Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆերմերների համար եզակի լաբորատորիա՝ Գյումրիում․ այն բացվեց Եվրամիության ֆինանսավորմամբ

Մարտ 25,2022 18:40

Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջում բացվեց հողի անալիզի ուսումնական լաբորատորիա, որը ծառայելու է նաև որպես քիմիայի լսարան։

Նորարարական սարքավորումներով հագեցած լաբորատորիան բացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից իրականացվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA) ծրագրի շրջանակում։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր ելույթում նշեց, որ լաբորատորիան ուսանողներին որակյալ կրթություն ստանալու հնարավորություն տալուց բացի, մեծ օգուտ է մարզի գյուղատնտեսության զարգացման համար․ շիրակցի ֆերմերները հողի անալիզը Երևանում, կամ երբեմն արտերկում հանձնելու փոխարեն, կկարողանան անցկացնել այստեղ՝ նոր մեթոդներով, արդիական տեխնոլոգիաներով։

Մասնագետ-մասնակիցներից մեկն  էլ իր ելույթում մանրամասնեց տարածաշրջանում նման լաբորատորիա ունենալու անհրաժեշտությունը։

«Սա եզակի հնարավորություն է տարածաշրջանի համար,  որովհետև Շիրակի մարզը տիպիկ գյուղատնտեսական և հետազոտական գոտի է, հողի հետ կապված ճշգրիտ ցանկացած տիպի փորձաքննություն կարող է իրականացվել՝ մակրո, մակրոտարրերի, ֆիզիկական վիճակի։ Այնպես որ, այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, որ տարածաշրջանի մակարդակով մանր ու միջին խոշոր ֆերմերային տնտեսությունները ցանկացած տիպի փորձարկումներ կարողանան իրականացնել։ Բացի հողի փորձաքննությունից, այս սարքավորումներն ունեն հնարավորություն ունեն բույսի հետ կապված, ինչու չէ նաև ջրի  փորձաքննություն կատարելու»։

Պաշտոնական իրադարձությանը մասնակցող  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ ասաց, որ նորաստեղծ լաբորատորիան ոչ միայն  ուսումնական և կրթության որակի բարելավման նոր հնարավորություններ է ընձեռում, այլ նաև մասնավոր ոլորտի հետ համագործակցության շատ լայն շրջանակ է բացում։

Փոխնախարարի ներկայացմամբ, կառավարության շարունակական  քաղաքականությունն է զարգացնել գյուղատնտեսական կրթության որակը և մասնագիտական կրթության, ուսուցման ոլորտում ունենալ կրթական հաստատությունների զարգացման ցանց ողջ երկրում։ Ըստ նրա, այդ հաստատություններում սովորողները, կարող են ստանալ արդի պայմաններին բավարարող  կրթություն և նպաստել մեր երկրում գյուղանտեսության արդյունավետ իրացմանը։

Ծրագրի պատասխանատու Պասկալ Բոկկերսն  էլ տեղեկացրեց, որ նման լաբորատորիներ կբացեն նաև Վանաձորում և Նոյեմբերյանում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031