«Հաշվեքննության հիմնական խնդրահարույց հատվածները վերաբերում են բժշկական կենտրոնների կողմից իրականացված կատարողականների հիման վրա «ավել» ֆինանսավորումներին։ Հաշվեքննությունը վերաբերում է իննը ամիսներին, եւ մեր կարծիքով՝ տարեկան ամփոփումը շատ ավելի հարցերի պատասխաններ կտա։ Մտահոգություններից շատերն այդ դեպքում փարատված կլինեն»,-ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր առողջապահության նախարարությունում 2021թ. պետբյուջեի 9 ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների մասին ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Տեղեկացնենք, որ ըստ ՀՊ-ի զեկույցի` հաշվետու ժամանակահատվածում առողջապահության նախարարությունն իրականացրել է 15 բյուջետային ծրագրեր, որոնք կյանքի կոչելու համար նախատեսվել է շուրջ 109 միլիարդ դրամ, փաստացի վճարումը կազմել է 95 միլիարդ դրամ: Հաշվեքննության է ենթարկվել 6 բյուջետային ծրագրի 8 միջոցառում: Հաշվեքննության ծածկույթը կազմել է շուրջ 56,4 միլիարդ դրամ․ բժշկական ծառայությունների կատարողականների դիմաց արձանագրվել են ինչպես ավելի, այնպես էլ` պակաս վճարման դեպքեր:
Նախարար Անահիտ Ավանեսյանն այս առիթով մանրամասնեց, թե օրենքով նախարարության կողմից ինչ սկզբունքով է իրականացվում ֆինանսավորումը պետպատվերի շրջանակում, որպեսզի ողջ տարվա ընթացքում քաղաքացիները զրկված չլինեն բժշկական ծառայություններ ստանալու հնարավորությունից․ «Մեր գերխնդիրն է պետբյուջեով սահմանված միջոցներ բաշխել այնպես, որ ունենանք հնարավորինս հավասարակշռված ծառայությունների բաշխում՝ ըստ ամիսների։ ԲԿ-ների ֆինանսավորումն իրականացվել է՝ խստորեն հետեւելով այս սկզբունքին։ ԲԿ-ները որեւէ ֆինանսական փոխհատուցում չեն ստացել առանց համապատասխան կատարողականների։ 2021թ․-ին որոշ ծառայությունների մասին իհարկե ունեցել ենք լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում պետական պահուստից, որովհետեւ ունեցել ենք գերդիմելիություն։ Այդ ծառայություններից էին՝ օնկոլոգիա, զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց ծառայություններ եւ էլի մի քանիսը, որոնք տարվա ընթացքում ավելի շատ միջոցներ են պահանջել»։
Ավանեսյանը տեղեկացրեց, որ կառավարության որոշումներից մեկի համաձայն՝ որոշ ծառայություններ կարող են իրականացվել միայն հերթագրման սկզբունքով․ «Կան նաեւ ծառայություններ, որոնց պարագայում հերթագրում հնարավոր չէ։ Խոսքն անհետաձգելի բժշկական օգնության, ծննդօգնության մասին է»։ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նկատեց․ «Պալատը շուրջ 10-12 բժշկական կենտրոնների մասով հավելյալ վճարումներ է արձանագրել։ Դուք ասում եք, որ մնան բան չկա, ավել վճարում չի եղել։ Որտեղի՞ց են այդ դեպքում հայտնվել նման թվեր, ձեր եւ պալատի թվերի տարբերության պատճառը ո՞րն է»։
Կարդացեք նաև
Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, 2021թ․-ին մի շարք բժշկական հաստատություններ իրականացրել են նաեւ կորոնավիրուսի բուժման գործընթաց եւ ֆինանսավորվել նաեւ այդ նպատակով, սակայն դա իրականացվել է այլ կատարողականների հիման վրա․ «Հիմնականում պահպանման ծախսերի մասին է խոսքը։ Կորոնավիրուսի հետ կապված հաշվետվությունները մենք վարում ենք լրիվ առանձին տողերով։ Կատարողականները ներառում են միայն պետական պատվերի շրջանակում իրականացված ծառայությունները։ Ֆինանսավորումը վերաբերում է բոլոր ծրագրերին, դրա համար էլ անհամապատասխանություններ կան»։
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն եք, որ պալատը համեմատել է իրար հետ անհամեմատելի բաներ։ Ջանջուղազյանը պատասխանեց՝ ոչ, համապատասխանության գնահատականը կարելի է տալ ամբողջական պատկերի հիման վրա, իսկ դրա համար «ԱրՄեդ» էլեկտրոնային համակարգում պետք է արտացոլված լինի ամեն ինչ։ Պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նկատեց՝ Ատոմ Ջանջուղազյանի ասածից ստացվում է, որ խնդիրը բուժհիմնարկների կողմից է, որոնք տվյալները պատշաճ չեն մուտքագրել էլեկտրոնային համակարգ։ Ատոմ Ջանջուղազյանը ձեռնպահ մնաց ԲԿ-ների վերաբերյալ գնահատական տալուց եւ ասաց, որ համակարգային լուծում պետք է գտնենք մեխանիզմի իմաստով, որպեսզի այս խնդրին հաջորդիվ չանդրադառնանք․ «Ոլորտում այլ խնդիրներ էլ կան»։ Անահիտ Ավանեսյանը համաձայնեց Ատոմ Ջանջուղազյանի դիտարկման հետ, որ «ԱրՄեդ» համակարգում պետք է ունենալ բոլոր բժշկական ծառայությունների մասին ամբողջական տեղեկատվությունը․ «Մենք այդ ճանապարհով գնում ենք եւ գնալու ենք։ Համակարգում տեղեկատվության շրջանակն էականորեն փոխվել է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ