«Հարկավոր է գնալ Արցախ, տեղում զգալ ողբերգության և անդադար վերքին սեղմող իրականության մեջ լույս ու կորով գտնող մարդկանց տալ մի կաթիլ ջերմություն»,- ասում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։
Ցուրտ մարտյան եղանակին գազի պարբերական անջատումների համատեքստում Արցախում դպրոցները տաքացնելու և երեխաների համար հարմարավետ կրթական միջավայր ապահովելու օրհասական խնդիր է առաջացել։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը արագորեն նախաձեռնեց դրամավաք, մեր բարերարների հետ միասին հավաքագրվեց շուրջ 5,000,000 ՀՀ դրամ՝ էլեկտրական տաքացուցիչներ ձեռք բերելու և դպրոցներին հատկացնելու համար։
Մարտի 15-ին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը՝ Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ, ուղևորվեց Արցախ՝ հանդիպելու ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանին և ԱՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանին, ինչպես նաև մի շարք արցախյան սահմանամերձ համայնքներ։ Հանդիպումների ընթացքում քննարկվեց տեղահանված ուսուցիչներին կրթական գործընթացում կրկին ներգրավելու հիմնախնդիրը, մարդկային ռեսուրսի սղությամբ պայմանավորված կրթական ճգնաժամը հաղթահարելու եղանակները։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը և ՛ ԱՀ կառավարությունը համակարծիք են, որ խիստ անհրաժեշտ է Արցախում ունենալ կրթական ռազմավարություն, որը կդառնա ապագայի զարգացման տեսլականը և կլինի ուղենիշ՝ կրթական գործընթացները համակարգելու և կազմակերպելու նպատակով։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը և ԱՀ կառավարությունը կշարունակեն համագործակցել այս ուղղությամբ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը սկսել է Արցախում իր գործունեությունը դեռևս 2017թ, և այս պահին էլ հիմնադրամի ծրագրերի շրջանակներում 44 Ուսուցիչ-առաջնորդ ապրում և դասավանդում է Արցախում։
2020թ. նոյեմբեր ամսին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մեկնարկեց իր «Արտակարգ իրավիճակում կրթություն» ծրագիրը՝ արձագանքելով Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած կրթական ճգնաժամին։ Ծրագրի տևողության վեց ամիսների ընթացքում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի 60 մասնագետները աշխատել են Արցախում, Հայաստանի յոթ մարզերում և Երևանում տեղակայված 75 դպրոցներում իրենց կրթությունը շարունակող 1800-ից ավելի արցախցի աշակերտների հետ։
Դասավանդի՛ր, Հայաստան