«Ամերիկայի ձայն». Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հրաժարվում են իրենց ամերիկացի գործընկերների՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և միացյալ հրամանատարական անձնակազմի ղեկավար Մարկ Միլիի հետ հեռախոսային շփումներից: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիին։
Վերջինիս խոսքերով՝ ռուսական կողմը «մինչ այժմ հրաժարվել է մասնակցել» երկխոսությանը, մինչդեռ ամերիկյան կողմը վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս փորձել է բանակցել գործընկերների հետ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ «ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ռազմական առաջնորդների փոխգործակցությունը կենսական է այս պահին», – ասել է Քիրբին: