Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ հավակնություններն ու փոքր Արցախը

Մարտ 25,2022 12:00

Փաշինյա՞նն էլ Ռուսաստանի հետ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրի

Մարտի 10-ին ՀՀ կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս տարի լրանում է մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, եւ այդ կապակցությամբ, ապրիլին նախատեսված է նաեւ իր այցը Ռուսաստանի Դաշնություն: «Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք, եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ այցը նույնպես բարձր մակարդակով եւ հարուստ բովանդակությամբ ընթանա»,- ասաց նա:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Փաշինյանի այցը ՌԴ նախատեսվում է ապրիլի 9-ին։ Հիշեցնենք, որ մարտի 16-ին Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում էին, որ նրանք քննարկել են ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցին վերաբերող հարցեր:

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին: Երկու պետությունների միջեւ կնքվել է ավելի քան 200 համաձայնագիր, այդ թվում՝ 1997թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիրը: Համաձայն 2000թ. սեպտեմբերի 26-ին ընդունված ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի` հաստատվել է երկու երկրների ժողովուրդների միջեւ բարեկամությունը խորացնելու եւ ամրապնդելու վճռականությունը դաշնակցային լայն փոխգործակցության, բոլոր ոլորտներում կապերի ինտենսիվ խորացման, կովկասյան տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում հաստատուն խաղաղության, կայունության եւ երաշխավորված անվտանգության ապահովման միջոցով:

Փաշինյանի նախապատրաստվող պաշտոնական այցի օրակարգը հայտնի չէ: Չի կարելի բացառել, որ Փաշինյանն էլ առաջիկա այցի ընթացքում Ռուսաստանի հետ դաշնակցային համագործակցության մասին նոր հռչակագիր ստորագրի: Ռուսաստանն այսօր այնպիսի իրավիճակում է, որ Պուտինին թերեւս հարկավոր է Արեւմուտքին ցույց տալ, թե որքան լավ դաշնակից է նա գործընկեր պետությունների համար:

Հարավային Կովկասում լիդերության ու ազդեցության ամրապնդման հավակնությունները Ռուսաստանի կողմից դրսեւորվում են Ադրբեջանի հետ խորը համագործակցությամբ, որն ի վերջո հանգուցալուծվեց դաշնակցային հարաբերությունների հռչակագրի ստորագրմամբ: Այստեղ արժե նաեւ նշել Ադրբեջանի նախագահի առաջ մղած «3+3» ձեւաչափի կյանքի կոչման գործընթացում Ռուսաստանի բավական ակտիվ գործունեությունն ու մղումը:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Պուտինն ու Ալիեւը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին, որով հայտարարվեց, որ երկկողմ հարաբերությունների զարգացման նոր փուլի սկիզբ է դրվում։ Մոսկվան ու Բաքուն պայմանավորվեցին այսուհետ դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ անվտանգության եւ կայունության ապահովման նպատակով: «Անվտանգության ապահովման, խաղաղության ու կայունության պահպանման նպատակով Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը կարող են դիտարկել փոխադարձ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի վրա եւ հաշվի առնելով գործող միջազգային իրավունքը»,- ասվում էր ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության մասին հռչակագրում։ 43 կետանոց Հռչակագրի առաջին կետում ասվում էր, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը իրենց հարաբերությունները կառուցում են՝ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը: Հռչակագրի 11-րդ կետում ՌԴ-ն ու Ադրբեջանը վճռականորեն ճնշում են իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների եւ անձանց գործունեությունը, որոնք ուղղված են ընդդեմ մյուսի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։ Իսկ հռչակագրի 18-րդ կետով՝ ՌԴ-ն եւ Ադրբեջանը միավորում են իրենց ջանքերը՝ հակազդելու եւ չեզոքացնելու մասնավորապես՝ միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ անջատողականության դեմ պայքարում։

Ալիեւի փետրվարյան այցից ու Ռուսաստանի հետ դաշնակցային համագործակցության հռչակագիր ստորագրելուց որոշ ժամանակ անց Ադրբեջանն Արցախի նկատմամբ սկսել է վարել սադրիչ քայլեր: Մի քանի շաբաթ արցախցիները գտնվում էին հումանիտար ճգնաժամում, ու այս վիճակը, ինչպես ասում են՝ ռուս խաղաղապահների աչքի առաջ:

Փորձագետների որոշ շրջանակ համարում է, թե՝ քանի որ Մոսկվան այսօր զբաղված է մի կողմից՝ Ուկրաինայում պատերազմով, մյուս կողմից՝ Արեւմուտքի հետ ահագնացած հարաբերությունների բարդություններով, Ռուսաստանի մեկուսացման խնդիրներով, այդ վիճակը Ադրբեջանի համար հարմար առիթ է, որպեսզի Արցախի հայության համար նորանոր խնդիրներ ստեղծեն, նպատակ ունենալով Հայաստանից ցանկալի զիջումներ ստանալ:

Տարբեր վարկածներ կարելի է, իհարկե, առաջ քաշել: Սակայն փաստ է, որ Ռուսաստանը՝ Արցախում խաղաղապահի դերում իր «չեզոքությամբ» չի կարող Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դաշնակցային պարտավորություններն իրագործել այնպես, ինչպես նրանից ակնկալում են ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները:

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք, այսօրվա Ռուսաստանն այսպիսին է: Պուտինին դժվար է հասկանալ. նա այսօր ձգտում է Արեւմուտքի հետ լարումը հասցնել այնպիսի աստիճանի, որպեսզի Մոսկվայի հետ հաշվի նստեն, որպեսզի որպես գերտերություն՝ տարբեր հիմնախնդիրներում նրա ձայնը վճռորոշ լինի:

Այս հավակնություններով հանդերձ, սակայն, ռուս խաղաղապահները փոքրիկ Արցախում գազամատակարարման խնդրում, օրինակ, չեն կարողանում, փաստորեն, վերջակետ դնել ադրբեջանական կողմի բացահայտ ցինիկ ու սադրիչ քայլերին: Ահա, այսպիսին է այսօրվա Պուտինյան հավակնոտ Ռուսաստանը: Թեեւ, Ռուսաստանի առումով առանձնապես մոտեցումներում ոչինչ էլ չի փոխվում: Ռուս բանաստեղծ Ֆեոդոր Տյուտչեւի հայտնի բանաստեղծության մի քառյակ մշտապես խիստ արդիական է մնում՝ «Умом —Россию не понять, Аршином общим не измерить: У ней особенная стать — В Россию можно только верить».

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 24.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031