«Ըստ քաղաքական կայունության ցուցանիշի՝ ԵԱՏՄ-ում առաջին տեղում է Բելառուսը, որին հաջորդում է Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, և վերջին տեղում Ռուսաստանն է»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «ԵԱՏՄ երկրների քաղաքական կայունության մարտահրավերները. քաղաքական գործոնների ինդեքսը» թեմայով միջգիտակարգային հետազոտության հեղինակ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Արուսյակ Ալեքսանյանը:
Մարտի 25-ին ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցավ հետազոտության շնորհանդեսը, որին մասնակցեցին ՀՀ-ում Չեխիայի, Բուլղարիայի , Ֆրանսիայի, ՌԴ-ի, Բելառուսի դեսպանատների, ակադեմիական շրջանակների, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Հետազոտության մեջ վերլուծված են Եվրասիական տնտեսական միության կայունության և եվրասիական ինտեգրման ընթացակարգերը: Քաղաքական համակարգի կայունության ինդեքսի մեթոդաբանության միջոցով համեմատական վերլուծության են ենթարկված ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքական կայունության և ինտեգրման նոր օրակարգի քաղաքական գործոնները: Աշխատությունն ընդգրկում է նաև ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքական կայունությունը պայմանավորող մի շարք գործոնների համակողմանի ուսումնասիրությունները 2000-2019 թվականներին։
Կարդացեք նաև
Հետազոտությունը բաղկացած է երկու մասից: Առաջինը ներերկրային ուսումնասիրություններն են, որի շրջանակում գնահատվել է ԵԱՏՄ առանձին անդամ պետությունների քաղաքական կայունությունը՝ 2000-2019-ի կտրվածքով, դուրս են բերվել հիմնական միտումները, վայրիվերումները: Երկրորդ մասով կատարվել է միջերկրային վերլուծություն, որով սանդղակավորվել են ԵԱՏՄ անդամ պետությունները՝ ըստ քաղաքական կայունության:
Արուսյակ Ալեքսանյանը ցուցանիշների առիթով մանրամասնեց. «Եթե փորձենք դասակարգումով անդրադառնալ, բացառությամբ Ռուսաստանի՝ ԵԱՏՄ բոլոր անդամ պետություններն ըստ քաղաքական համակարգի կայունության՝ ունեն միջին մակարդակի կայունություն, և միայն Ռուսաստանն է, որի արդյունքները գտնվում են բացասական տիրույթում: ՌԴ-ն պատկանում է բավականին ցածր կայունությամբ պետությունների շարքին»:
Հետազոտության հեղինակը ՌԴ-ի նման ցուցանիշը պատահական չի համարում, քանի որ այն հակամարտությունները, որոնցում այդ երկիրը ներկայացված է, պատժամիջոցները, բնականաբար, բացասաբար են ազդում պետության քաղաքական համակարգի վրա:
Արուսյակ Ալեքսանյանն ասաց՝ քանի որ տվյալները մինչև 2019-ն են, արդեն հասկանալի է, որ 2020-ի իրավիճակը ևս ամփոփ կդիտարկվի: Բայց միևնույն ժամանակ նշեց. «Դեռ այն ժամանակ, երբ պատերազմը չկար, մենք կանխատեսումներ արեցինք, որ սկսած 2016-ից անկումները բավականին շատ են: Ընդորում, դրա հաճախականությունը չէ, այլ դրանց խորությունն է անհանգստացնող: Օրինակ՝ 2016-ին ինդեքսի շատ խորը անկում կար՝ կապված ՊՊԾ գնդի գրավման, պատերազմի հետ, 2018-ին ունեցանք հեղափոխություն, և այդ խորը տատանումները մեզ արդեն հուշում էին, որ Հայաստանը կարծես թե մուտք է գործել բարձր տուրբուլենտությամբ զոնա, և խնդիրները, որոնք նախկինում առկա են եղել, արդեն շատ ավելի խորացված են, և երկիրը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնել քաղաքական կայունության տեսակետից: Ըստ այդմ էլ՝ 2020-ին մենք ունեցանք անխուսափելի պատերազմ, որը չի կարող բացասաբար չազդել ցուցանիշների և դիրքային առումով Հայաստանի քաղաքական կայունության վրա»:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ հետագա հետազոտությունները նվիրված են լինելու տարածաշրջանային կայունությանը, բայց արդեն պատերազմների առումով առավել խորքային ուսումնասիրություններ կլինեն: Aravot.am-ի հարցին՝ ՀՀ-ի՝ ՌԴ-ից մեծ կախվածությունը լուրջ մարտահրավեր չէ՞, մանավանդ, որ ՌԴ-ն քաղաքական կայունության առումով բավականին բացասական ցուցանիշներ ունի, Արուսյակ Ալեքսանյանը պատասխանեց. «Պետք է նշել՝ ոչ միայն քաղաքական առումով ենք խիստ կապակցված ՌԴ-ի հետ և կախման մեջ, այլև տնտեսական: Օրինակ՝ Ռուսաստանում 2015-ին պատժամիջոցների կիրառմամբ տնտեսական գործոնների ինդեքսի անկում է նկատվում և նույնը հայելային պատկերով արտացոլվում է նաև Հայաստանում: Եվ շատ սպասելի է, որ ՌԴ-ի նկատմամբ առաջիկա պատժամիջոցները ևս Հայաստանին անմասն չեն թողնի: Այդ առումով մենք շատ ավելի պատրաստված պետք է լինենք՝ հասկանալով այդ խիստ փոխկապակցվածությունը ՌԴ-ի հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը: