Արդարադատության նախարարությունը դատավորի լիազորությունները դադարեցնելու նոր հիմք է մոգոնել, առաջարկում է անել դա, եթե «միջազգային դատարանի կողմից արձանագրվել է, որ վերջինս միտումնավոր կերպով խախտել է մարդու հիմնարար իրավունքները»:
Նորամուծությունը տեղ է գտել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերում, որոնց վերաբերյալ, ինչպես հայտնի է, Վենետիկի հանձնաժողովը բացասական կարծիք է հայտնել: Մասնավորապես, նշել է, որ չի տեսնում առաջարկվող նախագծի անհրաժեշտությունը, «քանի որ ե՛ւ գործող, ե՛ւ շուտով ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքերով արդեն իսկ նախատեսված են կարգավորումներ, որոնք քրեական պատասխանատվություն են սահմանում ակնհայտ անարդար դատավճռի համար»:
Սա Փաշինյանի թիմի ամենաագրեսիվ օրինագծերից է, որը տարածվելու է բոլոր, այդ թվում նաեւ ՍԴ դատավորների վրա: Վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալու, դատավորներից քաղաքական վրեժ լուծելու մտադրությունը կառավարության ներկայացուցիչները չեն էլ թաքցնում:
ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, հակադարձելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին, որն անգրագետ օրինագիծ համարեց նախաձեռնությունը, ասաց, որ այն «վերաբերում է քաղբանտարկյալներ դատած դատավորներին, ՄԻԵԴ-ի որոշումներով ապացուցված, ովքեր ապօրինություններ են թույլ տվել»։ «Այն դատավորները, որոնք ձեր թիմի իշխանության ժամանակ ՀՀ-ում դատել են քաղբանտարկյալներին, հաստատապես կկարողանան դուրս մղվել դատական համակարգից, եւ ձեր արշինով մյուսներին չափելը չի օգնի կասեցնել այս գործընթացը»,- ասաց Կարեն Անդրեասյանը:
Կարդացեք նաև
Փաստորեն, իշխանությունը չի թաքցնում, որ օրենքը վենդետայի գործիք է լինելու: «Կարեն Անդրեասյա՞նն է որակումը տալու, որ էս մեկը քաղբանտարկյալ է, էն մյուսը՝ ոչ: Ո՞վ է այդ բնորոշումը տալու»,- հարցնում է Դատավորների միության նախագահ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը:
Նա մեկն է այն դատավորներից, որ դիմել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ հայտնելով, որ անթույլատրելի են համարում նախագիծը, որ այն հակասում է իրավական որոշակիության, օրենքի հետադարձ ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքին, որ այն կվտանգի դատավորների ու դատական համակարգի անկախությունը:
Ալեքսանդր Ազարյանը, ըստ էության, կրկնեց Վենետիկի հանձնաժողովի հիմնավորումը. «Միտումնավոր իրավունքի խախտումը, եթե իրավաբանորեն խոսենք, նշանակում է, որ ակնհայտորեն ու միտումնավոր սխալ դատական ակտ է կայացվել: Այդ դեպքում թող քրեական գործ հարուցեն: Լիազորությունների դադարեցումը ո՞րն է: Մենք հոդված ունենք նման արարքի համար՝ ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելը: Թող գործ հարուցեն եւ քննեն: Ի՞նչ է եղել, որ: ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ կայացված վճիռներով դատական գործ ունեմ: Հորդորում եմ՝ ապօրինություն եմ անում միտումնավոր, քրեական գործ հարուցեք, տեսնեմ՝ տակից դո՞ւրս են գալու էդ քրեական գործի: Թող փորձեն»: Դատավորին մի քանի հարց տվեցինք:
– Այսպես թե այնպես, իրենք դատավորներին հետապնդումների ու ճնշումների են ենթարկում, ինչո՞ւ են ուզում մի հատ էլ օրենք ընդունել դրա համար, ո՞րն է նպատակը:
– Մարդիկ նպատակադրվել են իրենց թիրախավորած դատավորներից ազատվել: Իսկ իրենց թիրախավորած դատավորներն ամենաբարձր ռեյտինգներն են զբաղեցնում՝ ըստ փաստաբանների ռեյտինգների: Լավ, փաստաբաններին թողնենք մի կողմ, դատախազներից հարցրեք: Նրանք նույնը կասեն:
– Եթե պետք է նախկինում քաղբանտարկյալների վերաբերյալ ակտեր կայացրած դատավորների լիազորությունները դադարեցնեն էս նոր օրենքով, ուրեմն ի՞նչ, հիմա ընդունելու են ու տարածեն հնում ակտեր կայացրածների՞ վրա:
– Ես էլ ոչնչի վրա չեմ զարմանում: Եթե Դուք իրավաբան չլինելով եք զարմացած, պատկերացրեք իրավաբանների զարմանքը: Պարոն Անդրեասյանն այդքան տղամարդկություն չունի, որ ասի, թե իր գործողություններն ում դեմ են ուղղված: Սակայն քիչ թե շատ տրամաբանող մարդուն պարզ է, որ դրանք ուղղված են մեր դեմ: Հիմնավորեմ այն առումով, որ պարոն Անդրեասյանը, մի խումբ դատավորների մասին խոսելով, ասել է «կաստա», ասել է «հանցագործներ», «կոռումպացված»:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: