«Ռուս խաղաղապահների արդիականության հարցն ամենեւին սպառված չէ։ Վերջիններիս հետ հնարավոր է լուծումներ գտնել եւ հասնել նրան, որ բոլոր կողմերը կատարեն եռակողմ հայտարարության պարտավորությունները»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի հատվածներում դիրքավորվել են․ հայկական կողմում կան վիրավորներ։
Էդուարդ Աղաջանյանի խոսքով․ «Գնահատականը, թե Ադրբեջանի հետեւողական սադրանքների ֆոնին խաղաղապահների ներկայությունն ազդեցություն չի ունենում․․․տպավորություն ունեմ առնվազն սոցցանցերից, որ կա նման մտայնություն հանրության լայն շերտերի մոտ։ Կան նաեւ հարցեր առ այն, թե հնարավոր է, որ սա լինում է ադրբեջանցիների եւ խաղաղապահների միջեւ պայմանավորվածությունների արդյունքում։ Անձամբ չէի ուզի այդպես կարծել։ Որեւէ հիմք կամ ցանկություն չունեմ այդ ուղղությամբ մտածել, բայց սա հարցադրում է, որը պետք է փարատվի մեր ռուս գործընկերների կողմից՝ կոնկրետ գործողությունների գործադրմամբ, որի արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ-ն կվերադառնա ելման դիրքեր, իսկ լարվածությունը կնվազի։ Արդյունքում հանրության ընկալումները կփոխվեն, կասկածները կփարատվեն»։
Ինչ վերաբերում է այլընտրանքային հնարավոր մեխանիզմներին, Աղաջանյանը նշեց՝ չեն կարծում, թե ռուս գործընկերների հետ այդ համատեքստում հարաբերվելու հնարավորությունները սպառված են․ «Գործնականում աշխատանքը շարունակվում է։ Պաշտպանական ոլորտի գերատեսչությունների ղեկավարներն իրար հետ մշտական կապի մեջ են։ Որպես հանձնաժողովի նախագահ՝ ակնկալում եմ քաղաքական արդյունք եւ կոնկրետ, գործնական արդյունք, որով կարձանագրվի ռուս խաղաղապահների մանդատի իրացումը եւ որով այսուհետեւ կբացառվեն խաղաղապահների պատասխանատվության գոտում նման սադրանքները»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ