Լրահոս
Օրվա լրահոսը

Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարին և նրա դստերը մեղադրանք է առաջադրվել. համայնքի շահերին 5.029.677 դրամի վնաս է պատճառվել

Մարտ 25,2022 14:22

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարի դուստրը, տեղեկանալով, որ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը նշված համայնքի վարչական սահմաններում ցանկանում է կայանների տեղակայման տարածքներ ձեռք բերել, հիշյալ տեղեկատվությունը տրամադրելով հորը՝ օժանդակելով նրան վերոնշյալ ընկերությանը համապատասխան տարածք տրամադրելու գործընթացում:

Դստեր կողմից շահույթ ստանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքային սեփականության հատուկ պահպանվող հողերի նպատակային նշանակություն ունեցող գերեզմանոցի տարածքից 0.20 հա մակերեսով հողամասը 2008թ. սեպտեմբերին վարձակալության պայմանագրով տրամադրել է դստերը՝ 10 տարի ժամկետով, տարեկան 1336 դրամ վարձավճարով:

Այնուհետև՝ 2008 թվականի հոկտեմբերին, համայնքի նախկին ղեկավարի կողմից տրված գրավոր համաձայնության հիման վրա, 25 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով վերջինիս դուստրը նշված հողատարածքից 200 ք/մ -ն ամսական 40000 ՀՀ դրամ վարձավճարով հանձնել է հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերությանը, որի հետևանքով համայնքի շահերին անզգուշությամբ պատճառվել է 5.029.677 ՀՀ դրամ գույքային վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, վերջինիս դստերը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031