«Ցավոք, ճնշումներն ընտրված քաղաքապետերի նկատմամբ աճում են»,-Aravot.am-ի հարցին՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տարածքում ի՞նչ միտումներ են նկատվում՝ ճնշումներն ընտրված պաշտոնյաների նկատմամբ աճո՞ւմ են, այսպես պատասխանեց ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 22-24-ը Ստրասբուրգում անցկացվել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) 42-րդ նստաշրջանը, որի ընթացքում մարտի 23-ին քննարկվեց Հայաստանում դեկտեմբերի 5-ին անցկացված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին ԵԽ Կոնգրեսի դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ զեկույցը:
Մեր փաստմանը՝ ՀՀ-ում մի շարք ընտրված քաղաքապետեր առանց դատարանի վճռի գտնվում են անազատության մեջ և հարցին՝ այս իրավիճակն ինչպե՞ս կգնահատի, Անդրեաս Կիֆերը պատասխանեց. «Եթե Հայաստանի կամ առանձին քաղաքապետի կողմից լինի բողոք, մենք այն կքննարկենք: Բայց ես տեղյակ չեմ, որ Հայաստանի կամ որևէ քաղաքապետի կողմից նման բողոք լինի: Եթե մենք այդպիսի բողոք ստանանք, դա Մոնիտորինգի հանձնաժողովի ուշադրության առարկան կդառնա և հանձնաժողովը կքննարկվի ՝ արդյոք պե՞տք է փաստահավաք առաքելություն իրականացնել: Սովորաբար այն կառավարությունը, որից կա բողոք, նրան ևս մեկնաբանություն տալու հնարավորություն է տրվում երկրում ստեղծված իրավիճակի մասին: Հետո այն կարող է քննարկվել Կոնգրեսի մոնիտորինգի հանձնաժողովում, որի արդյունքում կպատրաստվի Հայաստանի համար հանձնարարական, անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի փաստահավաք առաքելություն»:
Անդրեաս Կիֆերը վստահեցրեց՝ Կոնգրեսն աշխատում է այն ընտրված պաշտոնյաների շահերի պաշտպանությամբ, որոնց նկատմամբ կան ճնշումներ: Հարցին՝ այդպիսի նախադեպերը շա՞տ են, ԵԽ Կոնգրեսի քարտուղարը պատասխանեց. «Բոլոր դեպքերը տարբեր են: Թուրքիայում ունենք օրինակներ, որ ընտրված քաղաքապետերն ազատազրկված են, իսկ նրանք փոխարինվել են նշանակված անձանցով: Այնպես որ, ընդհանրացնել չենք կարող: Մենք նաև պետք է դիտարկենք պատճառները, թե ինչու են քաղաքապետերի դեմ գործերը տարվել դատարան»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ իսկ եթե առանց դատարանի վճռի են ընտրված քաղաքապետերն ազատազրկվում, ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանեց. «Շատ երկրներում տարածված է մինչդատական կալանավորում, որը ժամկետներ ունի: Այդ ժամկետները պետք է պահպանվեն»:
Անդրեաս Կիֆերը նաև մտահոգություն հայտնեց, որ ընտրված պաշտոնյաների նկատմամբ ճնշումներին զուգահեռ աստիճանաբար ավելի քիչ մարդիկ են ցանկություն հայտնում մասնակցել ընտրություններին և պաշտոն ստանձնել: Նրանց նկատմամբ ճնշումները միայն կառավարության կողմից չեն իրականացվում, այլև քաղաքացիների, կան նաև այլ սպառնալիքներ: Ըստ Անդրեաս Կիֆերի՝ մենք այս օրերին ականատես ենք լինում քաղաքապետերի նկատմամբ ճնշումների բոլոր ձևերին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ