Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքական շահարկում է անվանել Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը Խրամորթ և Փառուխ գյուղերի ուղղությամբ իրավիճակը սրելու վերաբերյալ, իսկ Արցախում գազամատակարարման խնդիրները բացատրել է «վատ եղանակային պայմաններով»:
«Հայաստանի ԱԳՆ մարտի 24-ի հայտարարությունը, որում մեղադրանք է հնչում Ադրբեջանի հասցեին՝ կապված իբր «տարածաշրջանում իրավիճակի էսկալացիայի հետ», այդ երկրի՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու հերթական փորձն է»,- ասվում է հայտարարության մեջ:
ԱԳՆ-ն կրկնել է երկրի ՊՆ հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական բանակը պարզապես «հստակեցնում է տեղակայման դիրքերն ու կետերը»:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ տարածաշրջանում հստակեցվում են տեղակայման դիրքերն ու կետերը, հիստերիայի առիթ չկա: Հայկական կողմը զբաղվում է ապատեղեկատվությամբ, արհեստականորեն ուռճացնում է իրավիճակը»,- ասվում է տեքստում:
Կարդացեք նաև
Ադրբեջանի ԱԳՆ-ից նաև հայտարարել են, որ Արցախում գազամատակարարման հետ կապված խնդիրներն իբր կապված են «վատ եղանակային պայմանների հետ»:
«Ինչ վերաբերում է տարածաշրջանում մի քանի օր եղանակային վատ պայմանների հետ կապված գազամատակարարման ձգձգվող խնդրին, Հայաստանը մտադիր է օգտագործել իրավիճակը որպես զենք՝ քաղաքական շահարկման համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելին, Ադրբեջանի ԱԳՆ-ից ընդգծել են, որ Հայաստանը լավ կանի զբաղվի «իրական աշխատանքով, ոչ թե քաղաքական շահարկումներով»:
«Այս պահին տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու միակ միջոցը ստորագրված համատեղ հայտարարությունների դրույթների լիարժեք կատարումն է, այդ թվում տարածաշրջանից հայկական անօրինական զինված խմբավորումների մնացորդների դուրսբերումը և հարաբերությունների կարգավորումը միջազգային իրավական սկզբունքների հիման վրա: Հիմա ժամանակն է զբաղվել իրական աշխատանքով, ոչ թե քաղաքական շահարկումներով»,- ասել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ