Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնեցիքին ասա, թող ինչքան կարան` աղոթեն, որ հետ գանք»

Մարտ 25,2022 15:00

Հարություն Պապեյանի հարազատները հուշեր պատմեցին հերոսի մասին

Հարություն Պապեյանը ծնվել է 2001թ., սովորել է Արմավիրում, ապա դպրոցն ավարտելուց հետո ընտանիքի հետ միասին մեկնել ՌԴ։ 2017թ. ընդունվում է Միրնի քաղաքի տարածքային տեխնիկական քոլեջի երկրաբանական բաժինը, դրա հետ մեկտեղ յուրացնում է զոդողի մասնագիտությունը։ Շատ է սիրել սպորտը, հաճախել է ձեռնամարտի:

«Ընկերասեր էր, կատակասեր, կամեցող ու խղճով։ Չէր խնայում ոչինչ հարազատներին ուրախ տեսնելու համար։ Մեծ հնարավորություն ուներ ՌԴ-ում շարունակելու ուսումը եւ անցնելու ծառայության հենց այնտեղ, բայց նա ընտրեց իր հայրենիքը»,-ասում է Հարությունի հորեղբոր աղջիկը՝ Նոնան:

Հարությունը 2019 թ. վերադառնում է Հայաստան: 2020թ. հունվարի 16-ին ծառայության է անցնում Իջեւան քաղաքի զորամասում։ Ծառայության անցնելուց հետո որոշում է կայացնում, որ պետք է մնա Հայաստանում եւ շարունակի իր ծառայությունը որպես դիպուկահար: Գոհարը՝ հորաքույրը կարոտով հիշում է, թե ինչպես է Հարությունին ճանապարհել բանակ. «Ռուսաստանից մենակ էր եկել Հայաստան, որ գնար ծառայության: Հիշում եմ՝ բանակի քեֆի օրը ինձ մոտեցավ, գրկեց ու ասաց` հորքուր ջան, իմ մաման չի եկել ու հիմա դու ես իմ մաման, վաղը կգա՞ս զինվորական կոմիսարիատ՝ ինձ ճանապարհես»:

Առողջական խնդիրներից ելնելով սեպտեմբերի 8-ին նա վիրահատվում է։ Նույն ամսի 20-ին դուրս է գրվում զինվորական հոսպիտալից։ Պատմում են, որ ծառայակից ընկերները զարմացել էին՝ գրեթե չկազդուրված, հետվիրահատական շրջանը դեռ չանցած՝ վերադարձել է ծառայության։ Հարությունն իր ծննդյան օրը զանգահարել է տուն, խոսել քրոջ հետ ու խնդրել, որ իր ամենասիրելի տորթը թխի, ասել է. «Սիրածս տորթը սարքի ու տաք շորեր պատրաստի՝ գալու եմ տանեմ»:

Հարությունի քույրիկը՝ Վիկան պատմում է. «Ծննդյան օրը հրամանատարին խնդրել էր, որ մի քանի ժամով թույլ տա գնալ տատիկին ու պապիկին տեսնելու: Հրամանատարը թույլ էր տվել: Հարութս ճանապարհին զանգում է տատիկին ու ասում, որ ինչքան կարող է շատ կոնֆետներ գնի ու պատրաստ դնի»:


Հասնում է տուն ու իր ունեցած հագուստը, քույրիկի թխած տորթը, տատիկի գնած կոնֆետներն արագ դասավորում ու դուրս գալիս:
Հարազատները պատմում են, որ Հարությունին սպասող մեքենան վաղուց դրսում կանգնած էր, բայց նա կարծես չէր ուզում տնից դուրս գար: Անընդհատ ասում էր, որ կարոտել է հարազատներին՝ ուզում է մի քիչ էլ մնա։ Պառկել էր բազկաթոռին ու չէր ուզում գնար, հետո որոշ ժամանակ անց դուրս է գալիս տնից, ժպիտով, բայց տխուր հայացքով հեռանում:


Հոկտեմբերի 17-ին ջոկատով գնում են Արցախ։ Հոկտեմբերի 18-ին արդեն Ջրականում էին, որտեղ մարտեր էին ընթանում: Հենց Ջրականում էլ Հարությունը զոհվում է: «Ոչ մեկը չգիտեր, որ նա Ջրականում է։ Վերջին անգամ խոսել էր եղբորս՝ Սերոժի հետ ու ասել՝ տնեցիքին ասա` ինչքան կարան թող շատ աղոթեն, որ հետ գանք»,- պատմում է Վիկան: Հարությունի հայրը որդուց օրեր շարունակ լուր չունենալով՝ որոշում է կայացնում ՌԴ-ից վերադառնալ եւ անձամբ գնալ փնտրելու։ Տեւական ժամանակ նրանից որեւէ լուր չունենալուց հետո, գտել են հերոսի մարմինը: «Հույսով փնտրում էինք, մինչեւ այն պահը, երբ ստացանք ԴՆԹ-ի դրական պատասխանը»,- ասում է Վիկան:

Անուշ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031