Հայաստանը ցորենով ինքնաբավ երկիր չէ։ Տարիներ են եղել, երբ ինքնաբավության տոկոսն ավելացել է, բայց հիմա, պաշտոնական տվյալներով, այդ ցուցանիշը 30 տոկոսից էլ ցածր է՝ 26.4 տոկոս 2021 թ. տվյալներով (էկոնոմիկայի նախարարության օպերատիվ վերլուծության հիմամբ)։
Ի՞նչ պետք է անի հիմա Հայաստանը այդ ռիսկերը՝ մասնավորապես հենց ցորենի մասով, հնարավորինս նվազեցնելու նպատակով։ Պարզաբանումների համար «ՀՀ»-ն դիմեց ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանին, որն ասաց.
-Ընդհանրապես տնտեսական անվտանգությունը մեր ազգային անվտանգության բաղադրիչներից է, որն ունի ենթաբաղադրիչներ, այդ թվում՝ պարենային ապահովությունը։ Եթե հիմա հակիրճ խոսեմ թեմայից, ապա՝ տնտեսական առումով անմտություն է, որ ՀՀ-ն ինքնաբավ լինի ցորենի արտադրության առումով։ Հասկանալի է, Արցախից ցորեն ներմուծել հիմա չենք կարող։ Բայց ռուսական կողմից, ինչքան տեղյակ եմ, լրիվ արգելքի մասին չէ խոսքը։ Այնտեղ սահմանափակումը վերարտահանման կտրվածքով է, այսինքն՝ Հայաստանը կարող է իր պահանջարկը բավարարել, բայց վերարտահանում անել չի կարող։ Այսինքն՝ այս իմաստով մեզ վտանգ չի սպառնում։
–Բայց եւ, այո, մենք չգիտենք, թե վա՞ղն ինչ կլինի, ի՞նչ զարգացում կստանա ռուս–ուկրաինական ճգնաժամը, կամ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական ի՞նչ տեղաշարժեր կլինեն։ Հայաստանը պետք է, չէ՞, մի բան մտածի այդ տեղաշարժերից անընդհատ կախված չլինելու կամ գոնե այդ կախվածությունը հնարավորինս նվազեցնելու համար։
Կարդացեք նաև
-Ձեր դիտարկումը ճիշտ է։
–Ասել կուզի՝ խնդրին պետք է նայենք ոչ միայն բիզնես արդյունավետության տեսանկյունից, այլեւ՝ հենց որպես ազգային անվտանգության բաղադրիչի։
-Անշուշտ, եւ հենց դրա համար էլ պետք է մտածենք ու հնարավորինս խելամիտ, կրկնում եմ, խելամիտ շրջանակներում բարձրացնենք մեր՝ ցորենի արտադրության ինքնաբավության մակարդակը։ Դա երկու ճանապարհ ունի։ Առաջինը` էապես բարձրացնել արտադրողականության մակարդակը։ Դրա համար հազար ու մի եղանակներ կան, ոռոգման ջրի խնդրի լուծում, ջրերն ամբարելու խնդրի լուծում. այսօր մեր ջրերը դուրս են հոսում։ Տարիներ շարունակ ջրամբարների մասին ենք խոսում, 5 տարի առաջ 4 ջրամբարների մասին խոսվեց, որ պետք է արդեն շահագործված լինեին, բայց… Երկրորդը՝ նաեւ՝ ընդհանրապես գյուղարտադրությունում տարբեր տեխնոլոգիաների կիրառման ու տեխնիկական ապահովվածության խնդիրը լուծվի։ Երկրներ կան, որ հեկտարից 60-70 ցենտներ ցորեն են ստանում (ընտրասերված սորտերից եւ արտադրողականության հաշվին)։ Իսկ մեր ցուցանիշը բավականին ցածր է։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: