«Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի շրջանակում Երեւանի օպերային թատրոնի նվագախումբը եւ մեներգիչներն ապրիլի 8-ին մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ հանդես կգան ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված «Ֆրանկոֆոնյան նոտաներ» համերգային ծրագրով։
Այս նախագծի շնորհիվ հանդիսատեսը կճանապարհորդի ֆրանսիական դասական երաժշտության պատմության ճեմուղիներով։ Համերգը կիրականացվի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։
Հիշեցնեմ, որ այս տարի նշվում է Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 եւ Հայաստանում ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հիմնադրման 10-ամյա հոբելյանները։
Կայանալիք համերգը հիանալի առիթ է այս երկու հոբելյանները նշել մշակութային, հատկապես երաժշտարվեստի երկխոսության ձեւաչափով»,- «Առավոտին» հայտնեց օպերային թատրոնի ֆրանսերենի մասնագետ-խորհրդատու Սերինե-Լյուբա Թադեւոսյանը։
Կարդացեք նաև
– Սիրելի Սերինե, մենք հանդիպել ենք 2018թ.՝ մեր երկրում անցկացվող ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, եւ դուք ընդգրկված էիք Մասնեի «Մանոն» օպերայի բեմադրական աշխատանքներում։ Ներկայացումը բարձր գնահատվեց նաեւ ֆրանկոֆոն հանդիսատեսի կողմից…
– Դա թատրոնի հետ իմ առաջին համագործակցությունն էր։ 2019թ. թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) մեներգիչների մասնակցությամբ կայացավ համերգ-աղոթք առ Աստված՝ ի սատարումն ֆրանսիացի ժողովրդի՝ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ։ Անցյալ տարի մեցցո սոպրանո Վարսենիկ Ավանյանը Դավիթ Հակոբյանի ռեժիսուրայով հանդես եկավ Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերայով…
– Թվարկածը հայաստանյան ձեր գործունեության մի մասն է, գիտենք, որ լայն գործունեություն եք ծավալում նաեւ արտերկրում, հակիրճ կներկայացնե՞ք։ Եվ քանի որ հեղինակավոր օպերային թատրոններում վաղուց ընդունված է, նույնիսկ պարտադիր մասնագետ-խորհրդատուի հաստիքը, իսկ մեզ մոտ դուք դեռեւս միակն եք, հետաքրքիր է՝ այդ հաստիքը ի՞նչ կրթություն է ենթադրում։
– Սիրով պատասխանեմ։ Ուսանել եմ Սորբոնի համալսարանում, ստացել լեզվաբանի մասնագիտություն, հետո Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում, ստանալով օպերային երգչուհու մասնագիտություն։ Իսկ հետո այդ երկուսը միքսել եմ։ Ստեղծագործական կարիերայիս մեկնարկը «Բոլշոյ» թատրոնում էր, Բորիս Պոկրովսկու անվան կամերային սրահում։ Առաջին նախագիծը, որին իբրեւ ֆրանսերենի մասնագետ-խորհրդատու կամ ինչպես ընդունված է ասել՝ քոուչ, մասնակցել եմ, 2016թ. Գլյուկի «Օրփեոս եւ Էվրիդիկե» օպերան էր։ Այս պահին մտաբերեցի 2019թ., երբ աշխատում էի աշխարհահռչակ բարիտոն Բռունո Պրադիկոյի հետ. Մոսկվայում նշվելու էր օպերային դիվա Ելենա Օբրազցովայի վերջին բեմելը նրա հետ Լա Սկալայում՝ Դոնիցետիի «Գնդի որդին» օպերայում։ Երեկոյին հրավիրված էին նաեւ Մարիինյան թատրոնի մեներգիչները։ Երբ լսում եմ, թե ինչպես են արտիստները, մասնավորապես՝ հայազգի, իրենց հիանալի ձայներով կատարում ֆրանսիական ստեղծագործությունները, մեծ ոգեւորություն եւ, ինչու ոչ՝ հպարտություն եմ զգում։
– Կարելի է ենթադրել ձեր աշխատանքի բարդության աստիճանը, ասենք՝ ֆրանսերեն բացարձակ չիմացող, թեկուզ հայտնի արտիստի հետ աշխատելիս։
– Իսկապես մանրակրկիտ աշխատանք է։ Բավական է նշել, որ դեպքեր են լինում, երբ բառի ճիշտ արտաբերումը պահանջում է վանկ առ վանկ առաջ գնալ։ Բայց միեւնույն է, մասնագիտական գործունեությունս յուրահատուկ է նաեւ մարդկային շփումների առումով, այն էլ՝ հայտնի դեմքերի հետ։ Օրինակ՝ աշխարհահռչակ հարավաֆրիկացի տենոր Լեւի Սեքգապանիից մինչեւ մեր Լիպարիտ Ավետիսյան եւ այլն։
– Այնուամենայնիվ, լինո՞ւմ են պահեր, երբ ափսոսում եք երգչուհու կարիերայից հրաժարվելու համար։
– Ի՞նչ եք ասում, ես այսօր կատարելագործվում եմ «Բոլշոյում», հանրահայտ սոպրանո Մակվալա Կասրաշվիլիի ղեկավարությամբ եւ Երեւանի կոնսերվատորիայում՝ ճանաչված սոպրանո Մարինե Դեինյանի դասարանում։ Կուզեի հատկապես նշել, որ հենց ֆրանկոֆոնիայի շնորհիվ իմ «ձայնը» հնչեցնում են աշխարհահռչակ օպերային աստղերը։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Լուսանկարներում. Սերինե-Լյուբա Թադեւոսյանը՝ աշխարհահռչակ օպերային արտիստների հետ։
«Առավոտ» օրաթերթ
24.03.2022