«Ադրբեջանի հետ ուղիղ հաղորդակցման ձեւաչափեր եղել են եւ կան։ Մեր որոշ գերատեսչությունների ղեկավարներ պարբերաբար նաեւ տեղում են հանդիպումներ ունենում, բայց դա գործնականում ոչինչ չի փոխում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի եվրոպական, եվրասիական հարցերով վարչության հետեւյալ հայտարարությանը․ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազամատակարարման խափանման և Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ: ՀՀ-ն եւ Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղղակի շփումների խողովակները՝ անհապաղ թուլացնելու լարվածությունը»։
Էդուարդ Աղաջանյանը շեշտեց․ «Ադրբեջանը քանիցս հրապարակավ հայտարարել է, որ իր համար արցախյան հակամարտություն գոյություն չունի, հետեւաբար բանակցությունների կարիք չկա, մինչդեռ հայկական կողմի դիրքորոշումը տրամագծորեն տարբեր է։ Դրանով է պայմանավորված, որ բոլոր տիպի գործընթացներում եւ խոսակցություններում միշտ կա երրորդ կողմը, որը որոշակիորեն բարձրացնում է կողմերի պատասխանատվությունը եւ կամ լծվածությունն իրենց ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Գործնականում դա ամբողջությամբ տեղի չի ունենում»։
Աղաջանյանը միջազգային գործընկերներին հորդորեց կետ առ կետ դիտարկել, թե կողմերից որ մեկը չի կատարում ստանձնած պարտավորությունները։ Նրա խոսքով՝ ակնհայտ կլինի, որ ադրբեջանական կողմն է այդպիսին։
Հիշեցնենք, որ Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի հատվածներում դիրքավորվել են․ հայկական կողմում կան վիրավորներ եւ 2 զոհ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ