Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է «կուրացնում» քաղաքապետարանի ու Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուներին, որ ապօրինի շինարարությունը չեն նկատում

Մարտ 26,2022 14:00

Արդեն քանի տարի է Աջափնյակ վարչական շրջանի Չուխաջյան փողոցի թիվ 39/5 հասցեի բնակիչ Կարինե Այվազյանը, հարեւանների խոսքերով, տարածքային վեճեր է հրահրում, օրը մի հարեւանին տարածքային պահանջներ ներկայացնում, տեղի, անտեղի հարեւանների դեմ ոստիկանությանը հրավիրում: Ինչպես հարեւանությամբ ապրող բնակիչներն են ասում, չնայած նշված հասցեում հստակ սահմանազատում կա, քարե պարսպով, Չուխաջյան 39/5 հասցեի բնակիչը հավակնում է իր տարածքը մեծացնել հարեւանների, մասնավորապես՝ 37/1-ի հասցեի հաշվին։

Կարինե Այվազյանը վեճերի մեջ է նաեւ մյուս՝ Չուխաջյան 39/6 հասցեում ապրող հարեւանի հետ։ Այս հասցեի բնակիչներն էլ պատմում են, որ նա նկուղային հարկում տարիներ ի վեր ինչ-որ աշխատանքներ է կատարում, ինչի հետեւանքով իրենց տան հիմքերն են խարխլվում, պատերին ճաքեր առաջանում: Սակայն, երբ հարեւաններից մեկն ու մեկը, փորձում է իր տարածքում մի քար շարժել, միանգամից ոստիկանություն է ահազանգում՝ թե՝ հասեք, ապօրինի շինարարություն են անում:

Մինչդեռ հենց նրա տարածքում՝ Չուխաջյան 39/5 հասցեում այս պահին էլ, բնակիչների վստահեցմամբ, ապօրինի շինարարություն է տեղի ունենում: Սակայն, երբ հարեւաններն ահազանգում են Երեւանի քաղաքապետարան եւ Աջափնյակ վարչական շրջան, վերահսկողները գալիս, տեսնում ապա գրավոր պատասխանում են, որ իրենց աշխատակիցների կողմից կատարված տեղադիտման արդյունքում փաստացի որեւէ նոր քաղաքաշինական գործունեություն չի հայտնաբերվել: Քաղաքապետարանի եւ վարչական շրջանի «պասիվությունը» կամ ապօրինությունը նկատելու չտալը, Կարինե Այվազյանի հարեւանները տարակուսելի են համարում: Ասում են՝ առաջին դեպքը չէ, որ վերահսկող մարմինները նրա կատարած գործողությունների վրա աչք են փակում: Բնակիչների խոսքով, այս պահին էլ ապօրինի կառուցված պատը՝ մետաղե ամրաններով կանգնած է, որի լուսանկարները՝ օրով ու ժամով, առկա են եւ տրամադրվել են նաեւ վերահսկողներին, սակայն վերջիններս տեղում լինելով՝ այդ կիսակառույցը չնկատելու են տվել: Բացի այդ, Կարինե Այվազյանը զբաղեցրել է շուրջ 1000 քմ տարածք, որի մի մասը երկար տարիներ անօրինական է:

«Ինչպե՞ս բացատրել, որ վերահսկողները գալիս ու «չեն տեսնում» մեր տեսածը: Ո՛չ էլ տուգանում են տարբեր տարիներին ավելի քան 250 քմ ապօրինի շենքեր կառուցած Կարինե Այվազյանին: Սակայն, երբ Չուխաջյան 37/1 հասցեում նկատում են շուրջ 5-6 քմ պատշգամբ, անմիջապես տուգանում են 400.000 դրամ, ավելին, սպառնում, որ նույն րոպեին կտուգանեն կրկնակի, եթե չհեռացնեն անգամ այդ պատշգամբի ճաղավանդակի երկաթե մի քանի ձողերը»,-քաղաքապետարանի պատասխանատուներին հարց են ուղղում Չուխաջյան 37/1 հասցեի բնակիչները։

Հատկանշական է, որ «Առավոտի» հարցմանն ի պատասխան՝ նշված հասցեում հողի եւ շինությունների իրավական կարգավիճակի մասին, Երեւանի քաղաքապետարանը նշում է, որ տեղեկություն չունեն։

Մինչդեռ բնակիչների հարցումներին ի պատասխան, 2012 թվականին Երեւանի քաղաքապետարանի Հողի վերահսկողության վարչությունից պատասխանել են, որ կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ Չուխաջյան 39/5 հասցեի ընդամենը 255.2 քմ մակերեսով հողամասն է սեփականության իրավունքով պատկանում քաղաքացի Կարինե Այվազյանին ու այդ հողամասում առկա է 46.06 քմ մակերեսով շինություն: Հիմի էլ բնակիչների բողոքներին ի պատասխան վարչական շրջանի պաշտոնյաները միայն բանավոր են ասում, որ Կարինե Այվազյանի շինությունն օրինական է: Բայց բնակիչների մոտ տարրական հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող էր օրինականացվել անվտանգության եւ քաղաքաշինական կոպիտ խախտումներով կառուցված շինությունը, որն իր մեջ է ներառել նաեւ թաղամասը սնող գազատար խողովակը:

Հողամասի մնացած հատվածն օրինական է թե ոչ, քաղաքապետարանից «Առավոտի» հարցին ի պատասխան, ոչինչ չեն պարզաբանել: Շրջանցել են նաեւ Կարինե Այվազյանի տան պատի միջով անցնող գազատար խողովակի մասին հարցը: Բնակիչների խոսքով, գազատար խողովակը Այվազյանի տան պատի միջով է անցնում: Քաղաքապետարանից հետաքրքրվել էինք՝ արդյոք կարո՞ղ է օրինական լինել գազատարը տան պատի միջով անցկացնելը, կամ տեղյա՞կ է քաղաքապետարանի, Աջափնյակ վարչական շրջանի վերահսկող բաժինը այս փաստի մասին:
«Առավոտին» տրամադրած պատասխանում քաղաքապետարանից նաեւ հայտնել են, որ ներկայում 39/5 հասցեում որեւէ քաղաքաշինական նոր գործունեություն չի իրականացվում եւ որ նշյալ հասցեի վերաբերյալ վարչական շրջանի ղեկավարը քաղաքաշինական թույլտվություն չի տրամադրել:

Սակայն հարեւանները պնդում են, որ Կարինե Այվազյանն ապօրինի շինարարություն է անում, ընդ որում՝ գիշերային ժամերին:
39/6 հասցեի բնակիչների խոսքով, գազատարի հարցով որեւէ պատկան մարմին չի զբաղվում. «Երբ գազի անվտանգության խախտման մի դեպք է լինում, փորձում են մեղավորին գտնել, մեղավորը կա, ինչո՞ւ չեք գալիս ասեք՝ ինչո՞ւ ես նման բան արել»: Հարեւանները նաեւ պատմեցին, որ Կարինե Այվազյանը, պարբերաբար, կոտրում է իր տարածքով անցնող կոյուղատարը եւ կեղտաջրերը թափվում են բաց տարածքում՝ աղտոտելով շրջակայքը. «Մի քանի բնակչի կոյուղին այդ տարածքով է անցնում, նույնը մեր տարածքի միջով, հողի տակով խողովակներով անցնում է ու շարունակում իր ճանապարհը, քանի անգամ կոտրել է կոյուղին, ասում է՝ դա փակելու է, արգելելու է՝ այդտեղով անցնի կոյուղին, բայց այդ կոյուղին 70 տարի այդտեղով է անցնում: Ամեն անգամ փորձում ենք լեզու գտնել, կոնտակտի մեջ մտնել, սարքում ենք, նորից գնում՝ կոտրում է, ասում է՝ ես դա փակում եմ ու թույլ չեմ տալիս, որ իմ տարածքով անցնի: Անցյալ տարի դրա պատճառով խոլերա էր սկսվում, ուղիղ մեկուկես ամիս այդ կեղտաջրերը լցվում էին իր հողամասի մեջ, ամբողջ տարածքով մեկ ահավոր հոտ էր տարածվել, ճանճեր, կրծողներ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. Պատրաստ ենք լսել նաեւ Կարինե Այվազյանի տեսակետը:

Լուսանկարներում՝ Կարինե Այվազյանի տարածքում գաղտնի կատարվող շինարարությունն է:

«Առավոտ» օրաթերթ
25.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031