Լրահոս
Օրվա լրահոսը

Այլ տարբերակ ուղղակի չկա, վերջապես հասկացեք, հանցագործին պատժում են, ոչ թե նրա հետ բանակցում. Արցախի ՄԻՊ

Մարտ 24,2022 22:20

20-րդ դարասկզբին Արցախի հայության նկատմամբ իրագործված ցեղասպանական գործողությունները, 1921թ. Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո արցախահայության նկատմամբ 70-ամյա հալածանքները, համակարգված խտրականության ու էթնիկ ատելության բացահայտ և ուղղորդված քայլերը, արցախահայության ազատ կամարտահայտությանը բռնանալու համար 1988թ.-ից Սումգայիթում, Բաքվում, Գանձակ-Կիրովաբադում և այլ բնակավայրերում կազմակերպված ցեղասպանական ակտերը, 1990-ականներին պարտադրված պատերազմը, 2016թ. ապրիլյան ագրեսիան, 2020թ. ռազմական հանցագործություններով ողողված 44-օրյա պատերազմը և 2020թ. նոյեմբերի 9-ից հետո առ այսօր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր հանցավոր քայլերը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման ծավալի հանցագործությունները կանխելու համար միջազգային հանրության կողմից տասնամյակների ընթացքում ձեռնարկված կոլեկտիվ միջոցառումները զրոյացնելու փորձեր են:

Ադրբեջանը բացահայտ, հրապարակային կոնկրետ էթնիկ խմբի ոչնչացման, տեղահանման և հայրենազրկման «վարպետաց դաս» է տալիս աշխարհին, որը նույնիսկ զլանում է դատապարտող հայտարարություն անել: Այդ է պատճառը, որ Ադրբեջանը գրեթե ամեն օր զարգացնում է իր զինանոցը և հանցանքի կատարման գործիքներն ու միջոցները, այդ է պատճառը, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը, բացահայտորեն ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արդեն հանդգնում է զավթել խաղաղ բնակավայրեր, Արցախի 120.000 բնակչությանը թողնել առանց ջեռուցման ու տաք ջրի, բռնի տեղահանել նրանց. այսպես կարելի է անվերջ թվարկել:

Իսկ գազամատակարարման դադարեցումը և դրանից բխող հումանիտար աղետն իր երկրի ներքին գործ համարելու վերաբերյալ ադրբեջանական կողմի  պնդումների նման պնդումներ մեկ էլ անում էր Նացիստական Գերմանիայի ղեկավարությունը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ՝ իրականացված զանգվածային հանցագործությունները արդարացնելու նպատակով։

Միջազգային հանրության հարգելի ներկայացուցիչներ, փաստերն ու վկայություններն առավել քան բավարար են գործի դնելու համար ցեղասպանության   և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, զանգվածային հանցավոր չարագործությունները կանխելու և դադարեցնելու համար ձևավորված «պաշտպանելու պատասխանատվության» նորմը, ճանաչել Արցախի Հանրապետությունը ու փրկել Արցախի հայությանը էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկվելուց:

Այլ տարբերակ ուղղակի չկա, վերջապես հասկացեք, հանցագործին պատժում են, ոչ թե նրա հետ բանակցում:

Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031