Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոստյումներով» ու «բուշլատներով» պայքարել ենք մեկ նպատակի համար՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման

Մարտ 26,2022 14:30

«Հարցը մեկ հիմնական իրավունքի ներքո է՝ ինքնորոշման իրավունքի, իսկ այլ «իրավունքներ եւ ազատություններ», ցավոք, կարող են պաշտպանվել եւ առանց անկախ պետություն ունենալու կարգավիճակի»,- «Առավոտի» զրուցակիցն է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Կարապետյանը:

– ՌԴ-ն դուրս եկավ Եվրախորհրդից, աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում չի բացառվում, որ ՌԴ-ն նաեւ ԵԱՀԿ-ից դուրս կգա. համենայնդեպս, նման մտավախություններ կան: Ի՞նչ հետեւանքներ դա կունենա, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն Արցախի հարցի բանակցային ձեւաչափն է, միակ հարթակն էր, որտեղ գերտերությունները համագործակցում էին՝ առանց տարաձայնությունների:

– Ռուսաստանի եւ Արեւելքի վաղեմի լարվածությունը մտել է շոշափելի կտրուկ քայլերի փուլ, եւ Եվրոպայի խորհրդից ՌԴ դուրս գալը քաղաքական տեսանկյունից բավականին ծանր քայլ էր: Դեռեւս 2014-ից, երբ Եվրոպան բացահայտ մեղադրեց Ռուսաստանին, անվանելով Ղրիմի միացումը ՌԴ-ին բռնակցում՝ անեքսիա, այդ ժամանակներից քաղաքական երկխոսություն Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ չստացվեց՝ կողմերի կարծիքները, փաստարկները, մոտեցումները ընդունվեցին միակողմանի, եւ ժողովրդավարության բնօրրան համարվող ԵԽ-ում ցանկացած այլ կարծիք, որը տարբերվում էր համատարած հակառուսականությունից, սկսեց համարվել մովետոն, իսկ կարծիք արտահայտողը կարծես դուրս էր մնում «ժողովրդավար մեծ ընտանիքից»: Բնական է, որ միմյանց չլսելու այս գործելաոճն, ի վերջո, հանգեցրեց սուր զարգացումների, ինչը եւ բերեց այս պատերազմի: Մի պատերազմի, որը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ է՝ Ուկրաինայի տարածքում:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ից Ռուսաստանի հնարավոր դուրս գալուն, ապա, իհարկե, այն խիստ խնդրահարույց կլինի մեզ համար, առավել եւս, որ ներկա իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության «վերագործարկումը», քանի որ վերջին շրջանում բանակցային գործընթաց ուղղակի չկա: Ռուսաստանի դուրս գալով, եթե այն վերջնական չդադարի գոյություն ունենալուց, ապա կարող է երկրների ձեւաչափը փոխվել, ինչը կրկին լի է մարտահրավերներով: Չմոռանանք նաեւ, որ Թուրքիայի բաղձալի երազանքներից է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության փոփոխությունը: Սակայն ես հույս ունեմ, որ այն գործիքակազմը, որը Ռուսաստանը կիրառեց Եվրոպայի հանդեպ, հայտարարելով, որ դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի բոլոր կառույցներից՝ ԵԽԽՎ, Նախարարների կոմիտե, ՄԻԵԴ, անգամ նշվեց, որ վերապահումներ կարվեն Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոնվենցիայի նկատմամբ, նաեւ սրան գումարենք, որ Ռուսաստանը վճարում էր Եվրոպայի խորհրդի բյուջե բավականին մեծ գումար, կարծում եմ, որ այս ամենը բավարար է ծառայելու իբրեւ Եվրոպային ուղարկված ուղերձ եւ ԵԱՀԿ անդամակցությունը կպահպանվի:

– Ի հեճուկս Բաքվից հնչող տեսակետի, թե ԱՄՆ-ը, թե Ֆրանսիան հայտարարել են, որ Արցախի հարցը լուծված չեն համարում: ՌԴ-ին նույնպես ձեռնտու չէ հարցի այսկերպ լուծումը, ավելին, ՌԴ-ին առավել ձեռնտու է կոնֆլիկտի հավերժական սառեցումը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա մշտապես լծակ ունենալու համար: Հետեւաբար, ի՞նչ զարգացումներ եւ լուծումներ են հնարավոր:

– Արցախյան հարցի խաղաղ եւ հայանպաստ կարգավորման համար նախ եւ առաջ հարկավոր է հայկական կողմերի դիրքորոշման հստակ ձեւակերպում, մեր շահերի հստակ ներկայացում, կարմիր գծերի սահմանում: Ցավոք, իշխող ուժի կողմից, որը ենթադրվում է, որ բանակցային գործընթացում փաստացի ներկայացնելու է հայկական երկու պետությունների շահերը, վերջերս հաճախ հնչում են ահասարսուռ արտահայտություններ՝ ընդհուպ մինչեւ Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում քննարկելու տեսքով: ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի վերջին հայտարարությունները, ինչպես նաեւ Ռուսաստանի ներկայությունը մեր տարածաշրջանում, իհարկե, հետապնդում են իրենց սեփական երկրների շահերը, բայց մենք պետք է բավարար հմտություն ունենանք այս իրավիճակում խուսանավելու եւ շահեկան արդյունքներ ստանալու համար: Արցախի հիմնահարցը փակված չէ, ամեն բան կորած չէ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջին հերթին, նաեւ՝ միջազգային այլ կարեւորագույն կազմակերպությունների հետ գրագետ աշխատանքի դեպքում, դեռ հնարավոր է հասնել հաջողության: Բայց այս իշխանությունն այն ուժը չէ, որ տանելու է մեզ Արցախի խնդրի միակ շահեկան լուծմանը՝ նրա անկախության ճանաչմանը՝ առնվազն նախկին ԼՂԻՄ սահմաններով: Դրա համար այն չունի բավարար կամք, հմտություններ եւ գուցե ցանկություն:

– «…առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային եւ հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները եւ ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների»,- ասել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Ադրբեջանի՝ Հայաստանին փոխանցած 5 կետերին, որոնք տեսնում են հարաբերությունների կարգավորման հիմքում: Արարատ Միրզոյանի, հետեւաբար, ՀՀ-ում իշխող ուժի համար այդ առաջարկություններում անընդունելի բան չկա: Ծանրակշի՞ռ է հայկական կողմի այս առարկությունը, որը, փաստորեն, արտացոլում է հայկական օրակարգը:

– Տարիներ շարունակ մենք երկու ճակատներում՝ դիվանագիտական եւ ռազմաճակատում, «կոստյումներով» ու «բուշլատներով» պայքարել ենք մեկ նպատակի համար՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման եւ այդ իրավունքի հիման վրա ստեղծված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար: Արտաքին գործերի նախարարի պնդումը, թե «… մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների», շատ մտահոգիչ է, հատկապես պատերազմից հետո ստեղծված իրավիճակի լույսի ներքո, երբ Արցախի Հանրապետության շատ բնակավայրեր ուղղակիորեն բռնազավթված, օկուպացված են Ադրբեջանի կողմից՝ Շուշին, Հադրութը, Թալիշը, Մատաղիսը, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու մի շարք գյուղեր, եւ այս ցանկը, ցավոք, մեծ է: Այո, հարցը ներկայումս դարձել է նաեւ «տարածքային», իսկ «իրավունքներ» ձեւակերպումն ինձ համար անհասկանալի է: Հարցը մեկ հիմնական իրավունքի ներքո է՝ ինքնորոշման իրավունքի, իսկ այլ «իրավունքներ եւ ազատություններ», ցավոք, կարող են պաշտպանվել եւ առանց անկախ պետություն ունենալու կարգավիճակի: ԱԳ նախարարն այն պետական պաշտոնյան է, որ առավել ուշադիր պետք է լինի ամեն մի արտասանած բառի եւ արտահայտած միմիկայի նկատմամբ: Ավելին՝ Ադրբեջանի կողմից գաղտնազերծված 5 կետերից մեկը ենթադրում է «միմյանց նկատմամբ տարածքային հավակնությունների բացառում՝ նաեւ ապագայում», եւ այս պահանջը պետք է ստանա իրավական հաստատում: Ստացվում է, Ադրբեջանը փակում է անգամ ապագայում Արցախի հարցի բարձրացման որեւէ հնարավորություն:

Այն փաստարկը, թե Արցախը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ (ինչն իրոք այդպես է պատմական փաստերի եւ իրադարձությունների ճիշտ ներկայացման դեպքում), այս իշխանությունների օրոք՝ ծնկած եւ պարտված Հայաստանի եւ հաղթանակած թուրքական երկու պետությունների հարաբերություններում կարծես թե կորցնում է իր ուժը:

– «Շոշափելի պայմանավորվածություն ձեռք չբերվեց, բայց կողմերը վերահաստատեցին, որ շարունակում են երկխոսել առանց նախապայմանների՝ նպատակ ունենալով իսկապես բացել սահմանները։ Տակտիկական առումով տարբերություններ կան կողմերի միջեւ, բայց վերբալ մակարդակով երկուսս էլ հաստատում ենք, որ վերջնարդյունքը սահմանների բացումն է։ Այդ համատեքստում խնդիրներն էլ ենք քննարկել, որ դյուրացնենք առեւտրային ոլորտում գործող մեր հայրենակիցների կյանքը»,- սա Արարատ Միրզոյանի պարզաբանում-բացատրությունն է՝ Անթալիայի դիվանագիտական ժողովում իր մասնակցության արդյունքների մասին, որը քննադատվեց եւ ծաղրի ենթարկվեց Հայաստանում: Ընդունեք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ կոմունիկացիաների ապաշրջափակումը դեռ պրոթուրքական քաղաքականություն չէ, ինչում մեղադրում են գործող իշխանություններին:

– Անթալիայի դիվանագիտական համաժողովին Հայաստանի մասնակցության նպատակն ինձ համար անհասկանալի է, քանի որ մենք չունեինք այնտեղ մեր օրակարգը, օրինակ՝ չկար Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին հրապարակային հայտարարություններ, Արցախի բնակավայրերի օկուպացիայի մասին հիշատակումներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մեր տարածքներում պատմամշակութային ժառանգության ոչնչացման մասին ահազանգներ եւ այլ, չկար այս երկու պետություններին մեղադրանք՝ 44-օրյա պատերազմի ժամանակ արգելված զինատեսակներ կիրառելու, օտարերկրյա վարձկաններ ներգրավելու, խաղաղ բնակչությանը ռմբակոծելու, ռազմագերիներին մինչ օրս չվերադարձնելու մասին: Եթե նպատակը մի քանի երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումներն էին, կարելի էր այդ հանդիպումներն անցկացնել այլ ձեւաչափով կամ այլ վայրում: Արդյունավետության մասին կաշխատեմ լռել, սակայն եթե խոսենք կոնկրետ Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին, ապա ի հակադրություն Միրզոյանի պնդման, թե գործընթացն առանց նախապայմանների է, Թուրքիայի ԱԳ նախարարն, օրինակ, նշել է, որ Հայաստանին առաջարկվել է ընդունել Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկները: Չմոռանանք, որ հենց Թուրքիան է խզել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, փակել ճանապարհները, եւ հիմա այդ ամենը վերականգնելու համար մեզ պայման թելադրելը առնվազն զարմանալի է:

Ես ունեմ խորին համոզմունք, որ քանի դեռ միջազգային ատյաններում Թուրքիան եւ Ադրբեջանը պատասխան չեն տվել իրենց ռազմական հանցագործությունների համար, նրանց հետ որեւէ «խաղաղության» մասին բանակցելը նշանակում է ինքնակամ հրաժարվել այս պետությունների կողմից մեր նկատմամբ իրականացրած հանցագործությունների միջազգային պատժից:

– Տեսակետ կա, որ ընդդիմադիր շրջանակները մանիպուլացնում են եւ քարոզչական հնարաքներ են գեներացնում՝ Հայաստանի վիլայեթացման առիթով, որպեսզի պետությունը մղեն ՌԴ-Բելառուս Միութենական պետություն: Ի դեպ, իշխանական շրջանակներից հստակ հայտարարել են, որ որեւէ միությանը միանալու օրակարգ չունեն, մինչդեռ ընդդիմությունը դեմ չի արտահայտվել Միութենական պետության կազմին Հայաստանի անդամագրվելուն: Տպավորություն է, որ Հայաստանի ինքնիշխանությունն աճուրդի է հանվել: Չկա՞ երրորդ՝ անկախ պետությունը պահպանելու տարբերակ:

– Չեմ կարծում, որ մանիպուլյացիաներով որեւէ քաղաքական ուժ կարող է հաջողության հասնել կամ այդ հաջողությունը երկար պահել: Բայց եւ փաստ է, որ ներկայումս մեր տարածաշրջանում բախվում են բացառապես Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը, եւ ներկա իրավիճակում Հայաստանը չի անում եւ ոչ մի քայլ՝ սեփական սուբյեկտայնությունն ու կշիռը բարձրացնելու համար: Քաղաքագիտական աքսիոմ է՝ պարտված ուժը եւ կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը պետք է հեռանան, այլապես լսելի չեն կարող լինել լուրջ շրջանակներում:

Երրորդ տարբերակ իհարկե կա՝ նոր, ուժեղ, բանիմաց, հայրենասեր եւ պրոֆեսիոնալ իշխանություն է պետք: Արեւմուտքի հետ բանակցել է պետք, Ռուսաստանի հետ բանակցել է պետք, կշիռն է պետք վերադարձնել: Կար ժամանակ, երբ անձամբ եմ ականատես եղել, թե ինչպես են մեզ ԵԱՏՄ միանալուց հետո եւ Եվրոպայի հետ ճիշտ երկխոսության արդյունքում նույն Եվրոպայի խորհրդում ներկայացնում, իբրեւ կոմպլեմենտար քաղաքականության՝ «եւ-եւ»-ի լավ օրինակ:

– Վերջին շրջանում Հայաստանում նոր տենդենց է կարծես նկատվում՝ ընդդիմադիր տարբեր դաշտերն են սկսում մեղադրանքներ հնչեցնել միմյանց նկատմամբ՝ կոնսոլիդացվելու փոխարեն: Ցավոք, տպավորություն էր, որ ընդդիմությունն աջակցեց այս իշխանությանը՝ 2021-ի արտահերթ ընտրություններում վերարտադրվելու համար, եւ հիմա էլ շարունակում է աջակցել՝ իշխանությունը պահպանելու գործում: Ի՞նչ պետք է անի հասարակությունն այս իրավիճակում:

– Բնականաբար, հստակ է, որ այս արտահերթ ընտրությունները միայն ու միայն ամրապնդեցին իշխող ուժի դիրքերը, եւ հակառակ պարագայում վստահաբար այն իրեն կսպառեր մինչ հաջորդ տարի՝ հերթական ընտրություններ: Այս առումով միանշանակ պետք էր ամեն ինչ անել, որպեսզի այդ ընտրությունները չկայանային: Բայց մյուս կողմից, չկա որեւէ երաշխիք, որ ընդդիմադիր ուժերի բոյկոտի եւ չմասնակցելու դեպքում չէր անցկացվի ընտրությունների բեմականացում՝ «գրպանային կուսակցությունների» մասնակցությամբ: Մենք ապրում ենք դասական «խառնակ ժամանակներ», եւ հասարակության պառակտվածությունը, շատ դեպքերում նաեւ անվստահությունը եւ անտարբերությունը կործանարար են մեր ինքնիշխանության համար: Այսպիսի ժամանակներում ուղղակի աններելի է լինել նախկին, ավելի նախկին, ամենանախկին, նոր, հին, սեւ, սպիտակ, հիմա հստակ պիտի լինենք հայեր եւ ոչ հայեր, մեր հող ու ջրի, մեր երկրի ու պետության տեր կամ՝ այլ ուժերի սպասարկու: Մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր երկրին:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031