Տարիներ առաջ վարձու մարդասպանը 30.000 դոլարի դիմաց առանձնակի դաժանությամբ սպանեց 37-ամյա Արթուր Խալաթյանին: Արթուրն ուներ 2 փոքրահասակ երեխա: Արթուրը մասնավոր ընկերության տնօրեն էր, հարազատների բնութագրմամբ՝ բարի ու ազնիվ մարդ: Արթուրի դաժանորեն սպանված մարմինը գտել են Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչներից մեկի ավտոտնակում կայանված ավտոմեքենայի բեռնախցիկում՝ գլխի բազմաթիվ վնասվածքների հետքերով:
Արթուրի մահից անցել է 16 տարի, սակայն կինն ու ծնողներն ուշքի չեն գալիս կատարվածից:
Վերջերս էլ նրանք ստիպված են լինում ականատեսը լինել մարդասպանին հերոսացնելու պատմություններին, որոնք ակտիվորեն շրջանառվում են լրատվամիջոցներով՝ Թաթուլից կերտելով հերոսի կերպար: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում Արթուրի հարազատներն են ասում՝ ամեն անգամ սարսափելի ծանր է իրենց համար «ընթերցել դաժան մարդասպանի՝ հերոսության հավակնող հրապարակումները եւ վերապրել չփարատվող վիշտը»:
Նրանք ուզում են, որ բոլորն իմանան՝ Արթուրին դաժանորեն սպանողը ցմահ դատապարտված Թաթուլ Միրզոյանն է, որը ռեկորդներ է գրանցում, ընդգրկվում Դյուցազնագրքում, պատմում սպորտային հաջողությունների մասին:
Կարդացեք նաև
Արթուրի հարազատները գտնում են, որ մարդասպանին չի՛ կարելի այդպես հերոսացնել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ