Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսնելով, որ Ռուսաստանը խառն է, իսկ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում, Ադրբեջանը նման քայլերի է գնում». «Փաստ»

Մարտ 26,2022 10:20

Ռուս-ուկրաինական հակամարտությունը Թուրքիայի համար անվտանգային խնդիրներ ստեղծեց: Թուրքիան Ուկրաինայում բավականին պայմանագրեր էր կնքել՝ կապված «Բայրաքթարների» արտադրության, ռազմամթերքի այլ տեսակների առումով բավականին ծրագրեր ևս ուներ: Այդ ծրագրերն այս պահին ի չիք դարձան: Սակայն Հարավային Կովկասի տարածաշրջանում Թուրքիայի համար լայն՝ նաև թուրք-ադրբեջանական համատեղ հնարավորություններ բացվեցին:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն՝ անդրադառնալով Արցախում ադրբեջանական ԶՈւ-երի հերթական գործողություններին: «Այս իմաստով մենք տեսնում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր անհաջողություններին են սպասում: Սպասում են, որ Ռուսաստանն ամբողջովին խորասուզվի ուկրաինական ճգնաժամի մեջ ու աչքաթող անի Հարավային Կովկասը՝ գլխավորապես Արցախյան հարցը, որ ադրբեջանցիները կարողանան իրենց նպատակները քայլ առ քայլ իրականացնել: Բայց Ռուսաստանն այն իրավիճակում չէ, որ Թուրքիան իրեն թույլ տա, այսպես ասեմ, Հայաստան մտնել, թեպետ վատ սցենարները միշտ պետք է նկատի ունենալ:

Պետք է հաշվի առնել նաև, որ Թուրքիան Հայաստանը գրավելու միտք միշտ է ունեցել: Առհասարակ պատերազմների, նաև խառը ժամանակներում օգտվողը մշտապես Թուրքիան է եղել: Ու, ցավոք, այսօր մեր անվտանգության միակ երաշխիքը մնացել է Ռուսաստանը. անվտանգության այլ երաշխիք չունենք»,-ասաց Ա. Իսպիրյանը:

Անդրանիկ Իսպիրյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին. «Այո, բավականին դրական կլինի, եթե Հայաստանը կարգավորի հարաբերությունները, սակայն այլ հարցեր կան. ի՞նչ են բանակցում, ինչի՞ շուրջ, այսինքն՝ ի՞նչ զոհողությունների, ի՞նչ զիջումների դիմաց են բանակցում: Այդ մասին մենք ոչինչ չենք իմանում: Մի կողմից՝ շեշտում են «առանց նախապայմանների» կարգավորման մասին, բայց մյուս կողմից՝ տեսնում ենք, որ թուրքական կողմը անդադար պնդում է, որ ամեն ինչ Ադրբեջանի հետ համատեղ է արվելու: Մշտապես հայտարարում են, որ առանց Ադրբեջանի շահը հաշվի առնելու՝ ոչինչ չի արվելու: Իսկ այսօր տեսնում ենք, թե որն է Ադրբեջանի շահը: Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ են գործելու, ինչն արդեն նախապայման է: Կարծես հայկական կողմը չի տեսնում սա կամ չի ուզում տեսնել, հավանաբար՝ տարված պատրանքներով: Իսկ իրականում մենք գործ ունենք իրավիճակից օգտվող ադրբեջանական սովորական տակտիկայի հետ: Տեսնելով, որ Ռուսաստանը խառն է, իսկ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում, Ադրբեջանը նման քայլերի է գնում»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031