Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դավթյան. «Ավելի քան համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը ադրբեջանական կողմին ազդակ է, որ որոշակի գործողությունների գնա»

Մարտ 25,2022 19:07

Ադրբեջանական հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի կարծիքով, երեկ Ադրբեջանի զինված ուժերը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ շփման գիծը խախտելու համար կոնկրետ ազդակ են ստացել:

Այսօր «Հենարան» ակումբում նա հայտարարեց. «Ես ավելի քան համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից արված երեկվա հայտարարությունը ուղիղ դրդում է ադրբեջանական կողմին կամ ազդակ է, որ ադրբեջանական կողմը որոշակի գործողությունների գնա: Հիմնավորեմ խոսքս: Եթե ուշադրություն դարձնեք վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես, գազի կտրելը, դրանից առաջ՝ հրետակոծությունը, միջդիրքային հատվածում գյուղի վրա կրակելը, այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը նախընտրեց ընդհանրապես դրա մասով որեւէ ձեւով կարծիք չհայտնել՝ խուսափեց: Բայց ի՞նչ արեց երեկվա իր հայտարարության տեքստում: Նա նշեց, որ կա արցախահայության էթնիկ զտման խնդիր եւ նման տարատեսակ ձեւակերպումներ տվեց»:

Փորձագետի դիտարկմամբ, հաշվի առնելով, որ Ուկրաինայով պայմանավորված Ռուսաստանն ուշադրության բավական մեծ շեղում ունի Հարավային Կովկասից, այդ համատեքստում ադրբեջանական կողմը նախընտրում է Արցախում իր համար որոշակի բարենպաստ դիրքեր վերցնել կամ գրավել ուժի միջոցով, ինչի ականատեսը եղանք երեկ:

«Հենց Խրամորթում կան որոշ բարձունքներ, որոնք ադրբեջանական կողմը ցանկանում է վերցնել: Այդ բարձունքից տեսանելի է եւ Ասկերան բնակավայրն ամբողջությամբ եւ Աղդամում տեղի ունեցող տեղաշարժերը: Ադրբեջանը նպատակ ունի հայերին զրկել այսպես կոչված տեսանելի աչքից, որպեսզի մենք չկարողանանք քիչ թե շատ հասկանալ, թե ինչ է կատարվում այն տարածքներում, որ գրավել են 44-օրյա պատերազմի ժամանակ:

Իմ համար ավելի քան ակնհայտ է, որ այս պրոցեսներում կա ավելի շատ Հայաստան-Թուրքիա համագործակցություն ի վնաս Ռուսաստանի: Եվ երեկվա միջադեպի հիմքում տեսնում եմ ռուս խաղաղապահների թիրախավորում: Անընդհատ փորձում են իրավիճակ ստեղծել Արցախում: Միշտ նշում են, չէ՞, որ Արցախը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Այսինքն, պատասխանատվությունը դնում են ռուսների վրա: Մենք գիտենք, որ այդպես է, բայց երեկվա պաշտոնական հաղորդագրությունում դա առանձնահատուկ շեշտվեց: Թե սա որքանով ապացուցված գործակցություն է, ապագայում կերեւա, բայց իմ ստացած առաջին ընկալումով, խաղաղության համատեքստում ռուսներին տարածաշրջանից դուրս մղելու թիրախ կա»,-ասաց Գառնիկ Դավթյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031