Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարոյականությունը կապ չունի, եթե Ռոբերտ Ղուկասյանը չցանկանա աշխատել ինձ հետ՝ չեմ աշխատի»․ Սյունիքի նախկին մարզպետի խորհրդական

Մարտ 26,2022 18:02

Կառավարության որոշմամբ մարտի 3-ին Սյունիքի մարզպետ նշանակված Ռոբերտ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ կադրային փոփոխություններ կլինեն, բայց կադրային ջարդ անելու մտադրություն չունի։

Աշխատանքից իրենց դիմումների համաձայն արդեն ազատվել են նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի օգնականներ Կոնստանդին Ղանդիլյանը, Արա Ներսեսյանը։ Ռոբերտ Ղուկասյանի որոշմամբ՝ Արմինե Ավագյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից՝ նշանակվելով օգնականի պաշտոնում։ Նրան վերապահվել է նաեւ Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը։

Ռոբերտ Ղուկասյանի  որոշումներով՝ մարզպետի խորհրդական է նշանակվել Կարեն Բալյանը, օգնական՝  Սուրեն Քեսեջյանը։

Մեկ էլ այլ խորհրդական՝ Գառնիկ Պետրոսյանը, որին նույնպես նշանակել է Մելիքսեթ Պողոսյանը, դեռ շարունակում է աշխատել։ Aravot.am-ը Գառնիկ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պատրաստվում է աշխատանքից ազատվելու դիմում գրել։ «Ո՛չ, աշխատելու եմ հանուն մեր Սյունյաց աշխարհի»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը։

Մեր զրուցակցին  հիշեցրինք «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, ըստ որի «հայեցողական պաշտոն զբաղեցնող անձն իր անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում շարունակում է պաշտոնավարել մինչեւ իր պաշտոնում նոր նշանակում կատարելը: Հայեցողական պաշտոնում նոր նշանակումը կատարվում է հայեցողական պաշտոն զբաղեցնող անձի անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում»:

-Իսկ եթե նոր մարդ նշանակվի Ձե՞ր փոխարեն,-հարցրեցինք Գառնիկ Պետրոսյանին։

– Դեռ նման բան չկա ու չեմ կարծում լինի։ Ես իմ աշխատանքը պատշաճ կատարում եմ,-ասաց նա։

Իսկ հարցի բարոյական կողմը, եթե հաշվի առնե՞նք։ Ձեզ նշանակել է Մելիքսեթ Պողոսյանը, բայց շարունակեք աշխատե՞լ Ռոբերտ Ղուկասյանի հետ։

– Ես կարծում եմ՝ բարոյականությունը կապ չունի, եթե մարդ բարոյական է լինում, ամեն տեղ է բարոյական լինում, իսկ ինչ վերաբերում է աշխատանքին, եթե Ռոբերտ Ղուկասյանը որոշի, որ չի ցանկանում աշխատել ինձ հետ, բնականաբար, կազատվեմ աշխատանքից։

 

Հիշեցնենք, որ  Գառնիկ Պետրոսյանն այս տարվա հունվարին է նշանակվել խորհրդական ու մոտ մեկ ամիս առաջ նրա անունը կապվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցած միջադեպի հետ։ Փետրվարի 17-ին, ԶՊՄԿ-ի մոտ  80 աշխատակիցներ բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։ Բողոքավորներին մարզպետի խորհրդական Գառնիկ Պետրոսյանը   հորդորել էր չխաթարել աշխատանքային ռիթմը՝ խոստանալով հարցին լուծում տալ։

Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, Պետրոսյանին  բողոքավորները դիմավորել էին որպես ապագա մարզպետի, իսկ Aravot.am-ի հետ զրույցում մարզպետի խորհրդականը ապատեղեկատվություն էր համարել այն, որ իրեն բողոքավորները դիմավորել են որպես ապագա մարզպետի։

Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը նույնպես շարունակում է իր պարտականությունների կատարումը։ Նա նույնպես մինչեւ ապրիլի 3-ը ժամանակ ունի կողմնորոշվելու եւ դիմում գրելու։ Եթե նրա փոխարեն նշանակվում է մարզպետի նոր տեղակալ, ապա ըստ գործող ընթացակարգի, նա համարվում է աշխատանքից ազատված։ Հետաքրքիր մի փաստ եւս։ Ըստ Սյունիքի մարզպետարանի կայքէջի, մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանն ու նրա օգնական Արմինե Սիմոնյանը մեկ օրով՝ «մարտի  25-ին աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, գործուղվել են  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»։

Նշենք, որ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը փետրվարի 17-ին էր ազատվել աշխատանքից եւ նշանակվել ԶՊՄԿ-ի խորհրդի անդամ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031