Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արեգակի շողերի հետ շատ է խաղացել…». երգչուհի Լուսինե Մարկոսյանի մենահամերգը

Մարտ 25,2022 13:00

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի մեներգչուհի Լուսինե Մարկոսյանի մենահամերգը ծրագրով հարուստ էր, հուզականորեն` հագեցած, զգացմունքով՝ անկեղծ, կատարումներով՝ արտիստիկ, երգեցողությամբ՝ խորազգաց եւ գեղեցկաձայն, տոնայնությամբ՝ բազմազան եւ տեղին բաշխված։

Հարո Ստեփանյան եւ Շուման. այս երկու հեղինակների ստեղծագործությունների համադրումը մեկ համերգային ծրագրի շրջանակներում անտեղյակ մարդու համար առնվազն տարօրինակ կարող է թվալ։ Բայց 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի ակնառու ներկայացուցչի եւ նրանից շուրջ մեկ դար առաջ եվրոպական երաժշտարվեստի ամենափայլուն դեմքերից մեկի՝ Ռոբերտ Շումանի ստեղծագործությունները, չնայած ազգային «դիմագծերի», ապրած դարաշրջանների տարբերությանը, աստվածային ոգեշնչման դավանանքով եւ ոգեղենությամբ, բանաստեղծական խոսքի տրամադրությունը հաղորդելու անկեղծությամբ եւ անմիջականությամբ, քնարահոգեբանական բովանդակություններով, տարաբնույթ կերպարների բացահայտումներով եւ խորությամբ ու նրբագեղությամբ, մեղեդայնությամբ եւ արտահայտման պարզությամբ այնքան հարազատ են, որ իր մենահամերգի ծրագիրը ձեւավորելիս Լուսինե Մարկոսյանի ընտրությունը կանգ առավ այս երկու հեղինակների վրա։ Առիթն, իհարկե, Հարո Ստեփանյանի ծննդյան 125-ամյակն էր, եւ հայ հեղինակի գործերից Լուսինեն ընտրեց «Ալագյազի մանիներ» ստեղծագործությունը։

«Մանիներ» նշանակում է՝ հայ ժողովրդական քնարական երգվող քառատողեր, խաղիկներ։ Ավետիք Իսահակյանի խոսքերով գրված վոկալ շարքերը կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի ստեղծագործության թանկ գոհարների շարանին են դասվում։ 1893-ին լույս տեսած իր «Ալագյազի մանիներ» պոեմի առնչությամբ Իսահակյանը գրել է. «Իմ մանկության ժամանակ` 80-ական թվականներին խորին տպավորություն է թողել իմ վրա մեր ժողովրդական երգը, գեղջկական երգը…»։

Պոեմի քնարական անպատասխան սիրո պատճառած անսփոփ վշտի պատումով, սիրած աղջկան` «մարմար Զարոյին» շքեղ ու երազային բնության գրկում իրենց սերն ըմբոշխնելու հրավերով Ավ. Իսահակյանը վրձնում է անեղծ բնության պատկերը` Արագած լեռը։ Պոեմի հերոսներն իրենց սերը վայելում են նրա պերճ շուքի տակ` մերձ աստվածներին:

Ողջ բնությունն է ձայնակցում նրանց սիրուն… Սիրո վայելքն է բանաստեղծական վրձնի զորությամբ Հարո Ստեփանյանը հաղորդել 8 ռոմանսից բաղկացած՝ նույնանուն երկու վոկալ շարքով։ Շուրջ երեք տասնյակ միջազգային մրցույթների դափնեկիր Լուսինե Մարկոսյանն իր մենահամերգին մեցցո-սոպրանոյի հարուստ երանգախաղով հաղորդեց գեղարվեստական խոսքի նուրբ երաժշտական ընթերցումները՝ բնության գովերգի հետ մարդկային զգացմունքի տարուբերումներով, սիրո պատմություն՝ հայկականության երաժշտական թարգմանությամբ, կոմիտասյան մաքրությամբ կառույցներով, հեղինակային ձեռագրի ճանաչելիությամբ։ Ծրագրի ընտրության հարցում կարեւոր էր եղել դաշնակահար, «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Մաեստրո Սեդրակ Երկանյանի հուշումն ու ճաշակը։ Ինքն էլ նվագակցում էր Լուսինեին՝ համերգի առաջին բաժնում։

Կոմպոզիտորի երեք մանրանվագները՝ «Ալագյազ բարձր սար ա», «Զինչ ու զինչ», «Աշուղի երգը», թեեւ՝ փոքրածավալ, խտացումն են հայ երաժշտական զտված հոգեմտածողության, եւ ասես, ժողովրդական երգերի հնադարյան ակունքներից բխած լինեն՝ թե կառույցներով եւ թե մեղեդայնությամբ։ Դրանք ակվարելային, թափանցիկ պատկերներ են, որոնց ջերմ շունչն իր դաշնամուրային կատարմամբ կատարելապես հաղորդելով՝ Ս. Երկանյանը կենդանացրեց բնության պատկերներ, սիրո ապրումներ, պարզ ու անկեղծ մի աշխարհ, որ, ավա՛ղ, կորսված է այլեւս։

Մաեստրոն գտնում է, որ Հարո Ստեփանյանի հարմոնիաները մի ամբողջ դպրոց են եղել նրանից հետո եկող հայ մեծանուն մի շարք կոմպոզիտորների համար, եւ որ շատերի հարմոնիկ մտածողությունը հենց այստեղ է թրծվել։ Խոսքի եւ երաժշտության խորը միաձուլման, ներթափանցման մի այլ օրինակ են Շումանի վոկալ ստեղծագործությունները, որոնցից մեծ ճանաչում ունի «Կնոջ սերն ու կյանքը» վոկալ շարքը՝ կազմված 8 երգերից. դրանք նկարագրում են կնոջ կյանքի զգացմունքային փուլերը՝ սեր, ներդաշնակում, ամուսնություն, զավակի ծնունդ, ամուսնու կորուստ։ Լուսավոր երանգավորումներով շարքն ավարտվում է՝ ողբերգական տոնայնությամբ («Դու առաջին անգամ ինձ ցավ պատճառեցիր»)։ Հավատարիմ Շամիսոյի բանաստեղծական ոճին՝ Շումանը վոկալ շարքի դրամատուրգիան կառուցել է պարզ, առանց ներքին հակադրությունների։ Եզրափակիչ ռոմանսից հետո, որտեղ կինը սգում է ամուսնու մահը, դաշնամուրը հանդես է գալիս սոլիստի դերում՝ կրկնելով շարքի մուտքի մեղեդին, որտեղ կինը երգում էր սիրելիի հետ իր առաջին հանդիպման մասին։

Լ. Մարկոսյանը Շուման կատարեց անհատական ապրումի անկեղծությամբ, զուսպ, համակուն արտիստականությամբ, ձայնի վարպետ կառավարումով՝ մեղմ շշունջին հասնող երգեցողությունից մինչեւ ձայնային լայն դիապազոնի հնարավորությունների գործածություն։

Համերգի երկրորդ բաժնում արդեն երգչուհին հանդես եկավ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հետ։ Սիրված երգերի շարան՝ սիրո, հայրենիքի, կարոտի, հավատի, բոլոր ստեղծագործությունները՝ Ս. Երկանյանի գործիքավորմամբ։ «Քելե լաո»-ն, ժողովրդական «Յարուկ մը ունիմ», «Վերին արտերուն գարին», գուսան Շերամի «Ամպերն ելան», գուսան Շահենի «Յա՜ր, քո բարակ բոյին…», «Բինգյոլ», Հ. Բերբերյանի «Անոր», Ա. Դոլուխանյանի «Աղջիկ» երգերը շենշող հնչմամբ նոր փայլ ստացան այս համերգին։ Իսկ երբ երգեց «Իմ յարն արեգակի շողերի հետ շատ է խաղացել», հասկացա, որ հենց ինքը՝ երգչուհին է այս բաժնում արեգական շողերի հետ խաղ անում, հրճվում՝ նույն ապրումը հաղորդելով իր հանդիսականին… Մարտիրոս Սարյանն իր «Ալագյազի մանիներ» գեղանկարը թանգարան ուղարկելիս երիտասարդ նկարիչ Հ. Սիրավյանին հանձնարարել է այն այնպես կախել, որ լույսից չզրկվի։

Լուսինե Մարկոսյանի մենահամերգին բոլոր երաժշտական կտավները, այդ թվում՝ մանիները, շահեկանորեն ներկայացան երգչուհու ձայնի ու արտիստականության «լույսի» ներքո։

Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031