Արցախի Փառուխ գյուղի ուղղությամբ արցախա-ադրբեջանական շփման գիծը Ադրբեջանի զինուժի կողմից խախտելու փաստը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթի կոպիտ խախտում է: Այն կատարվում է ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում: Այս երկու փաստը խոսում են մեկ բանի մասին՝ պաշտոնական Բաքուն Մոսկվայի դեմ դեմարշ է իրականացնում:
Ադրբեջանական ուժերը փաստացի ներխուժել են այն տարածք, որտեղ ռուս խաղաղապահները եռակողմ հայտարարության հիման վրա ապահովում են անվտանգություն եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը, օգտվելով ուկրաինական ճգնաժամից, որ Ռուսաստանի ուշադրությունը սեւեռված է այնտեղ ծավալվող հատուկ ռազմական գործողությունների վրա, խախտում է մի պայմանագրի պահանջ, որտեղ ՌԴ-ն ոչ միայն կողմ, այլեւ դրա կատարման երաշխավորն է:
Ադրբեջանական մամուլով Ուկրաինային սատարելու եւ հակառուսական քարոզչություն ծավալելու Բաքվի բացահայտ քայլերի համապատկերին Փառուխի ուղղությամբ շփման գիծը խախտելու գործողությունները լիովին օրինաչափ են: Այս դեպքն ամբողջությամբ տեղափոխվում է Մոսկվայի տիրույթ, քանի որ Բաքուն իր գործողություններով սկսում է աշխարհին եւ Ռուսաստանին ազդակներ ուղարկել, թե Հարավային Կովկասում նրա ազդեցությունը, մեղմ ասած, այն չէ, ինչ ամրագրված է փաստաթղթերում:
Ուկրաինական հակամարտությունից ընդամենը երկու օր առաջ Ռուսաստանն Ադրբեջանի հետ դաշնակցային պայմանագիր ստորագրեց հենց վերոնշյալ երկու խնդիրների՝ Ուկրաինայի օգտին գործողություններից Բաքվին զերծ պահելու եւ իր խաղաղապահ առաքելության գոտում կայուն իրավիճակ ունենալու համար: Բաքուն այսօր փաստացի խախտում է հենց այս հիմնական պայմանները: Ադրբեջանն իր այս գործողությունները զուգակցում է անորակ քարոզչությամբ: Վերջինիս ուկրաինամետ պահվածքի հետեւանքով ռուսական մամուլում ոչ պատահական, արդեն նպատակաուղղված կարծիքներ են շրջանառվում, թե Ուկրաինայից հետո ՌԴ հաջորդ թիրախը կլինի Ադրբեջանը: Սրան ի պատասխան Ադրբեջանի քարոզչամեքենան իր մամուլի էջերում առաջնորդող վերլուծականներ է հրապարակում, որոնց վերնագրերում ասվում է, թե ՌԴ-ի հաջորդ թիրախը միջինասիական երկրներից որեւէ մեկն է լինելու:
Կարդացեք նաև
Պարզ է, որ ակնհայտ արհեստական ու հիմքեր չունեցող նման թեզ հրապարակ բերելով՝ պաշտոնական Բաքուն պարզունակ քայլ է կատարում իր հակառուսական գործողությունները քողարկելու եւ իրեն ուղղված ռուսական մամուլի ակնարկների սուր ծայրն իրենից հեռացնելու համար:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում