2021 թվականի հունվարի 30-ին դատապարտյալ Կ. Մ-ի կողմից կատարած ինքնասպանության փորձը կանխվել էր քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող կալանավորված անձ Ն. Խ.-ի հետ եւ պարզել, որ վերջինս ունի առողջական խնդիրներ՝ հեպատիտ C, ոտքը վիրահատված՝ ամրակցված է մետաղական ձողով, ունի նաեւ շիզոֆրենիա, որի կապակցությամբ ընդունում է դեղորայք։
Նա նաեւ դիմել էր ՔԿՀ-ին՝ մեթադոնային ծրագրում ընդգրկվելու համար, բայց մինչ հանդիպման պահը հարցի լուծման վերաբերյալ տեղեկատվություն չուներ։ Նա հայտնել է, որ լյարդի հետ կապված խնդիրներ ունի, որոնք սրվել են հացադուլի պատճառով, սակայն որեւէ ստուգում չի անցել։ Դիտորդների խմբի անդամներն առանձնազրույց են ունեցել նաեւ ազատազրկված Ս.Մ.-ի հետ, ով կուլ էր տվել դանակ եւ մկրատի պոչ, եւ ցանկանում էր տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Ս.Մ.-ն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Դիտորդները հարցը քննարկել են հիմնարկի պետի հետ: Անդրադառնալով Ս.Մ.-ի հարցին՝ նախարարությունից հայտնել են, որ նա, ստամոքս-աղիքային տրակտի մետաղական օտար մարմինների առկայությամբ պայմանավորված, գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ Հիմնարկում տեղակայված ստորաբաժանման անձնակազմի (այդ թվում նաեւ հոգեբույժի) դինամիկ հսկողության տակ: Ներկա պահին ստացիոնար հետազոտությունների անհրաժեշտություն չկա:
Դիտորդների խումբը բազմիցս բարձրաձայնել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկում տիրող անմարդկային պայմանների մասին, սակայն շարունակում է ականատես լինել դրանց շահագործմանը։ Ուստի, կրկին անգամ առաջարկում է դադարեցնել Հիմնարկի առաջին հարկի խցերի շահագործումը կամ հիմնանորոգել դրանք (մինչեւ հիմնանորոգման ավարտը այդ խցերը չշահագործել):
ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխան գրությամբ տեղեկացրել են, որ Հիմնարկի խցերի վերանորոգման աշխատանքներն ընդգրկված են 2022 թվականի ընթացիկ նորոգման աշխատանքների ցանկում:
«Առավոտ» օրաթերթ
25.03.2022