Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր դասականները ուժ են տալիս, փորձում են ելքեր ցույց տալ». Վարդան Դեւրիկյան

Մարտ 25,2022 17:30

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի` գրողի ծննդյան 145-ամյակին նվիրված գիտաժողովը բավականին հագեցած օրակարգ ուներ:

Դեմիրճյանի թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը հիշեցրեց, որ Հայաստանի գրողների միության հետ համատեղ վերականգնվել է Դերենիկ Դեմիրճյանի` վանդալիզմի ենթարկված հուշաքարը:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց գրականությունը դեռեւս ի զորու չէ մարդկանց հոգիներից քերելու ժանգն ու պղծությունը` նկատի ունենալով հուշաքարը գողանալու միջադեպը:

Նրա ձեւակերպմամբ, հիմնականում ժողովրդի հիշողությունը ծանրացել է ԴԵմիրճյանի «Վարդանանքի» վրա. «Մենք շատ սիրում ենք կարդալ պատմավեպեր, հատկապես պատմավեպեր` իրական միջավայրով եւ պատմական դեմքերով… Դերենիկ Դեմիրճյանի ֆենոմենն այն է, որ «Վարդանանքը» որպես պատմավեպ տարբեր ժամանակների խտացումներ է պարունակում իր մեջ… Հարցին այսօր «Վարդանանքը» մեզ ինչ է տալիս, կարող եմ պատասխանել` նայած ում: Դրանք բանաձեւեր չեն, դեղ չէ, որ գրողը վերցնում ու տալիս է բոլորին»,-ասաց Հայաստանի գրողների միության նախագահը:

Էդվարդ Միլիտոնյանն անդրադարձավ Դեմիրճյանի կերպարին ու մասնավորապես Երվանդ Քոչարի արած գծանկարին. «Տեսնում ես թե Երվանդ Քոչարը ոնց է նրա մեջ քարեղեն ուժը զգացել, տվել է Դեմիրճյանի հզոր ժամանակներն ընկալած, ներծծած կերպարը»:

Անդրադարձ եղավ նաեւ «Վերնատանը» ու այդ համատեքստում Դեմիրճյանին: «Ինքը միշտ նեղսրտել է, որ իրեն քննադատել են, քննադատել իր բանաստեղծությունները, բայց «Վերնատան» լավն էլ այն է, որ մարդու երեսին չէին գովում, հետո հետեւից ասում` դե լավ, դա գրող չէ: «Վերնատան» ժամանակ ամեն մեկն իր կարծիքն ասում էր իր ընկերոջ մասին, եւ չէին նեղանում իրարից, այդ ուժն ունեին, գրականությունն էր մեջտեղում, ոչ թե անհատական հարաբերությունները:

Մեզանում, ցավոք սրտի, գրականագետը կվախենա որեւէ գրողի մի թթու խոսք ասել, որովհետեւ նա կթշնամանա հավիտյանս հավիտենից: Ահա այդպիսի պարզունակ իրավիճակների կարող է հասնել ժամանակը: Ես կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է նաեւ այդպիսի մեծ անհատների բարոյական, գրական կերպարների հետքն իմանալ, ճանաչել: Օրինակ, Իսահակյանի հետ Դեմիրճյանի բարեկամությունը, ընկերությունը…Դրանք երկու մարգարեներ էին: Հետչարենցյան ժամանակի մեծ բարեբախտությունն այն էր գրականության համար, որ կային այդ երկու մեծերը»,-ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

Հիշեց, թե ինչպես է «Քաջ Նազարը» կարդալուց հետո Իսահակյանն ասել, որ Դեմիրճյանն այլեւս դասականների շարքում է: «Արեւելահայ գրականության մեջ մեր գրականությունը կոմեդիական երեւույթներ քիչ է տվել, եւ առաջիններից մեկը հենց Դեմիրճյանի «Քաջ Նազարն» է, որը համաշխարհային գրականության լավագույն գործերից է»,-ընդգծեց նա:

ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը նշեց, որ վերջին օրերին մի տեսակ դժվար է գրական արժեքներով զբաղվելը, բայց շարունակում են դրանով զբաղվել երկու պատճառով. «Առաջինը իներցիայի ուժն է, ինչպես ամբողջ կյանքում զբաղվել ենք գրականությամբ, այդպես էլ շարունակում ենք զբաղվել: Կա ավելի կարեւոր պատճառ` դրանք մեր դասականներն են, որ մեզ ուժ են տալիս, լավատեսություն են ներշնչում, փորձում են ելքեր ցույց տալ, թե ինչպես պետք է դուրս գալ ստեղծված իրավիճակներից: Մեր դասականներից իրապես կարկառուն դեմքերից մեկն այդ առումով Դերենիկ Դեմիրճյանն է»:

Վարդան Դեւրիկյանն ասաց, որ իրենց ինստիտուտը որոշակի չափով պարտքը տվել է Դեմիրճյանի հանդեպ` ժամանակին հրատարակելով գրողի ակադեմիական 14 հատորները: Նա գտնում է, որ հետազոտական առումով Դեմիրճյանն էլի շարունակում է մնալ ուսումնասիրության կենտրոնում, բայց ափսոսանք հայտնեց, որ լինելով մասնագիտական խորհրդի նախագահ, չի հիշում, որ եղած լինի Դեմիրճյանի թեմայով պաշտպանություն: Նրա գնահատմամբ, Դեմիրճյանի ստեղծագործական որոնումները ոչ միայն Դեմիրճյանի անհատական ստեղծագործական որոնումներն էին, այլ այն որոնումները, որոնք հանգեցրին խորհրդահայ գրականության ձեւավորմանը:

Հավելենք, որ գիտաժողովի շրջանակներում նախատեսված էին մի շարք զեկուցումներ: Օրինակ, Կարինե Ռաֆայելյանի թեման էր «Վիլյամ Սարոյանը Դերենիկ Դեմիրճյանի հակասական գնահատումներում», Աելիտա Դոլուխանյանինը` «Դեմիրճյանի «Վարդանանքը» եւ Եղիշեի «Պատմությունը», Վահան Մելիքյանի թեման էր «Դերենիկ Դեմիրճյանի ազգային, հասարակական, քաղաքական գործունեության էջերից», իսկ Սիրանույշ Գալստյանը պետք է խոսեր « Դերենիկ ԴԵմիրճյանի «Ավելորդը» Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշերում» թեմայով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031