Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի մի խումբ քաղաքացիներ, այդ թվում եւ երեխաներ անցկացրել են բողոքի ցույց՝ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդրի լուծման պահանջով։ Հավաքը կազմակերպել էր «Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» նախաձեռնությունը:
«Արցախն իմ տունն է», «Փրկել մանկությունը», «Ճանաչել Արցախը» ցուցապաստառներով արցախցիները միջազգային հանրությանն ու կառույցներին կոչ էին անում կանխել Ադրբեջանի կողմից եւս մեկ ցեղասպանությունն ու Արցախի հայաթափումը: Կազմակերպիչները մեկ առ մեկ թվարկել են Ադրբեջանական գործողությունների հետեւանքով արցախցիներին սպառնացող վտանգները՝ պահանջելով ճանաչել Արցախի Հանրապետությունը, որպեսզի մարդիկ իրենց հայրենիքում անվտանգ ապրեն:
Ցույցի մասնակիցները կոչ արեցին համայն հայությանը միավորվել, մեկ բռունցք դառնալ եւ կանգնել արցախահայության կողքին: Նրանց խոսքով, ադրբեջանական զինված ուժերը ահաբեկչական հարձակումներ են գործում՝ խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ artsakhtert.com-ի
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ