Սաիթ Չեթինօղլուն ծնվել է Տրապիզոնում: Չեթինօղլուն մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքներ է տարել Թուրքիայի «Օզգյուր» համալսարանում, Մարդու իրավունքների կազմակերպությունում, որտեղ գրավել է նաեւ ղեկավար պաշտոն, ինչպես նաեւ՝ Անկարայի «Մտքին ազատություն» նախաձեռնությունում: Մարդու իրավունքների վերաբերյալ տեսական հրապարակումներ տպագրած «Ինսան հաքլարը յազըլարը» եւ «Ումանիտե» հանդեսների խմբագիրը լինելուց բացի, նա կատարել է նաեւ «Բելգե» եւ «Փերի» հրատարակչատների` Թուրքիայի ազգային փոքրամասնությունների վերաբերյալ գրքերի խմբագրական գործը: Նրա հեղինակությամբ են լույս ընծայվել «Բելգե» հրատարակչատան կողմից տպագրված` «Ունեցվածքի հարկը. 1942-1944 թթ.:
Տնտեսական եւ մշակութային ցեղասպանություն» վերնագրով աշխատությունը, «Փերի» հրատարակչատան կողմից տպագրված` «Զավեն պատրիարքի` մարդասպանների ցանկը. բնաջնջողները եւ առաքինի մահմեդականները» ուսումնասիրությունը: Չեթինօղլուն Ֆիքրեթ Բաշքայայի հետ միասին «Օզգյուր» համալսարանի հրատարակչության միջոցով լույս է ընծայել նաեւ «Իթթիհադականությունից դեպի քեմալիզմ. փոքրամասնությունները Թուրքիայում» գիրքը, իսկ Ռագըփ Զարաքօլուի եւ Թեոֆանիս Մալքիդիսի հետ մեկտեղ գրել է «Հունական ցեղասպանությունը. զանգվածային ոճրագործություն Պոնտոսում» աշխատությունը: Նա նաեւ մի քանի այլ գրքերի համահեղինակ է: Սաիթ Չեթինօղլուն հեղինակել է «Թուրք բուրժուազիան եւ թուրքական ունեցվածքի գաղտնի կողմը» գիրքը, որը նվիրված է հունական եւ հայկական գույքը զավթած թուրք-մուսուլմանական հարստության թեմային: Չեթինօղլուի` Միություն եւ առաջադիմություն կուսակցության, քեմալիստական ռեժիմի բնույթի, Հայոց ցեղասպանության, Պոնտոսի ցեղասպանության, ասորիների ցեղասպանության եւ այլ թեմաների վերաբերյալ հոդվածները տպագրվել են թուրքական եւ արտասահմանյան մի շարք հեղինակավոր պարբերականներում: Ներկայացնում ենք նրա հրապարակումներից մեկը:
Ընդհանրապես ընդունված է, որ Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակելու ավանդույթն սկսել է 1915 թվականի 50-րդ տարելիցին, այսինքն՝ 1965 թվականին։ Մենք, սակայն, պետության (թուրքական-խմբ.) զեկույցներից տեղեկանում ենք, որ այդ ավանդույթը շատ ավելի հին է։ Հայերն առաջին իսկ օրվանից երբեք չեն մոռացել 20-րդ դարի առաջին ամենամեծ Ցեղասպանությունը եւ վերջինիս զոհ գնացած իրենց եղբայրներին։ Որոշ աղբյուրների համաձայն՝ Ցեղասպանության զոհերին նվիրված առաջին հուշարձանը կառուցվել էր աշխարհամարտի ավարտից անմիջապես հետո, 1919 թ. Ստամբուլում (թեեւ այդ հուշարձանից հետք անգամ չի մնացել)։ Միեւնույն ժամանակ ձգտել են ամեն պատեհ առիթի պատմել հայ ժողովրդի գլխին եկածների մասին, սակայն տվյալ դարաշրջանի ռեալ պոլիտիկը թույլ չի տվել, որ այդ ճիչերը լսելի դառնան։ Ինչպես որ հայերը չէին մոռանում Ցեղասպանության մասին, նույն համառությամբ էլ նրանց զուգահեռաբար հետեւող մի ուժ կար՝ պետությո՛ւնը (թուրքական- խմբ.)։ Պետությունը, որ երբեք չմոռացավ Ցեղասպանությունից պատահաբար ողջ մնացածներին եւ նրանց զավակներին։ Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ պետությունը ամենուր եւ ամեն պահ հետեւել է հայերին, մինչեւ իսկ մի նախկին ներքին գործերի նախարարի խոսքով՝ «նույնիսկ անընդհատ ունկնդրել է հայերի սրտի զարկերը»։ Նմանապես չափազանցրած չենք լինի, եթե նշենք, որ (Թուրքիայի- խմբ.) ներքին գործերի նախարարության արխիվը լեցուն է դրա մասին դեսպանների եւ հյուպատոսների ներկայացրած փաստաթղթերով։ Ընդհանրապես ընդունված է, որ Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակելու ավանդույթն սկսել է 1915 թվականի 50-րդ տարելիցին, այսինքն՝ 1965 թվականին։ Մենք, սակայն, պետության զեկույցներից տեղեկանում ենք, որ այդ ավանդույթը շատ ավելի հին է։
Հայերն ինչպես որ ի սկզբանե սկսել են Ցեղասպանությանը զոհ գնացած իրենց եղբայրների հիշատակին նվիրված հուշարձան կառուցել, նմանապես դեռ հնուց զոհերի հիշատակի օր են որոշել եւ ավանդույթ դարձրել զոհերին ոգեկոչելը։ 1939թ. ապրիլի 14-ին Բեյրութի դեսպանության՝ «անձամբ» գրությամբ զեկույցից տեղեկանում ենք, որ հայերը ցանկացել են Ստամբուլում եղած հուշարձանի նման մի հուշարձան կառուցել այնտեղ. «Արդեն իսկ ավանդույթի էր վերածվել Համաշխարհային պատերազմի ժամանակ մահացած հայերի համար ամեն տարի ապրիլի 24-ին Լիբանանում հայերի կողմից կրոնական արարողություն կատարելը եւ այդ թեմայով ելույթներ ու ցույցեր կազմակերպելով՝ Թուրքիայի դեմ ուղղված խոսքեր արտահայտելը։
Կարդացեք նաև
Իմ ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ այս տարի այդ ամենին ավելացել են Անթիլիաս անվամբ մի լիբանանյան գյուղում, Սիրիայում, Դեր Զորում եւ Ջեզիրեում մահացած հայերին պատկանող ոսկորները թաղելու արարողությունը եւ այդ գերեզմանների վրա մի հուշարձանի կառուցումը, ինչպես նաեւ՝ զանազան շրջաններից եկող հայերի մասնակցությամբ մեծ միջոցառումների անցկացումը, որոնց ընթացքում կհնչեն Թուրքիայի դեմ ուղղված թշնամական ելույթներ, այդ ուղղությամբ նախապատրաստական եւ կազմակերպչական աշխատանքները ղեկավարվում են Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի օգնական Սարաչյանի (նկատի ունի 1939 թ. վախճանված Անթիլիասի Սահակ Բ կաթողիկոսին փոխարինած ընդհանուր փոխանորդ Պետրոս Սարաճյանին- խմբ.) հսկողության տակ գտնվող մի հայկական կոմիտեի կողմից»։ Հարկ չկա նշելու, որ (Թուրքիայի- խմբ.) արտակարգ եւ լիազոր դեսպանն անմիջապես անվտանգությանն էր դիմում՝ այդ հիշատակի արարողություններին եւ հուշարձանի կառուցմանը արգելք լինելու համար։ Որպես ռեֆլեքս՝ նա շունչն առնում էր Գերագույն կոմիսարությունում՝ դրության մասին այն ժամանակվա մանդատային իշխանությանը հաղորդելով։ Դամասկոսի հյուպատոսությունը եւս 1939 թ. մայիսի 4-ին հղված իր գրության մեջ հաղորդում է, որ հիշատակի արարողությունն իրականացվել է Լիբանանի ներքին գործերի նախարարի նախագահության ներքո, եւ որ մայիսի 6-ին զոհերի հիշատակը հարգելու համար նախկին տարիների համեմատ ավելի ակտիվ պատրաստություն էին տեսնում։ Սույն զեկույցից նաեւ հասկացվում է, որ հյուպատոս Հուման Մենեմենջիօղլուն ակնդետ հետեւում էր իրավիճակին։
«Մի քանի օր առաջ Համաշխարհային պատերազմի ժամանակ Անատոլիայում կատարված հայկական փոխադարձ կոտորածի տարելիցի արարողությունն իրականացրեցին Բեյրութում, ինչպես նախկինում էլ հայտնել էի, Լիբանանի ներքին գործերի նախարարի ղեկավարության ներքո։ Հիմա էլ թե՛ Լիբանանում, թե՛ Սիրիայում նախկին տարիների համեմատ ավելի ակտիվ կերպով են նախապատրաստվում «Մայիսի 6-ի զոհերի» տարելիցի արարողության համար։
Վարչապետ (Սիրիայի- խմբ.) Նասուհ բեյ Ալ-Բուհարին երեկ երեկոյան կողմ եկավ հյուպատոսարան եւ մի ժամ մնաց այստեղ։ Արտգործնախարար Հալիդ բեյ Ալ-Ազիմն էլ քանի որ ուղեկցում էր նրան, մեր խոսակցությունը ընդհանուր թեմաների շուրջ եղավ, եւ երկուստեք խուսափեցինք քաղաքական շփումից։ Խորին հարգանքներով»։ Բեյրութի գլխավոր հյուպատոսության կողմից հղված առաջին գրությանը հավելյալ ուղարկված զեկույցում, որը թվագրվում է 1939 թ. մայիսի 10-ի ամսաթվով, հաղորդվում է, որ թեեւ հիշատակի արարողությունն իրականացվել է, սակայն հուշարձանի կառուցումը՝ ոչ։ «Իրականացված հետաքննության համաձայն՝ ապրիլի 24-ին Սիրիայի եւ Լիբանանի զանազան շրջաններից եկած հայերի մասնակցությամբ Անթիլիասում տեղադրվելիք հուշակոթողի կառուցումը չեղարկվել է, եւ դրա կապակցությամբ նախատեսվող ելույթներն ու ցույցերը եւս տեղի չեն ունեցել։ Հայկական Դաշնակցության կոմիտեն հայերին ուղղված հաղորդագրության մեջ հայտնել է, որ հուշարձանի տեղադրումը եւ դրա կապակցությամբ ցույցերը տեղափոխվել են մեկ այլ ժամանակվա։
Ապրիլի 24-ին բավարարվել են Լիբանանի զանազան հայկական եկեղեցիներում Համաշխարհային պատերազմի զոհերի համար կրոնական արարողություններ անցկացնելով։ Թեեւ 1-2 տեղական հայկական թերթերում հաղորդվել էր, թե այդ արարողություններից մեկին մասնակցելու եւ մինչեւ իսկ ելույթով հանդես է գալու Լիբանանի ներքին գործերի նախարար Հաբիփ Աբի Շահլան, սակայն մեր կողմից կատարված հետաքննությունը ցույց է տվել, որ Լիբանանի կառավարությունից ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ ներկա չի գտնվել վերոհիշյալ կրոնական արարողությանը։
Այդ գործում գերագույն կոմիսարության կողմից մեր ազդեցության արդյունքում ձեռնարկված կանխարգելիչ միջոցների շնորհիվ դաշնակցականները վիրավորված են ֆրանսիացիներից, եւ կրոնական արարողությունից հետո վերոնշյալ կոմիսարության ղեկավարներից կոմս դը Լյոսը կաթողիկոսի օգնական (ընդհանուր փոխանորդ- խմբ.) Սարաչյանին անձամբ այցելելով՝ աշխատել է ձեռնարկված միջոցները քաղաքականապես հիմնավորել եւ իր բարեկամության մասին հավաստիացումներ տալով՝ ձգտել է սիրաշահել նրան։ Խորին հարգանքներով»։ Բեյրութի գլխավոր հյուպատոսությունը, ի տարբերություն Դամասկոսի հյուպատոսության, հայտնում է, որ արարողությանը ոչ մի պաշտոնյա չի մասնակցել, եւ որ դա եղել է իր ազդեցության շնորհիվ։ Նա եւս հավելում է, որ դարձյալ մի պաշտոնյա այցելել է Սարաչյանին՝ վերջինիս սիրտը շահելու նպատակով։
Ինչպես տեսնում ենք, հայերը 100 տարուց ավելի տեւած մի հոգնեցուցիչ գործընթաց շալակած՝ հասել են մեր օրեր։ Դեռ շարունակվում են հայ ժողովրդի դիմադրությունը եւ (թուրքական-խմբ.) պետության անիմաստ համառությունը։
Թարգմանեց
Մելինե ԱՆՈՒՄՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
25.03.2022