Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա էլ ասում են՝ ռուս խաղաղապահները թող գնան, որ գնացին՝ կարողանալու ե՞ս…». Էդուարդ Շարմազանով

Մարտ 25,2022 15:46

«Այն ամենն, ինչ կատարվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Թուրքիայի հովանավորությամբ, սա հետեւանքն է Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմի հետեւողական անգործության, հակապետական եւ հակազգային քաղաքականության»,- այսօր Կոմիտասի անվան պանթեոնում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Արցախի եւ Հայաստանի սահմաններում վերջին օրերին կրկին լարված իրավիճակին:

Ընդդիմադիր գործիչը նկատում է՝ նման իրավիճակներից խուսափելու համար էր, որ 44-օրյա պատերազմից հետո իրենք պահանջում էին, որ պարտված իշխանությունը հեռանա: Մինչդեռ նրանք մնացին եւ շարունակեցին ոչինչ չանել՝ ոչ զենք-զինամթերք գնեցին, ոչ բանակի մեջքը ուղղեցին, երբեք չխոսեցին ադրբեջանական բռնազավթման մասին, պառլամենտում Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Շուշին եւ Հադրութը բռնազավթված անվանել, անգամ միջազգային հարթակներում չխոսեցին Ադրբեջանի բռնազավթող քաղաքականության մասին եւ այն մասին, որ 41 կիլոմետր ներխուժել են Հայաստանի տարածք, ավելին, այս ամենը մի կողմ դնելով՝ հայտարարում են, որ մեծ հաշվով, Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերն ընդունելի են իրենց համար: «Այսքանից հետո ի՞նչ էիք սպասում Ադրբեջանից»,- հարց տվեց Էդուարդ Շարմազանովը՝ կրկնելով իր կարծիքը, որ ՀՀ գործող իշխանությունը դարի նվերն են Ալիեւի եւ Էրդողանի համար:

Էդուարդ Շարմազանովը նկատում է՝ դու գնում ես խաղաղության, բայց «թուրքը խաղաղություն չի ուզում, թուրքն ասում է՝ հանձնվիր»: Նա հիշեցնում է պարզ ճշմարտությունը՝ ապրելու համար ազգերը պետք է պայքարեն եւ չի հասկանում «ամեն ինչ ռուսի գրպանը գցելու» իշխանության քաղաքականությունը. «Հիմա էլ ասում են՝ ռուս խաղաղապահները թող գնան, որ գնացին՝ կարողանալու ե՞ս… էդ տրամվայ կամ տրոլեյբուս չի, է՞, որ գնան՝ զիջեն ամերիկացիքին կամ եվրոպացիքին: Եթե գնա՝ ո՞վ է մտնելու: Թուրքը»:

Լավ է, թե՝ վատ, ճի՞շտ է, թե՝ սխալ, Հայաստանի եւ Արցախի անվտանգության միակ երաշխավորը ընդդիմադիր գործիչը համարում է ՌԴ-ին եւ գտնում է, որ իշխանության ներկայացուցիչները Բալի գնալու փոխարեն պետք է ռուս գործիչների աշխատասենյակներից դուրս չգային՝ Հայաստանի եւ Արցախի համար ստանալով անվտանգության երաշխիքներ:

Նա չի մեկնաբանում խոսակցությունները, որ Փառուխը ռուս խաղաղապահներն են հանձնել. ասում է՝ խնդիր կա եւ պետք է աշխատել, եթե դու չես աշխատում, եթե քո պաշտպանական գերատեսչության ղեկավարը զբաղված է քարոզարշավով, եթե ՔՊ-ն Վեդիի ընտրություններն ավելի է կարեւորում, ապա այսպես է լինելու:

Նա նաեւ ընդգծեց, որ մինչ ընդդիմադիրները հրապարակային ահազանգեր էին հնչեցնում սահմաններում կատարվողի մասին, իշխանական գործիչները Վեդիում իրենց թեկնածուի քարոզարշավն էին վարում:

Անդրադառնալով ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքներին էլ, որ ստեղծված իրավիճակում ընդդիմադիրներն էլ են մի կողմ քաշվել, Էդուարդ Շարմազանովը տարակուսեց՝ ասելով, որ եթե ընդդիմադիր գործիչները սկսում են պայքարել՝ մեղադրվում են իշխանության համար կռիվ տալու մեջ, նաեւ հիշեցրեց, որ ՀՀԿ-ի իշխանության տարիներին Ադրբեջանը պատերազմ սկսել է եւ «քթին կերել է», Ալիեւն էլ հրապարակային հայտարարել է, որ իր վրա ճնշումներ են գործադրվում:

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին մեջբերելու առիթով էլ Էդուարդ Շարմազանովը նրան հորդորում է ամբողջական մեջբերել Սերժ Սարգսյանի խոսքը. «Այո, մենք ֆաշիստ չենք, բայց Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Առհասարակ, Էդուարդ Շարմազանովը հորդորում է՝ ուշադրություն դարձնել ոչ թե Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, այլ գործողություններին: Ըստ նրա, Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը գնում է դեպի «Նիկոլի աթոռ. որ բոլտ ու գայկան պինդ կպահի իր աթոռը, այդ կողմ էլ կգնա»: Իր գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ է ճիշտ բան ասել, երբ ասել է, որ իրենք «իզմեր» չունեն:

Ընդդիմադիր գործիչն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ իշխանական շրջանակներում գերիների մասին այլեւս չեն խոսում, մինչդեռ ընդամենը տասն օր առաջ Ադրբեջանում գերեւարված մեր տղաներից ևս երկուսը 10-19 տարվա ազատազրկման դատապարտվեցին:

Իրավիճակից ելքը բանախոսը տեսնում է գործող իշխանության հեռանալու մեջ, թե դա ինչպե՞ս պետք է անել՝ ինքը չգիտի, այլապես կաներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031