Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես վերականգնել հիշողությունը եւ տեղեկատվությունը ճիշտ դասավորել գլխուղեղի «դարակներում»

Մարտ 26,2022 12:30

Հիշողության զարգացման մարզիչը «փակագծեր» է բացում

Ինչո՞ւ տարրական բաներ չենք կարողանում հիշել, ինչո՞ւ է ամենակարեւոր պահերին մեր հիշողությունը «դավաճանում» մեզ: Ի՞նչ էր այս մարդու անունը, կամ որտե՞ղ եմ տեսել այս դեմքը… Շատերս ենք բախվում նման խնդրի, որը պարզվում է՝ կարելի է լուծել՝ Հայաստանում վերջերս կիրառվող հիշողության զարգացման դասընթացի շնորհիվ, որը բավականին տարածված է «դրսում»: Այն հոգեբանական հիմքերով մանկավարժական դասընթաց է:

«Կանա» հոգեբանական կենտրոնի հիմնադիր-տնօրեն, հոգեբան, հիշողության զարգացման մարզիչ Էլիզա Մանուկյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ այն թեմային, թե ինչու հաճախ չենք կարողանում հիշել ամենատարբեր տեղեկատվություն: Նա ասաց, որ ինքը եւս ժամանակին ունեցել է նման խնդիր. «Ես չէի հիշում, թե ինձ հետ ինչ էր կատարվել մի քանի տարի առաջ, ու երբ ընկերներս պատմում էին, ուրախությամբ էլ լսում, բայց զարմանում էի՝ լավ, ինչո՞ւ ինքս չեմ հիշում, հատկապես որ առողջական որեւէ խնդիր չունեմ: Պարզվեց, որ դրա համար հմտություններ ու մեթոդներ են անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի հիշողությունը կարգավորել»:

Էլիզա Մանուկյանի խոսքով. «Եթե խոսքը կլինիկական ծանր դեպքի մասին չէ, հիշողությունը հնարավոր է վերականգնել: Այսօր ամեն երկրորդը բողոքում է հիշողությունից՝ ոչ կլինիկական դեպքերից ելնելով: Կլինիկականի դեպքում մարդկանց հետ աշխատում ենք, որպեսզի պահպանի այն, ինչ մնացել է»:

«Կանա» կենտրոնի հիմնադիրը նշում է, որ հաճախ մեզ «նեղություն» չենք տալիս հիշելու զանազան տեղեկատվություն, քանի որ այն ցանկացած պահի կարող ենք գտնել համացանցում, օրինակ՝ չենք հիշում հեռախոսահամարները, ծննդյան տարեդարձները, զանազան ցուցակներ, քանի որ այդ ամենը մեր փոխարեն հեռախոսն է «հիշում»: Նա փաստում է, որ հեռախոսով անկանոն թերթում ենք լուրեր, ընկերների «նյուզֆիդերը», ու քաոտիկ տեղեկատվական տեղատարափի արդյունքում տուժում է մեր հիշողությունը: Հիշողությունը տուժում է մեր ամենօրյա միանման գործողություններից, այն պատճառով, երբ ունենում ենք նույնանման, իրարից չտարբերվող օրեր:

«Հիշողությունը մարզելու համար համապատասխան դասընթաց ունենք: Օրինակ, սմարթֆոններով հիշողության մարաթոնը: 4-5 դասընթացի արդյունքում մարդկանց մոտ բավականին լավանում է հիշողությունը: Երբ սկսում ենք դասընթացը, ոմանց մոտ թերահավատություն է լինում՝ արդյոք դա կօգնի՞ իրենց: Բայց հաճելի համալիր վարժությունների արդյունքում՝ 4-5 դասից հետո սկսում են նկատել զգալի փոփոխություն: Մի քանի տարբերակներ կան չափահասների համար՝ հեռախոսային մարաթոն. WhatsApp-ով փակ խումբ ենք բացել: Սա շատ հարմար է հատկապես այն մարդկանց համար, որոնք կազմակերպված են եւ կարող են շաբաթական երկու օր՝ կես ժամ հատկացնել ուսմանը:

Ի տարբերություն խմբային տարբերակի՝ սմարթֆոնը չի պարտադրում հստակ օր եւ ժամ՝ դասին միանալու համար: Օնլայն խմբային տարբերակ եւս ունենք, նաեւ կենտրոն են գալիս խմբային տարբերակով»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրանից տեղեկացանք, որ 2 տարեկանից սկսած մասնակցում են դասընթացին, փոքրիկների համար դա օգտակար է՝ մանկապարտեզում ստացած տեղեկատվությունը ճիշտ ընկալելու համար, հատկապես օգտակար է նախադպրոցական տարիքի երեխաներին, որոնք դպրոց գնալիս շատ ավելի լավ առաջադիմություն են ցուցաբերում: Դասընթացը դպրոցականներին էլ օգնում է տեղեկատվությունը ճիշտ դասավորել գլխուղեղի «դարակներում» եւ հարկ եղած դեպքում հանել եւ օգտագործել:

Պարզեցինք, որ հիշողության զարգացման դասընթացի տարիքով ամենամեծ աշակերտը 88 տարեկան է: «Շատ կարեւոր է, որ մարդ ամեն տարիքում ինչ-որ նոր բան սովորի, որպեսզի ուղեղը թարմ պահի»,- կարծում է մասնագետը: Էլիզա Մանուկյանից տեղեկացանք նաեւ, որ կենտրոնը Հայաստանի սահմաններից դուրս գտնվողների հետ էլ է աշխատում: Ինչ վերաբերում է սմարթֆոններով դասընթացի տարբերակին, մեր զրուցակցի խոսքով, ընտանիքի մեկ անդամ կարող է գրանցվել եւ մյուս անդամներն էլ հնարավորություն ունենան պարապելու. «Ունենք այդպիսի մայրիկ, որը գրանցվել է եւ երեխաների հետ միասին պարապում է»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Էլիզա Մանուկյանի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ
25.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031