրեցիների պետք է ասենք, որ գյումրեցիները բավական ձեռնարկատեր ժողովուրդ են և հենց զգում են ինչ-որ ոլորտում ինչ-որ պահանջարկ ավելացել է, կտրուկ ավելանում է նաև առաջարկը։

Անգամ այն մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքում չէին մտածել բնակարանների վարձակալությամբ զբաղվելու մասին, նրանք շատ արագ իրենց ծանոթ-բարեկամների, արտերկրում գտնվող իրենց հարազատների տները վերցրեցին, արագ վերականգնեցին, այսօր կարծես շուկայում պահանջարկ-առաջարկը կայունացել է։

Բնակարանների գները մի քիչ իջել են, բայց եթե համեմատենք նախորդ իրավիճակի հետ՝ մինչ այս ճգնաժամը, բնակարանների գները շատ դեպքերում բարձրացել են մոտ 2-3 անգամ։ Գյումրիում այս առումով սոցիալական ցանցերում, թելեգրամյան ալիքներով ստեղծվել են բազմաթիվ խմբեր, որտեղ մարդիկ շատ արագ ինքնակազմակերպվում են և ռուսական պահանջարկին արագ տրվում է  հայկական առաջարկ»։

Ըստ Վարդան Սրտաշյանի, հյուրանոցառեստորանային բիզնեսը ոչնչով չի շահել․ Հայաստան տեղափոխված ռուսները ռեստորաններում չեն սնվում, հյուրանոցներում չեն մնում։

«Մարդիկ այստեղ չեն գալիս հանգստանալու, նրանց չպիտի դիտարկել որպես զբոսաշրջիկ, նաև չպիտի դիտարկել որպես գաղթական, սա միջին մի մակարդակ է, որն առաջին անգամ ենք մենք տեսնում, մարդիկ իրենց գրպանում ունեն գումար, բայց չունեն այնքան գումար, որ իրենց թույլ տան ռեստորանային և հյուրանոցային վայելքներ, հետևաբար և թրենդի մեջ են հայտնվել բնակարանները։ Խանութից գնելով իրենց անհրաժեշտ ապարանքը՝ կարող են հոգալ սեփական խնդիրները՝ առանց մեծ գումարներ ծախսելու։

Եթե Հայաստանը ժամանակին ձեռք չբերի թանկ երկրի համբավ, եթե ամեն ինչ լինի խելամիտ, եթե լինի խելամիտ աջակցություն, ապա այս շարժը կնկատվի նաև բիզնես ոլորտում։

Օրինակ՝ մեր ձեռնարկությունը քաղաքի տարբեր մասերում ունի տարածքներ, հենց ՍՊԸ-ի կազմում, որոնք տալիս ենք վարձակալության, IT ընկերությունները կապվում են Հայաստանում կոմերցիոն տարածքների վարձակալությամբ զբաղվող  կազմակերպությունների հետ և փորձում են իրենց ձեռնարկություններն ամբողջությամբ  տեղափոխել Հայաստան, այդ թվում՝ Գյումրի։

Այդ առումով շատ կարևոր է պետական աջակցությունը։ Պետությունը խիստ ուշադիր պիտի լինի այս առումով և նպաստավոր պայմաններ ստեղծի թե՛ լոգիստիկայի և՛ թե բիզնես միջավայրի, հարկային արտոնությունների առումով»,- ասում է Վարդան Սրտաշյանը։

Նա ՀՀ իշխանություններին կոչ արեց առավելագույնը հայանպաստ դիրքորոշում ցուցաբերել և չթույլատրել ուրիշներին մեր առջև բացված հեռանկարներից օգտվել։

Ըստ Վարդան Սրտաշյանի, կառավարությունը ներկայումս ձեռնարկում է միջոցներ վարձակալությամբ տրվող բնակարանները հարկային դաշտ բերելու։

«Նրանք կարծես առաջինը տեսնում են իրենց շահը՝ հարկեր  գանձելու, բայց նախևառաջ պիտի մտածել հոսքերն ավելացնելու մասին, որովհետև սա ընդհանուր բերում է տնտեսության աշխուժացման, գումարների հոսքի ու պետք չէ սահմանափակել մարդկանց բիզնեսը՝ հարկային նոր պարտավորություն ստեղծելով, այլ պիտի մտածել ինչպես անել, ռուսական առաջացած բոլոր հնարավորությունները օգտագործել»,- ասաց Վարդան Սրտաշյանը։

Քննարկմանը մասնակցող տնտեսագետ Լուսյա Գալոյանն էլ նշեց, որ  Հայաստանը Ռուսաստանի տնտեսությունից շատ մեծ կախվածություն ունեցող երկիր է, և  պատերազմը չի կարող հետևանքներ չունենալ  ու մեծ ռիսկեր չառաջացնել  Հայաստանի Հանրապետության տնտեսության համար։ Ըստ նրա, բարդացել են մատակարարման շղթաները, առաջացել են որոշակի ապրանքների ներմուծման դժվարություններ։

Ըստ բանախոսի, տվյալ դեպքում հասարակության շրջանում դրսևորած խուճապային տրամադրությունները ևս նպաստում են գնաճին։  Ըստ նրա, ինչքան հասարակությունը հանգիստ վարքագիծ դրսևորի, այնքան պատասխանատուներին հեշտ կլինի իրավիճակը կարգավորել։

Տնտեսագետի համոզմամբ, ՌԴ կողմից մինչև օգոստոս ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակումները Հայաստանի տնտեսության մեջ մեծ ռիսկեր չեն առաջացնի։

«Կարծում եմ՝ Ռուսաստանն ավելի շատ փորձել է հարևան երկրների սպեկուլյացիաներից խուսափել, և եթե նախկինում հարևան երկրները հնարավորություն ունեին Ռուսաստանից ներկրելու հացահատիկ և շաքարավազ և դրանք թանկ գներով  վերավաճառելու այլ երկրների, պարզապես փորձել է այդ հնարավորությունը փակել»։

Ըստ բանախոսի, կոնկրետ  Հայաստանի պահանջարկը բավարարելու պահով Ռուսաստանն ունի պարտավորություն և գոնե թե պետական պաշտոնյաների համոզմամբ՝ դեֆիցիտ չի լինելու։

Ամբողջական քննարկումը՝  տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Ռոբերտ Խաչիկյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031