Aravot.am-ի տեղեկություններով, նախորդ օրը ուշ երեկոյան Գյումրի քաղաքի 50-ամյա բնակիչներից մեկը՝ Հ․ Մ․-ն, որն ապրում է տնակում, աշխատանք չունի, զանգահարել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել կառավարման կենտրոնի օպերատորների հասցեին։ Նա ներկայացել է որպես ֆիդայի։
Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է անձի ինքնությունը, մեկնել նրա տնակ, որի դուռը սակայն փակ է եղել։ Տղամարդը հեռախոսազրույցի ժամանակ հրաժարվել է հայտնել իր գտնվելու վայրը, չի ցանկացել պարզաբանում ներկայացնել իր ահազանգի վերաբերյալ՝ դառնալով անհասանելի։
Ոստիկանության Կումայրի բաժնում նյութեր են նախապատրաստում ու միջոցառումներ ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ նման դեպքեր հաճախակի են գրանցվում Գյումրիում ու հատկապես գործազուրկ տղամարդկանց կողմից։ Վերջիններս կարծես ընտրել են լիցքաթափման ամենահեշտ ճանապարհը․ զանգահարել ոստիկանություն ու հայհոյել՝ մեկ հեռախոսը վերցնող ոստիկանին, մեկ երկրի ղեկավարներին։
Կարդացեք նաև
Ընդամենը երեք օր առաջ էր Գյումրու Անի թաղամասի 50-ամյա մի բնակիչ՝ Ա․ Կ.-ն զանգահարել ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և վիրավորական արտահայտություններ հնչեցրել երկրի բարձրաստիճան ղեկավարների հասցեին։ Տղամարդը իր բնակարան մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին պարզաբանել է, որ աշխատանք չունի, դա նյարդայնացնում է իրեն, այդ պատճառով էլ զանգահարել է ոստիկանություն ու վիրավորական արտահայտություններ հնչեցրել երկրի ղեկավարների հասցեին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ