ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը կարծում է, որ իր վերջին հարցազրույցում արտահայտված մտքերը մանիպուլացվել են։ Խորհրդարանում այսօր, երբ լրագրողները խնդրեցին պարզաբանել, թե ի՞նչ նկատի ուներ, երբ ասել էր, թե Արցախի՝ Ադրբեջանի կազմում գտնվելու հարցը պետք է քննարկվի, Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ «սոցցանցային վայնասունն» իր խոսքերի մանիպուլյատիվ ներկայացման հետեւանք է։
Դիմելով լրագրողին՝ Աղաջանյանն ասաց, որ հարցադրումը խեղաթյուրում է իր արտահայտած միտքն ու կտրում համատեքստից․ «Միտքը հետեւյալն էր․ կարեւոր գործընթացը, որին պետք է միտվի ՀՀ իշխանության գործողությունը՝ դա խաղաղության շուրջ բանակցությունների սկիզբն է։ Որպեսզի այդ բանակցությունները սկսվեն, բնականաբար, որեւէ նախապայման որեւէ կողմից պետք է բացառվի։ ՀՀ-ն այս դիրքորոշմամբ է հանդես եկել։ Կար հարցադրում՝ Ադրբեջանի հինգ կետանոց առաջարկները նախապայման են, թե ոչ։ Մեր ընկալումն այն է, որ դրանք նախապայմաններ չեն, այլ օրակարգի ձեւավորման առաջարկ։ Եթե այդպես չէ, զուգահեռ մենք հայտարարել ենք, որ մեր համար մինչեւ բանակցությունները սկսելը որեւէ նախապայման անընդունելի է»։
Աղաջանյանը շեշտեց, որ հայկական կողմի լրացնող առաջարկներն այս տրամաբանությամբ ոչ թե նախապայմաններ են, այլ հնարավոր օրակարգ․ «Կամ եթե կուզեք՝ հիմք են բանակցությունները սկսելու համար։ Ասել եմ, որ պետք է քննարկվեն դիրքորոշումներ, մոտեցումներ, բայց դրան զուգահեռ պետք է արձանագրվի, որ մինչեւ բանակցությունները սկսելը նախապայմաններ չպետք է առաջ քաշվեն։ Ինչ վերաբերում է կարմիր գծերին, դրանք պետք է քննարկվեն եւ առաջ քաշվեն բուն բանակցությունների գործընթացում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ