Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարեկային ծառայությունը Շիրակի եւ Լոռու մարզերում կսկսի գործել ապրիլի կեսին

Մարտ 25,2022 20:02

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը եւ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսօր Արմենպրես պետական լրատվական գործակալությունում ներկայացրին ոստիկանության բարեփոխումների շրջանակում պարեկային ծառայության ներդրման ծրագիրը, մասնավորապես, խոսեցին արդեն ապրիլին Շիրակի եւ Լոռու մարզերում պարեկային ոստիկանաշության ծառայության գործարկման նախապատրաստական աշխատանքների մասին:

Արփինե Սարգսյանն արձանագրեց. որ հիմա պարեկային ծառայության ներդրման շատ կարեւոր փուլն է: «Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղի կունենան վերջնական քննությունները եւ ատեստովորման հանձնաժողովի կողմից վերջնական արձանագրումները: Սպասվում է, որ արդեն ապրիլի կեսերին վերոնշյալ մարզերում կունենանք պարեկային ծառայության ներդրումը»,-ասաց նա: Փոխնախարարը նաեւ նշեց, որ նախապատրաստական աշխատանքները տարվում են շատ ակտիվ եւ տարբեր ուղղություններով՝ շենքային պայմաններ, նյութատեխնիկական համալրվածություն, կրթական պրոցեսի իրականացում, որտեղ առաջնային է անաչառությունը, օբյեկտիվությունը եւ հանգամանալից ներկայացրեց դրանք ոլորտ առ ոլորտ:

Արա Ֆիդանյանը նույնպես հավաստիացրեց, որ մեծ ծավալի նախապատրաստական աշխատանք է արվել, որ ըստ էության դա հիմա էլ շարունակվում է եւ արդեն գտնվում է ավարտական փուլում: «Եկող շաբաթվա ընթացքում երկու մարզերում էլ ամբողջովին կավարտվեն շենքային պայմանների ապահովման, տեխնիկական եւ գույքային կահավորման աշխատանքները: Արդեն իսկ 100 ավտոմեքենա գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Եվս 40-ը ճանապարհին է եւ միայն եղանակային պայմանների պատճառով է, որ այդ ավտոմեքենաները դեռ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանին են: Սակայն դրանք մոտ օրերս կլինեն այստեղ: Այս պահին վերապատրաստում անցնում է 549 թեկնածու, որոնցից էլ կընտրվեն քննությունները հաջող հանձնողները եւ կկատարվեն պարեկային ծառայության նշանակումները»,- տեղեկացրեց փոխոստիկանապետը ու նաեւ հավելեց, որ զուգահեռ աշխատանքներ են տարվում եւս չորս մարզերում՝ Տավուշ, Արագածոտն, Գեղարքունիք եւ Կոտայք, պարեկային ծառայություն ներդնելու ուղղությամբ:

Արփինե Սարգսյանը ասվածին ավելացրեց, որ նախատեսվում է փուլային տարբերակով պարեկային ծառայությունը ներդնել Հայաստանի ամբողջ տարածքում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031