Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարությունն իրականացվում է՝ չնայած դատարանի արգելքի մասին որոշման

Մարտ 25,2022 14:00

Դատարանը Երեւանի քաղաքապետարանից պահանջել է հիմքերը

«Առավոտը» օրերս անդրադարձել էր Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5/4 հասցեի սեփականատեր, սարկավագ, «Գաթա Բենդ» համույթի հիմնադիր, «Սասուն» ազգագրական երգի-պարի խմբի ղեկավար Անդրանիկ Մանուկյանի բողոքին: Նշել էինք. «Պատճառը` սպառնացող վտանգն է, երբ ողջ տունը՝ բնակելի կից շենքի կառուցման պատճառով, հայտնվել է արտակարգ իրավիճակում, տան պատերը նստել են, ճաքեր են տվել երեք մանկահասակ երեխաների ննջարանը, ստուդիան, ուր դադարեցվել են ստեղծագործական աշխատանքները, արխիվների սենյակները, ուր տարիներով հավաքվել են ձայնասկավառակները, բանահավաք աշխատանքները, դժվարությամբ ձեռք բերված տարազները, հագուստը, տունն՝ առհասարակ»:


Անդրանիկ Մանուկյանը տանը սպառնացող վտանգի մասին բարձրաձայնել էր դեռ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք, ով իր հեռանալու օրը անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին ստորագրեց շինթույլտվության մասին խայտառակ փաստաթուղթը: Շինարարությունն իրականացնում է «ՕԿՏԱԳՈՆ» սպառողական կոոպերատիվը: Անդրանիկ Մանուկյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ փետրվարի 24-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ բազմաբնակարան շենքի կառուցման շինարարության թույլտվությունը վերացնելու պահանջով:

Երեկ տեղեկացանք, որ վարչական դատարանը (դատավոր՝ Կարեն Զարիկյան) մարտի 4-ի իր որոշմամբ երկու ամսով կասեցրել է դեկտեմբերին տրված շինարարության թույլտվության կատարումը: Դատարանը պատասխանող կողմ՝ քաղաքապետարանից պահանջել է որոշումը ստանալու պահից երկշաբաթվա ընթացքում շինթույլտվության հիմքում դրված բոլոր նյութերը: Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5/9 հասցեի` կառուցվող շենքի սեփականատեր «ՕԿՏԱԳՈՆ» սպառողական կոոպերատիվը ներգրավվել է՝ որպես երրորդ կողմ: Անշարժ գույքերը գտնվում են հարեւանությամբ եւ ունեն ընդհանուր սահման:

Անդրանիկ Մանուկյանը հայցադիմումում հայտնել էր, որ նշված շինարարությամբ խախտվում է իր սեփականության իրավունքը, քանի որ չի պահպանվել քաղաքաշինության նորմերով սահմանված հակահրդեհային անվտանգության միջտարածությունը:

Դատարան էր ներկայացվել շինարարատեխնիկական փորձաքննության թիվ ԷԸ-22/Պ-0002/1 եզրակացության օրինակը, որով «շինարարատեխնիկական փորձաքննություն» մասնագիտացմամբ դատական փորձագետի որակավորում ունեցող փորձագետը գտել է, որ Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/4 հասցեին հարակից կառուցվող Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/9 հասցեի բազմաբնակարան բնակելի համալիրի փաստացի տեղակայմամբ Անդրանիկ Մանուկյանը զրկվում է իրեն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/4 հասցեի հողամասը լիարժեք տնօրինելու եւ տիրապետելու՝ ըստ նպատակային նշանակությամբ՝ «բնակելի կառուցապատման», իրավունքից, քանի որ բազմաբնակարան բնակելի շենքին կից կառուցապատումը կառաջացնի քաղաքաշինական նորմերի խախտումներ. «Նշված ապացույցների հանրագումարը առաջացնում է հիմնավոր ռիսկեր, որ վիճարկվող շինարարության թույլտվությամբ նախատեսված աշխատանքները կարող են ազդել հայցվորին պատկանող գույքի վրա: Տվյալ պահին հնարավոր չէ բացառել, որ շինարարությամբ կարող են առաջանալ հայցվորին պատկանող գույքի պահպանման լուրջ խնդիրներ: Նման պայմաններում այս պահին եղած տվյալների հիման վրա անհրաժեշտ է կասեցնել վիճարկվող ակտի կատարումը՝ վերեւում նշված ռիսկերն ապահովագրելու նպատակով»:

Ըստ դատարանի, առկա էր հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031