Վերին Լարսում 10 կիլոմետրանոց հերթ է, 3500-ից ավելի մեքենա է կուտակվել։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը։ Նրա խոսքով՝ հերթում կանգնած մեքենաների 25%-ը հայկական են։
Տեւական ժամանակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Եթե այն ժամանակ առ ժամանակ բացվում էլ է, ապա թույլատրվում է միայն մարդատար ավտոմեքենաների շարժը։
«Բեռնատարներին բնակավայրերում չեն թույլատրում կանգնել, բնակավայրերի միջեւ գտնվող տարածքներում են կանգնած՝ պետական ճանապարհի վրա, որտեղ չկան կենսապայմաններ ապահովող ենթակառուցվածքներ, սանիտարական պայմաններ չկան։ Հույսը վարորդների տոկունության վրա է։ Միջին տարիքի տղամարդիկ են, հիվանդանում են, հազար ու մի խնդիր է առաջանում»,-ասաց Թանանյանը։
Քննարկման մեկ այլ մասնակից՝ բեռնափոխադրող ընկերության տնօրեն Վարուժան Քոլյանն էլ ասաց, որ ընկերությունը ֆինանսական կորուստներ է կրում՝ միրգ-բանջարեղենով բեռնված մեքենաներ են, որոնց սառնարաններն անդադար աշխատում են, օրական վաթսուն լիտր դիզել են սպառում, ու կորուստները չեն փոխհատուցվում։
Կարդացեք նաև
«Ամբողջ ծախսը բեռնափոխադրող ընկերության վրա է․ վարորդի գործուղման ծախսեր եւ այլն։ Ապրանքներ կան, պահպանման ժամկետը լրացել է, ընկերությունները ստիպված մեքենաները հետ են վերադարձնում, փորձում այստեղի շուկայում վաճառել, որպեսզի մասամբ տուժեն»։
Քննարկման մեկ այլ բանախոս՝ Մարսել Այվազյանը, որը կրկին բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչ է, ասաց՝ բեռնատարների վարորդներին թույլ չեն տալիս հերթից դուրս գան, որպեսզի մեքենան լիցքավորեն, իսկ եթե դուրս գան, ապա պետք է հերթում նոր տեղ զբաղեցնեն․ «Կամ էլ ասում են՝ հատուկ ծառայություն ունենք, վճարեք, մեքենան մոտենան լիցքավորի ձեր մեքենան։ Վարորդների սնունդը վերջանում է, չեն էլ կարող մեքենան լքեն։ Գոնե մեր դեսպանատունը մի բան անի, թեկուզ մենք վճարենք, մեր վարորդների սնունդ հասցնեն»։
Վարուժան Քոլյանի խոսքով՝ Վրաստանում մեր դեսպանությունը անուշադրության է մատնել ՀՀ քաղաքացիներին։
ՀՀ տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյան էլ ասաց, որ նամակ են գրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, առաջարկել կանաչ գոտի ստեղծեն հայկական մեքենաների համար, քանի որ նույն մաքսային տարածքում ենք․ «Այսինքն՝ մեքենան մոտենա, քանի որ ձեւակերպված է արդեն, այդ արգելանշանի խնդիր չպետք է ունենա, ուղղակի փաստաթուղթը ցույց տա, որ ԵԱՏՄ-ում ձեւակերպվել, ունի կապարակնիք, որը հնարավորություն է տալիս երթուղին վերահսկել, այսինքն, ցույց տա, որ մեքենան մաքսազերծված է, ու անցնի։ Երկու-երեք րոպե կտեւի»։
Նա նաեւ պնդեց, որ Լարսի անցակետը միշտ կոռուպցիոն հանգույց է եղել եւ կա․ «Որեւէ հայկական մեքենա բեռով չի կարող առանց մուծելու անցնի»։ Նա եւս վարորդների անմարդկային պայմաններին անդրադարձավ․«Պատկերացնում եք՝ կանգնած մի տեղ, որտեղ մի թուփ էլ չկա, լեռներ են, մինուս 15 աստիճան ցրտին, ու ոչ մի հարմարություն չկա»։
Ինչ վերաբերում է կառավարության որոշմանը, որով կսուբսիդավորվի լաստանավով հայկական բեռների փոխադրումը, ապա Հովհաննիսյանն ասաց, որ արդյունավետ կլինի, եթե լաստանավը լինի պետական։
Վարուժան Քոլյանն էլ նշեց, որ այս որոշումը տարածվում է այն բեռների վրա, որոնք երկաթուղով են տեղափոխվելու․ «Եթե բեռնափոխադրող մեքենա չի տեղափոխելու, ապա նույն խնդիրն ենք ունենալու։ Մեր փչացող բեռները երկաթուղով չենք կարող տեղափոխել, մենք սառնարաններով ենք տեղափոխում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»