Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երասխում զորքի «հայելային հետքաշումը» վտանգելու է գյուղը եւ մայրուղին. Տիգրան Աբրահամյան

Մարտ 25,2022 15:12

«Այս իշխանության հիմնական մոտեցումն այն է, որպեսզի հնարավորինս փափուկ բնութագրումներով եւ որակումներով հանդես գալ Ադրբեջանին վերաբերող հարցերին: Նիկոլ Փաշինյանի երեկվա համեմատաբար կոշտ հայտարարությունը ցույց է տալիս, որ իրավիճակն ավելի է ծանրացել, քան կարելի էր պատկերացնել: Դրանով էր պայմանավորված, որ երեկ նա լրիվ այլ բառապաշարով էր խոսում»,- այսօր Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով Արցախի եւ Հայաստանի սահմաններում սրված իրավիճակին եւ երեկ, կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին:

Բայց խնդիրն ընդդիմադիր գործիչը համարում է այն, որ փաստացի ունենք աճող լարվածություն. «Ադրբեջանը բավականին ակտիվություն է դրսեւորում Արցախի ուղղությամբ, որոշակի առումով նաեւ Սյունիքի ուղղությամբ: Ամենավտանգավորն այն է, որ ՀՀ իշխանություններն իրավիճակին համահունչ չեն գործում, ինչի արդյունքում Ադրբեջանը շարունակում է ներխուժումները, շատ ավելի բարենպաստ դիրքավորումներ ապահովել իր հետագա օպերացիաների համար»:

Նիկոլ Փաշինյանի երեկ արած այն հայտարարությունը, որ Ադրբեջանին առաջարկել է Երասխի ուղղությամբ եւս երկու կողմերը հայելային հետ քաշվեն իրենց մի քանի դիրքերից, Տիգրան Աբրահամյանն այսպես է մեկնաբանում. «Երբ տարածքներից հետքաշման մասին է խոսվում, պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ արդեն իսկ նմանատիպ իրավիճակ եղել էր Ասկերանի շրջանում, հատկապես Փառուխ գյուղի հատվածում, եւ մենք տեսանք՝ դա ինչի բերեց: Դա բերեց ադրբեջանական կողմից ներխուժման: Ինչ վերաբերում է Երասխին, հասկանալու համար, թե հետքաշումն ի՞նչ խնդիր կլուծի, պետք է հասկանալ, թե դա ո՞ր ուղղությամբ, քանի՞ մետր կամ կմ է ենթադրում, որովհետեւ Երասխի հատվածում մարտական դիրքերը մի հատվածում հենց գյուղի մատույցներում են. այսինքն՝ այդտեղից զորքերի դուրսբերումը լուրջ սպառնալիք է ստեղծելու բնակչության համար: Մի հատվածը՝ մայրուղու հատվածում է, եւ մեր հետ քաշվելը սպառնալիքի տակ կարող է դնել մայրուղին: Այդ տեսանկյունից, Նիկոլ Փաշինյանի ասածը որեւէ ձեւով հասկանալի չէ»:

Խոսելով Արցախի Քարագլուխ բարձունքի մասին էլ, Տիգրան Աբրահամյանը հավաստիացրեց, որ բարձունքը գտնվում է հայկական համապատասխան ուժային ստորաբաժանումների ու ռուս խաղաղապահների վերահսկողության տակ. «Ադրբեջանցիները Փառուխում ներխուժում ապահովելուց հետո՝ տարբեր խմբերով շարժվել են Քարագլխի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամբողջական վերահսկողություն հաստատել բարձունքում: Այդ բարձունքը թե մեր, թե ադրբեջանցիների համար ռազմավարական մեծ նշանակություն ունի: Ադրբեջանական ստորաբաժանումները չեն կարողացել ամբողջական վերահսկողություն ապահովել, դա կանխվել է եւ ռուս խաղաղապահների կողմից, եւ այն պատճառով, որ հայկական ստորաբաժանումները շատ ավելի արագ են հասել բարձունքին, քան ադրբեջանական ստորաբաժանումները: Այս պահին Ադրբեջանը փորձում է ամրանալ Փառուխի հարակից հատվածներում եւ Քարագլխի ճանապարհի այն տեղանքում, որտեղ հասել է: Իմ տեղեկություններով, Ադրբեջանը փորձում է այդ հատվածներում, որտեղ ապահովել է ներխուժումը, ամրաշինական աշխատանքներ իրականացնել, ինչը դժվարացնում է բանակցությունների գործընթացը»:

Ընդդիմադիր պատգամավորը զարգացումների որեւէ փուլում լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը չի բացառում, բայց կարճաժամկետ կտրվածքով այդ ռիսկերի գնահատումնը բավական բարդ է համարում. «Համենայնդեպս, վտանգավորություն այն է, որ իրադարձությունները բավականին արագ են զարգանում, դժվար է արագ կանխատեսումներ անելը: Բայց այն, որ Ադրբեջանի համար խաղաղության օրակարգը իր հավակնությունների ամբողջական բավարարումն է, դա միանշանակ է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031