Լրահոս
Օրվա լրահոսը

«Նպատակս մեկն է՝ ամբողջ աշխարհում հնարավորինս տարածել Կիոկուշին կաի կարատեն»

Մարտ 25,2022 12:30

Ասում է «Տեզուկա Գրուպ» միջազգային ֆեդերացիայի հայաստանյան մասնաճյուղի հիմնադիր Անդրանիկ Թորոսյանը

Ճապոնական կարատեի հայազգի վարպետ Անդրանիկ Թորոսյանը մարտի 25-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Կիոկուշին կաի կարատեի սեմինար-մարզում է անցկացնելու, որին մասնակցելու է ամերիկյան մասնաճյուղի գրեթե 100 սան։

Տեզուկա գրուպ ճապոնական կարատեի հայաստանյան ֆեդերացիայի հիմնադիր Անդրանիկ Թորոսյանը մեզ հետ զրույցում պատմեց իր անցած ճանապարհի ու ապագայում սպասվելիք իրադարձությունների մասին:

Ֆեդերացիայի հիմնադիրը նշում է, որ թեեւ այս սպորտային իրադարձությունը նշանակալի ու մեծ է, բայց եզակին չէ. սենսեյը հիշում է 2019 թվականին Ռուսաստանի Կազան քաղաքում այս ոճի հիմնադիր Տ. Տեզուկայի անվան մրցաշարը, որտեղ Անդրանիկ Թորոսյանի տասը սաներից ինը արժանացել են ռեկորդային առաջին ու երկրորդ տեղերի մրցանակներին՝ զբաղեցնելով հիմնականում բարձր հորիզոնականներ։ Մրցաշարի ավարտին «Տեզուկա Գրուպ» միջազգային ֆեդերացիայի նախագահի կողմից Անդրանիկ Թորոսյանն արժանացել է շնորհակալագրի՝ ՀՀ-ում Կիոկուշին կաի կարատե մարզաձեւն ակտիվ պրոպագանդելու համար։

Սենսեյ Անդրանիկը նշում է, թե ինչպես է 2013 թվականին որոշել ստեղծել «Տեզուկա Գրուպ» ֆեդերացիայի ներկայացուցչությունը Հայաստանում. «Այդ ժամանակ ես արդեն իսկ իմ կողքին ունեի այն սաներին, որոնց սկսել էի մարզել դեռ իմ պատանի տարիներից, բայց ժամանակն իր հետ բերեց նոր սաներին էլ, նոր հաջողություններն էլ»: Անդրանիկ Թորոսյանը հավելում է. «Այսօր իմ դահլիճներում մարզվող սաներն ունեն գերազանց պայմաններում մարզվելու եւ սպորտային կյանքով ապրելու հնարավորություն»:
Սենսեյը հիշում է իր ճանապարհը դեպի մեծ սպորտ. «2005-ին առաջին անգամ դարձա Հայաստանի չեմպիոն, այնուհետեւ գոտու որակավորման բոլոր քննություններս հանձնում էի մի քանի աստիճան առաջ անցնելով իմ տարիքի համար պահանջվող մակարդակից ու արդեն 17 տարեկանում «Սեւ գոտի առաջին դան» որակավորում ունեի։ 2007-ին ընդունվեցի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի սպորտի պետական համալսարան, որն ավարտելով՝ ստացա մանկավարժի որակավորում։ Մինչեւ 2009 թվականն ամեն տարի պայքարում էի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը պահպանելու համար»։

2008-ին Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Բուլղարիա, Ռուսաստան, Ուկրաինա, Լեհաստան ու մի շարք այլ երկրների առաջնություններում լավագույնս ներկայացած Անդրանիկ Թորոսյանն առաջատար հորիզոնականներում էր։ Բայց 2013 թվականին որոշում է ավարտել մարզիկի կարիերան ու զբաղվել մանկավարժությամբ։ Այսպիսով, հիմնելով «Տեզուկա Գրուպ» միջազգային ֆեդերացիայի հայաստանյան մասնաճյուղը։ Նույն տարվա հունիս ամսին սենսեյ Անդրանիկ Թորոսյանի սաները Կիոկուշին կաի կարատեի Կովկասի առաջնությունում փայլուն հանդես գալով՝ Հայաստան են բերել չեմպիոնական առաջին հորիզոնականի մրցանակը։

2017 թվականին Անդրանիկ Թորոսյանի գլխավորած ֆեդերացիայում միջազգային իրարանցում էր. ֆեդերացիայի նախագահի հրավերով ԱՄՆ-ից Հայաստան էր ժամանել Կիոկուշին կաի կարատեի առաջատար մասնագետ Շիհան Յոշիֆումի Իտոն: Ճապոնացի վարպետը Հայաստանում երկօրյա սեմինար է անցկացրել: Անդրանիկ Թորոսյանն էլ նույն վարպետի ու իր ֆեդերացիայի բոլոր սաների ներկայությամբ հանձնել է «Սեւ գոտի 3-րդ դան» որակավորման քննությունը։ «Իմ ֆեդերացիայում այսօր մարզվում են բազմաթիվ տաղանդաշատ պատանիներ, ովքեր արդեն դարձել են Հայաստանի, Եվրոպայի եւ Կովկասի բազմակի չեմպիոններ: Սաներից շատերն այսօր շարունակում են իրենց մարզչական կարիերան, ինչով ես միայն հպարտ եմ»,-ասում է մեր զրուցակիցը։

«Ապագայում ցանկություն ունեմ ֆեդերացիան էլ ավելի ընդլայնելու, անգամ այլ երկրներում նոր դահլիճներ բացելու: Իսկ նպատակը մեկն է՝ ամբողջ աշխարհում հնարավորինս տարածել Կիոկուշին կաի կարատեն՝ որպես սպորտաձեւ»,-հավելում է նա։
ՍՈՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել