Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գումար չեմ տեսել, վարկ չեմ ստացել, բայց 1.874.230 դրամը բանկերը թողել են ինձ վրա»

Մարտ 25,2022 14:30

Հասմիկ Դադամյանը ներքաշվել է դատական վեճերի մեջ՝ վարկային մի ընկերության պատճառով բանկերից մի քանիսի հետ: Դատական գործընթացներից մի քանիսն ավարտվել են, դատական ակտեր կան նրա դեմ: Հասմիկի առարկությունները հաշվի չեն առնվում, չեն լսում, թե մի քանի վիրահատություն տարած երիտասարդ աղջիկն ի՞նչ է ասում, կամ ի՞նչ են ասում վկաները, որոնք նրա խնդրանքով իրավապահներին են ներկայացել, տվել բացատրություն: Երաժիշտ, Հայաստանի գրողների միության անդամ Հ. Դադամյանն «Առավոտին» ցույց է տալիս տասնյակ փաստաթղթեր, որը հասցեագրել էր հանրապետության դատախազին, ոստիկանությանը: Նա չի թաքցնում, որ իրավական գիտելիքներ չունի, ինչն, ըստ էության, պատճառ է դարձել, որպեսզի իրեն խաբեն, դառնա թիրախ: Հասմիկը վարկ ստանալու նպատակով դիմել է «ՌՈՒՆԱ ԻՆՖՈ» ՍՊԸ-ին, որի տնօրենը համաձայնել է սովորելու հետ կապված վարկ տրամադրել նրան: Ընկերության աշխատակից Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ Հասմիկը գնացել է «Արայ» ՍՊԸ՝ «վարկը ձեւակերպելու» եւ «ապրանքներ» ստանալու: Կարծել է, թե այդպես են վարկ տրամադրում: Ստորագրել է բանկի կողմից իրեն տրամադրված պայմանագիրը, հանձնման-ընդունման ակտը, իսկ ապրանք չի ստացել, այն ստացել է «ՌՈՒՆԱ ԻՆՖՈ» ՍՊԸ-ի տնօրեն Ռուբեն Հովհաննիսյանի աշխատողը՝ Սամվել Կարապետյանը, ով նրան ուղեկցել է իրենց ընկերություն:

Տնօրենն ասել էր, որ ապրանքն իր մոտ լինելուց հետո հաջորդ օրը գումարը կտրամադրի Հասմիկին, սակայն այդպես էլ որեւէ գումար, որեւէ ապրանք չի ստացել: Հասմիկ Դադամյանը հայտնում է նաեւ, որ «ՌՈՒՆԱ ԻՆՖՈ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ, վերջինիս պարտքացուցակում առկա է նաեւ իր անունը:

Բանկն իր գումարն է, բնականաբար, ուզում Հասմիկից: Դատարաններում բանկերի հայցերը Հ. Դադամյանի դեմ իրար հետեւից բավարարվում են: Մինչ դատական գործընթացները, Հասմիկը 2018թ. դիմել էր ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին, հայտնելով, որ «Վարկ.ամ» վարկային միջնորդ կազմակերպության աշխատակիցներն իր վստահությունը չարաշահելու եղանակով Երեւան քաղաքի տարբեր խանութներից իր անունով վերցրել են ապառիկ ապրանքներ՝ պատճառելով գույքային վնաս: 2018թ. մարտի 26-ին մերժվում է քրեական գործ հարուցել: Հ. Դադամյանը նույնաբովանդակ մի բողոք հետաքննիչի դեմ 2021 մայիսի 5-ին է գրում, հայտնելով, որ իր՝ պաշտպանության իրավունքների մասին տեղյակ չէր, գտնվել է մոլորության մեջ: Մայիսի 12-ին բողոքը քննության առնելու մասին որոշում է կայացնում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազությունը:

Հետաքննիչ Մ.Ներսիսյանի 2018թ. մարտի 26-ի որոշումը 7-օրյա ժամկետում Հասմիկը չէր կարողացել բողոքարկել, իսկ բողոքը վարչական շրջանի դատախազը մերժում է «ժամկետանց» լինելու հիմքով:

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը 2020 թ. դեկտեմբերի 14-ին հայցադիմում է ներկայացնում Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (դատավոր՝ Մ. Ստեփանյան)՝ պահանջելով Հասմիկ Դադամյանից բռնագանձել 1.303.428 ՀՀ դրամ, որից` 654.092,6 ՀՀ դրամը՝ վարկի մնացորդ (որից` 654.092,6 ՀՀ դրամը՝ ժամկետանց վարկ), 492.999 ՀՀ դրամը` ժամկետանց գումարի տույժ, 156.336,4 ՀՀ դրամը` սպասարկման վճար, ինչպես նաեւ վարկի գումարի ժամկետանց մնացորդի` 654.092,6 ՀՀ դրամի նկատմամբ պայմանագրով նախատեսված օրական 0,13 տոկոսի չափով տույժը՝ սկսած հայցադիմումը ներկայացնելու օրվանից՝ 14.12.2020 թվականից մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը եւ վարկի մնացորդի՝ 654.092,6 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ սկսած վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ պարտավորության փաստացի կատարումը: Հայցվոր բանկը հայտնել էր. «Պատասխանողը պատշաճ կարգով ստացել է իր կողմից գնված ապրանք/ներ/ը»: Չարաբաստիկ վարկային պայմանագրի 1.3 կետի համաձայն՝ պատասխանողին տրամադրվել է 717.800 ՀՀ դրամ վարկ տարեկան 0 տոկոս տոկոսադրույքով, տրամադրված վարկի գումարի ամսական 0,99% վարկային հաշվի սպասարկման վճարով, 24 ամիս մարման ժամկետով: Վարկային պայմանագրի 1.3.11.1 կետով վարկի մարման կետանցի դեպքում սահմանվում է տույժ՝ ժամկետանց վարկի 0.13% չափով՝ յուրաքանչյուր կետանցված օրվա համար: Ըստ բանկի՝ պատասխանողը խախտել է վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունները, ինչի արդյունքում այն 2020 թ. դեկտեմբերի 4-ի դրությամբ կազմում է 1.303.428 ՀՀ դրամ, որից` 654.092,6 ՀՀ դրամը՝ վարկի մնացորդ (որից` 654.092,6 ՀՀ դրամը՝ ժամկետանց վարկ), 492.999 ՀՀ դրամը` ժամկետանց գումարի տույժ, 156.336,4 ՀՀ դրամը` սպասարկման վճար: Բանկի պահանջն է՝ Հ. Դադամյանից բռնագանձել նշված գումարը: 2021 թ. սեպտեմբերի 27-ին հայցապահանջը բավարարվել է:

Մեկ այլ բանկ՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Հասմիկ Դադամյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Հայցադիմումը դատավոր Ռ. Աթոյանին է հանձնվել 2021 թ. ապրիլի 6-ին: Վճիռը հրապարակվել է 2021թ. օգոստոսի 26-ին (ք. Արտաշատ): Հայցվոր բանկը հայտնել է, որ բանկի եւ Հասմիկ Դադամյանի միջեւ կնքված վարկային պայմանագրի համաձայն՝ պատասխանողին տրամադրվել է 600.000 ՀՀ դրամ վարկ՝ տարեկան 22 տոկոս տոկոսադրույքով: Պատասխանողը ստանալով պայմանագրով սահմանված դրամական միջոցները՝ թույլ է տվել վարկային պարտավորությունների կետանց, ինչի արդյունքում հաշվեգրվել են տոկոսներ, տույժեր եւ 22.03.2021 թվականի դրությամբ վերջինիս պարտքը բանկի հանդեպ կազմել է 393.497,4 ՀՀ դրամ: Բանկը նախազգուշացրել է պատասխանողին, պարտքը վերադարձնելու համար, սակայն վերջինիս կողմից հիշյալ պահանջը չի կատարվել: Բանկը խնդրել է պատասխանողից բռնագանձել 393.497,4 ՀՀ դրամ, ինչպես նաեւ պարտքի մայր գումարի՝ 379.845,80 ՀՀ դրամի նկատմամբ հայցադիմումը դատարան մուտքագրվելուն հաջորդող օրվանից մինչեւ գումարը բանկին վերադարձնելու օրը կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը՝ հաշվարկել եւ բռնագանձել տոկոսներ՝ համաձայն բանկային տոկոսի հաշվարկային դրույքի: Բանկը պահանջել է նաեւ բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը: Դատարանը բավարարել է այս հայցը նույնպես:

Վերջերս՝ փետրվարի 25-ին տրվել է կատարողական թերթիկ: Ի դեպ, «Ինեկոբանկի» օգտին մեկ այլ վճիռ էլ կայացվել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին (դատավոր՝ Ռ. Աթոյան, Արտաշատ): Հայցվոր բանկի եւ Հասմիկ Դադամյանի միջեւ 16.03.2018 թվականին կնքված պարտքի տարաժամկետ մարման պայմանագրի համաձայն՝ Հ. Դադամյանը «ԱՐԱՅ» ՍՊԸ-ից գնած ապրանքների արժեքի վճարումը հետաձգելու իրավունք է ստացել եւ պարտավորվել է բանկին վճարել 656.430 ՀՀ դրամ եւ տոկոսներ՝ հաշվարկված պարտքի մնացորդային արժեքի վրա տարեկան 0 տոկոս դրույքաչափով: Ըստ բանկի՝ Դադամյանը թույլ է տվել վարկային պարտավորությունների կետանց, ինչի արդյունքում հաշվեգրվել են տոկոսներ, տույժեր եւ 29.01.2019 թվականի դրությամբ վերջինիս պարտքը բանկի հանդեպ կազմել է 916.946,5 ՀՀ դրամ: Բանկը նախազգուշացրել է պարտքը վերադարձնելու համար, սակայն Դադամյանի կողմից հիշյալ պահանջը չի կատարվել:

Լուսանկարում պատկերված հավաստագրից պարզվում է, որ վարկային ընկերությունն ի սկզբանե խոստացել էր գումարը մարել, բանկերի անուններն է նշված, մինչդեռ ամեն բան գցել են մեկի վրա, ով ոչինչ չի ստացել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031