«Ակնհայտ է, որ Ադրբեջանին մի գյուղ այս կողմ այն կողմ, ոչ մի բան չի փոխելու, սա շատ ավելի հեռանկարային ու լայն ծրագիր է իրենց կողմից, նպատակն է Արցախի հայությանը զրկել դիմադրողականությունից եւ, վերջիվերջո, Արցախը հայաթափել»,-այսօր այս մասին «Հայելի» ակումբում ասաց «Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին:
Ըստ նրա, Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում. «Արցախն ու Արցախի հայությունն անտերության է մատնված: ՀՀ իշխանությունները հետեւողականորեն Արցախի նկատմամբ պատասխանատվությունից ազատվելու գործընթաց են տանում: Եթե պիտի Սյունիքում թշնամին առաջ գա ասեք՝ ռուսներն են մեղավոր, Արցախում առաջ գա ասեք՝ ռուսներն են մեղավոր, Արցախի գազը կտրեք ասեն՝ ռուսներն են մեղավոր, բա դուք ինչի՞ համար եք, ի՞նչ գործառույթ եք դուք կատարում որպես երկրի ղեկավարություն: Խրամորթում պատերազմ է սկսվել ՀՀ պաշտպանության նախարարը Վեդիում քարոզարշավ է անում: Խրամորթում մեր զինվորները զոհվում են պաշտպանության նախարարը Վեդիում բուկլետ է բաժանում: Դա խոսում է այն մասին, որ մեր երկրի պաշտպանական գերատեսչության համար իրենց համայնքապետ ընտրելն ավելի կարեւոր է, քան մեր զինվորներն ու մեր հայրենիքը»:
Նրա խոսքով, դեռեւս նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխանությունը հայտարարում էր, որ խաղաղություն եւ անվտանգություն է բերելու: «Արդեն այդ ժամանակ պարզ էր, որ այդ ճանապարհով խաղաղություն ապահովելն անհնար է։ Եվ, իհարկե, Արցախում իրավիճակի սրմանը նպաստեցին նաեւ աշխարհաքաղաքական զարգացումները, բայց ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, սա այն է, ինչ պետք է լիներ։ Այս ամենը շարունակական է լինելու՝ թե՛ Արցախում գազամատակարարման խնդրի ստեղծումը, թե՛ Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղի իրադարձությունները»,- ասաց Հովհաննես Հարությունյանը։
Նա քննադատեց նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ նա բացի խորհրդակցություններ անցկացնելուց՝ ոչինչ չի կարող անել։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում Ռուսաստանին դիմելու Արցախի նախագահի նախաձեռնությանը, Հովհաննես Հարությունյանն ասաց. «Այս դեպքում ո՞ւմ է պետք Հայաստանի Հանրապետությունը։ Ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը: Եկեք հասկանանք՝ Հայաստանի Հանրապետությունը պարզապես գոյություն ունի՞։ Եթե որեւէ խնդրի դեպքում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի այսպես կոչված իշխանությունները պետք է դիմեն Ռուսաստանին, եւ ամեն ինչում մեղավոր է Ռուսաստանը, ապա ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել: Նույնիսկ նրանք չգիտեն, թե ինչի համար են իրենք»։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ