Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին հրապարակում վառելու կոչի համար մեղադրվող պատմության ուսուցչի դատին հարցաքննվելու եկած ոստիկանին ուղարկեցին տուն՝ չհարցաքննելով

Մարտ 25,2022 19:40

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է պատմության նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի գործի քննությունը: Հակոբ Գրիգորյանը Երեւանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի նախկին ուսուցիչն է: Նրան մեղադրանք է առաջադրվել 7-րդ դասարանի պատմության դասաժամին Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու համար, մասնավորապես, հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան եւ նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

Ինչ-որ մեկը անհայտ պայմաններում ձայնագրել է ուսուցչի այս խոսքերը ու տարածել համացանցում: Այդ «ինչ-որ մեկը», որը ենթադրաբար ներբեռնել էր տեսագրությունը, այսօր պետք է հարցաքննվեր դատարանում: Դատավորը հրավիրեց նրան՝ վկա Տիգրան Խաչատուրյանին, որը ոստիկանության ներկայացուցիչ է՝ Երեւան քաղաքի վարչության անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ:

Նա նախ դատարանում ասաց, որ ցանկալի չի տեսանկարահանում անել: Հակոբ Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը առարկեց. «Մենք հրապարակային դատավարության մեջ ենք գտնվում, վկան ոստիկանության ծառայող է, կարեւոր տեղեկություններ է հայտնում ենթադրաբար իմ վստահորդի հետ կապված չարաշահումների գործոնն այստեղ կարող է լինել եւ հատկապես հանրային մեծ կարեւորություն  ունի, որ հրապարակային դատավարությամբ պարզենք, թե ինչ է կատարվում: Սա ոստիկանության ծառայողի աշխատասենյակ չի, որ տեսանկարահանումն արգելվի»:

Դատավորը մնաց անդրդվելի ու ԶԼՄ-ներին արգելեց տեսանկարահանել:

Տիգրան Խաչատուրյանն ասաց, որ Հակոբ Գրիգորյանին առաջին անգամ տեսել է իր աշխատասենյակում, չի ճանաչում: Նա նշեց՝ քանի որ հանդիսանում է նշված բաժանմունքի պետը, իր ուշադրության կենտրոնում են դպրոցները, ուսումնական հաստատությունները. «Իրենց հետ առնչվող ցանկացած իրավախախտում, թեկուզ զուտ իրավախախտում, որ ոչ մի օրենսդրությամբ նախատեսված չի, մենք արագ արձագանքում ենք, միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի կանխենք: Իսկ դուք գիտեք, որ ոստիկանությունը գործառույթ ունի՝ հանցագործությունների նախականխում, կանխում եւ բացահայտում»:

Դատավորն ասաց, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, վկան, ցուցմունք տալու նպատակով քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պատմելու ենթակա որեւէ հանգամանք: Որպես վկա չեն կարող կանչվել եւ հարցաքննվել դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը՝ կապված այն քրեական գործի հետ, որում նրանք իրականացրել են իրենց դատավարական լիազորությունները: Նրանք կարող են վկա լինել, եթե վարույթի չարաշահումների գործ է քննվում: Տիգրան Խաչատուրյանը տվյալ գործով հետաքննության մարմնի աշխատակից է հանդիսացել: Իսկ քրգործը չի վերաբերվում վարույթի ընթացքում թույլ տված սխալներին, թերացումներին: Ուստի դատավորն արձանագրեց, որ դատակոչված Տիգրան Էդիկի Խաչատուրյանը չի կարող հարցաքննվել, նրան հրավիրեց դուրս: Դատավորը հայտարարեց, որ «կարող էինք ի սկզբանե չկանչել, բայց քանի որ պետք է հավաստիանայինք, կանչեցինք»:

Մյուս վկան՝ Լիանա Պետրոսյանը, որը դատակոչվել էր, չէր եկել: Նա ասել է, որ ջերմություն ունի ու չի կարող գալ:

Մեղադրող Դատախազն ասաց, որ նրա ներկայությունը անհրաժեշտություն է, պետք է ներկա լինի, պաշտպանության կողմը միացավ նրա դիրքորոշմանը: Ուստի դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 6-ին:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ռուբեն Մելիքյանն ասաց, որ անակնկալի եկավ, երբ որոշվեց Տիգրան Խաչատուրյանին չհարցաքննել. «Մենք հարցեր ունեինք՝ արդյոք այլ դեպքերով ունե՞ն ներբեռնումներ, թե՞ միայն այս գործի տեսագրությունն է: Անակնկալի եկանք, մի երեխան գալիս է, ասում է՝ այդպիսի բան չի եղել, մի երեխան գալիս է ասում է՝ մեծագույն հարգանք ունենք մեր սիրելի ուսուցչի նկատմամբ, ոստիկանը գալիս է, գնում է տուն…»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031