Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չնայած շենքային պայմաններին՝ Վանաձորում թատերական կրթությունը լավ հիմքերի վրա է

Մարտ 26,2022 12:00

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը վերջին տարիներին սպասելի ակտիվությամբ առաջ է գնում՝ ունենալով հաջողություններ թե՛ ներբուհական առումով, թե՛ ուսումնառության համատեքստում:

Մասնաճյուղի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, Լեւոն Շանթի անվան մրցանակի դափնեկիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի ջանքերով զգալի բարեփոխումներ եղան մասնավորապես կրթական որակի բարձրացման հարցում. բուհը համալրվեց նոր, բարձրակարգ մասնագետներով, տաղանդավոր ու երիտասարդ դասախոսներով: «Առավոտին» բուհից հայտնել են, որ վերջին տարիներին կարեւորում են նաեւ գնահատման կուլտուրան. խրախուսվում են թե՛ լավագույն ուսանողները, թե՛ դասախոսները:
Միակ խոչընդոտն այժմ 2019 թվականից սկսած շենքի վերանորոգումն է. շինարարական աշխատանքները ձգձգվում են տարբեր պատճառներով, թեեւ, ըստ շինարարների, 2022 թվականի սեպտեմբերին շենքը հանձնած կլինեն:

ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղն ունի ռազմավարական նշանակություն Լոռու մշակութային կյանքում: Նախ միակ մշակութային բուհն է, որն ունի «Դերասանական արվեստ», «Թատերական ռեժիսուրա» եւ «Պարարվեստ» բաժինները: Բուհի շրջանավարտները համալրում են Լոռու մայր թատրոնի՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնի շարքերը, քաղաքապետարանի տիկնիկային, «Բոհեմ» թատրոնների, Վանաձորի «Հորովել» երգի, պարի անսամբլի, Ալավերդու քաղաքային թատրոնի, Լոռու տեղական հեռուստաընկերությունների, մարզպետարանի ու քաղաքապետարանի մշակույթի բաժինների շարքերը եւ այլն: Տավուշի եւ Լոռու բազմաթիվ երիտասարդների համար ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղն ուղղակի փրկություն է բարձրագույն կրթություն ստանալու համար, քանի որ մայրաքաղաքում ուսանելը հաճախ անհնարին է նրանց համար, մասնավորապես՝ սոցիալական առումով:

Նշենք, որ բուհը համագործակցում է բազմաթիվ մշակութային օջախների ու հեռուստաընկերությունների հետ, կազմակերպում վարպետության դասեր ու հանդիպումներ: Կրթության որակն, ըստ մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանի, առաջնայինն է:

Վերջերս ԵԹԿՊԻ մասնաճյուղում տեղի ունեցավ Աղասի Այվազյանի «Դեկորներ» աբսուրդի դրամայի ցուցադրությունը, որը «Դերասանական արվեստ» բաժնի 4-րդ կուրսի ուսանողների դիպլոմային աշխատանքն էր (կուրսի ղեկավար եւ բեմադրիչ՝ Անի Գեւորգյան): Հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց ներկայացումը: Այս պահին բեմադրվում է նաեւ պարային մեծամասշտաբ ներկայացում:
Ակտիվ համագործակցություն է սկսվել ԵԹԿՊԻ Վանաձորի եւ Գյումրու մասնաճյուղերի միջեւ: Վանաձորի մասնաճյուղի դասախոս Գոհար Քոչինյանը «Պարարվեստ» առարկայի շրջանակում վարպետության դաս վարեց Գյումրիում, իսկ Գյումրու մասնաճյուղի դասախոս Ս. Ղուկասյանը հանդիպում-վարպետության դաս ունեցավ Վանաձորի ուսանողների համար:

Օրերս էլ ամերիկյան թատրոնի խաղային ժամանակակից մեթոդների կիրառման հմտություններով ու թրեյնինգներով ՋԵՆՆԻ ԳՐԻՆՄԻԼԼԵՐԸ եւ ԼՈՒՍԻԼ ԴՈՈՒՍՈՆԸ ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի ուսանողների համար անցկացրին վարպետության երկօրյա դասեր: Նրանց հետ էին նաեւ «Միհր» թատրոնի արտիստները: Հյուրերը Վանաձորի մասնաճյուղի ուսանողների աշխատանքը բարձր գնահատեցին:

Մասնաճյուղերի աշխատանքը մեծագույն կարեւորություն ունեն մայրաքաղաքի մշակութային կյանքն ապակենտրոնացնելու եւ մարզերում արվեստը զարգացնելու կարեւորագույն հարցը լուծելու համար:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031