Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանն այլեւս Արցախի անվտանգության երաշխավոր չէ՞, լրի՞վ է զիջել ռուս խաղաղապահներին․ «Ազգ»

Մարտ 26,2022 10:30
Hayastan

Հայկական զույգ պետություններն անկախությունից հետո այսօր գտնվում են իրենց պատմության ամենավտանգավոր ոլորանում։ Պատկերացրեք՝ ավելի վտանգավոր, քան նույնիսկ 44- օրյա պատերազմի ժամանակ ու դրան անմիջապես հաջորդող ամիսներին։ Այն, ինչ դեռեւս չէր հաջողվել անգամ պատերազմով՝ մեր թշնամին հիմա ուզում է ստանալ փաստաթղթերով ու համաձայնագրերով, ընդ որում՝ նրան էլի չի խանգարում մեր դաշնակիցը, որը նաեւ մեր թշնամու դաշնակիցն է։ Հավատալ, որ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում գտնվող եւ Արցախը սնող գազատարը ադրբեջանական կողմն ինքնագլուխ էր պայթեցրել ու հիմա էլ ուղղակի փակել՝ կնշանակի վերջին միամիտը լինել։

Ի՞նչ են, ուրեմն, հասկացնում մեզ մեր թշնամին ու դաշնակիցը միասնաբար։ Ի՞նչ են հասկացնում մեզ՝ մարտի 8-ից արդեն սկսյալ սառեցնելով 120 հազար արցախցիներին եւ կոլապսի հասցնելով Արցախի՝ գազով աշխատող ենթակառուցվածքները, ընդհանրապես՝ Արցախը հումանիտար աղետի առջեւ կանգնեցնելով։ Եվ ինչո՞ւ է դա տեղի ունեցել հիմա, երբ ռուս-ուկրաինական բախումների վերջը չի երեւում, երբ թվում է՝ մեր տարածքում եղած անհանգիստ վիճակը պիտի որ մեր դաշնակցի համար աննպատակահարմար լիներ, եթե երկրորդ ճակատ չի ուզում։ Ի՞նչ է հասկացնում թշնամին՝ մի ձեռքով իր 5 առաջարկները ներկայացնելով Հայաստանին, մյուս ձեռքով լարվածություն ստեղծելով բուն Հայաստանի սահմաններին եւ տարբեր ձեւաչափերով սպառնալիքի լեզուն բանեցնելով։ Կամ Ադրբեջանը կարո՞ղ էր ռուսների քթի տակ գազատար պայթեցնե՞լ, փական փակե՞լ, առանց դիմադրությա՞ն։

Հոդաբաշխ բացատրություններ այս ամենին իշխանության ներկայացուցիչները չեն տալիս, ուղիղ հարցերին հնչում են խուճուճ կամ դիվանագիտորեն ծռմռված պատասխաններ։ Բայց անգամ կառավարության վերջին նիստին չգիտես ինչ գնով խաղաղության գործընթաց սկսելու պատրաստ վարչապետն էր նույնիսկ ստիպված խոստովանել, որ Արցախի գազատարը պայթեցնող եւ Արցախի գազը փակող Ադրբեջանի դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց 100-ավոր էջեր թերթելու, պատմության նրբություններն ուսումնասիրելու, այն է՝ Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ արցախցիների ապրելը սեփական հայրենիքում անհնար դարձնելն է։

Արդյոք Արցախի հանդեպ գազային սաբոտաժը ենթադրում է մի շարք պարտադրանքներ, օրինակ, ինչպես համացանցում տարածված լուրերն են պնդում՝ հայկական զորքն Արցախից լիովին դուրս բերելու, Արցախը հայաթափելու, Արցախը նվազագույնը՝ Ռուսաստանի կազմ, առավելագույնը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ Ադրբեջանի կազմ մտցնելու։ Արդյոք ադրբեջանցիք ուզո՞ւմ են Արցախի նկատմամբ իրականացնել Նախիջեւանում տեղի ունեցածը։ Արդյոք այս բոլորն արվում է՝ Հայաստանին պարտադրելու ստորագրել աննպաստ համաձայնագիրը։ Արդյոք սա առավել ընդգրկուն ծրագրի մի բաղադրիչն է, հաջորդիվ ավելացնելով մեզ ուղղված պարտադրանքները. հետո արդեն Հայաստանի գազը կփակեն՝ ըստ պարտադրանքի բովանդակության։

Մի՞թե ակտիվացած ռուսամոլներն ու միութենական պետության հայ կողմնակիցները հինգերորդ շարասյուն են, ինչպես ընդունված է ասել, մեր իսկ պետության ներսում, տրոյական ձիեր, որոնք ամեն ինչ անում են՝ հանձնելու նախ Արցախը, հետո նաեւ մեր պետականության բանալիները։ Եվ արդյոք երեւացող քարոզիչների կողքին ավելի ստվար զանգված չկա, այդ թվում՝ բարձր պաշտոնյաներ, որոնք տակից կողմ են պետականության կորստին՝ հանուն ապահով կյանքի։

Առանց հասկանալու, որ պատերազմող Ռուսաստանի ապահով կյանքը եւս հայտնվել է մեծ հարցականի տակ՝ նրա հանդեպ կիրառվող պատժամիջոցների, տնտեսության դժվարին վիճակում հայտնվելու պատճառով։ Ամեն ինչ խառնվել է իրար՝ ռուս-ուկրաինական պատերազմով։ Հիմա Հայաստանում այնպիսի անհամարժեք քայլեր կտեսնես, որ կմնաս արմացած-զարմացած՝ մի՞թե այդ աստիճան 30 տարում արժեզրկվել է պետականության, պետություն ունենալու երջանկության գաղափարը, որ կարող են այլ պետությունների քաղաքականությունը պաշտպանող ոչ կենտ ցուցարարներ հայտնվել այս ու այն դեսպանատան մոտ, իսկ այս ու այն հեռուստաալիքով կարող են ռուսամոլության կամ արեւմտամետության բացահայտ քարոզ անել։ Բոլոր դեպքերում ապրում ենք այնպիսի ժամանակներ, որոնք անդարձելի կորուստներով են հղի, ու Աստված խելք տա հայ ժողովրդին՝ կանգնեցնելու Արցախի եւ մեր իսկ պետականության կորուստը։

Խորհրդարան՝ երկրի արտապատկեր

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պարզ դարձավ, որ իշխող մեծամասնությունն արդեն մտածում է պատասխանատվության բեռը գոնե ֆորմալ առումով մի հոգուց, տվյալ դեպքում՝ վարչապետից նաեւ այլ ֆիգուրների վրա դնել։ Մտածվա՞ծ է արվում դա, թե՞ պատահականորեն՝ մեր կարծիքով առաջինը։ Դիրիժորն առաջիկայում երկատելու, եռատելու է պատասխանատվության չափաբաժինը, ու հարց է առաջանում՝ արդյոք դա արվո՞ւմ է ամենավատ որոշումներից առաջ, որոշակի նպատակով։

Այս անգամ (իսկ միգուցե՝ արտաքին ֆոնի լարվածության պարագայում դա էլ բնական է) այդ ֆիգուրը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էր, որը խորհրդարանում պատասխանեց բոլոր այն հարցերին, որոնց առաջ վարչապետն էր պատասխանում՝ հանրության մեջ բավական դիմակայություն առաջացնելով։ Միրզոյանն այս անգամ պատասխանում էր Արցախի եւ Հայաստան-Ադրբեջան տիրույթի բոլոր հարցերին՝ դիվանագիտորեն խուսափելով որեւէ հստակ տեսակետ հայտնել, թե արդյոք կարո՞ղ է բացառել Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը։ Ընդհանրապես ՝ հայ պաշտոնյաների վերջին շրջանում արտահայտած շատ թերասածություններ ստիպում են մեզ մտահոգվել Արցախի եւ անգամ բուն Հայաստանի ապագայով։ Աղվան Վարդանյանի այն հարցին, թե Ադրբեջանի հետ հնարավոր համաձայնագրի ստորագրումը ի՞նչ ընթացակարգ պետք է անցնի, ու այնտեղ հանրաքվեն կարո՞ղ է դեր խաղալ, ի պատասխան Միրզոյանը նոր շեշտադրում արեց, թե որ հարցն իր համար նոր է, պետք է ուսումնասիրել, ոչինչ չի բացառվում։ Սակայն նրան հետո ուղղեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, նշելով, որ միջպետական պայմանագրերի հետ կապված հանրաքվեի ընթացակարգ չի նախատեսված, համաձայնագրերը վավերացվում են ԱԺ-ում, ՍԴ-ում սահմանադրականության ստուգում անցնում։ Ու հաստատ՝ Անդրեասյանին ուղղորդել էր վարչապետը։

Այսի՞նքն. որեւէ կառավարության թվում է, թե հայության համար ամենակենսական հարցերը կարող է լուծել միայնակ, մեկ-երկու հոգով նոր թղթեր ստորագրելո՞վ, մեր սահմանները ադրբեջանցիների ախորժակով գծելո՞վ։ Բա հանրաքվեի գործիքն ի՞նչ անելու համար է։ Կամ, ինչպես կառավարության նիստին Փաշինյանն էր ասում՝ Երասխից դիրքերն հետուառաջ անելով հարցի լուծումը պատկերացնելո՞վ։ Ում երկրի սահմաններն ե՞ք առանց հանրաքվեի հետուառաջ անում որ…

Ադրբեջանցի եւ ռուս զինվորականները հանդիպում եւ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ իբր նախատեսված՝ Ադրբեջանի տարածքն ապօրինի զավթած հայկական զորքի դուրսբերումն են քննարկում (խոսքը հավանաբար Արցախի տարածքի զինուժի մասին է, փաստորեն Արցախի զինաթափման մասին է խոսք գնում), մերոնք մերժում ստանալուց հետո էլի հայելային հետքաշման վրա են կանգնել-մնացել ու խաղաղության պայմանագիր ստորագրելու մասի՞ն են քննարկում։ Ի՞նչ է, Հայաստանն այլեւս Արցախի անվտանգության երաշխավոր չէ՞, լրի՞վ է զիջել ռուս խաղաղապահներին, որոնք ադրբեջանցիների հետ փաստորեն քննարկում են Արցախը զինաթափելու հարցը։ Իսկ ո՞վ է երաշխավոր, որ խաղաղապահների ներկայության 5 տարին լրանալուց հետո (իսկ միգուցե՝ ավելի շուտ, քանի որ ոչ ոք չգիտե, թե ինչպես կավարտվի կամ որքան կձգվի ռուս-ուկրաինական հակամարտությունը), երբ ռուս խաղաղապահները լքեն Արցախը, ադրբեջանական զորքը չի մտնելու Արցախ։

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031