Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ ՔՊ-ականների պաշտոններ չհասան Գյումրու քաղաքապետարանում․ նոր հաստիքները չեն հաստատվել

Մարտ 24,2022 21:30

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու քաղաքապետարանում սպասվում էին կառուցվածքային փոփոխություններ․ որոշ բաժիններ միավորվելու էին, որոշները՝ տարանջատվելու, մտադրություն կար նաև նոր բաժին հիմնելու։

Ըստ  այդ փոփոխությունների, առաջարկվում  էր ստեղծել վերահսկողության բաժին։

Գովազդի, առևտրի ու սպասարկման ոլորտի բաժնից գովազդի բաժինն առանձնացվելու էր,  ծրագրերի և արտաքին կապերի բաժինն անվանափոխվելու էր ՝ դառնալով տուրիզմի և արարողակարգի բաժին։

Ավագանու տարեվերջյան նիստի ժամանակ այս հարցը քննարկվել էր, ավագանին հաստատել էր նոր հաստիքացուցակը, որը և Գյումրու համայնքապետարանը ներկայացրել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

Նշենք, որ համայնքային ծառայողների պաշտոնների անվանացանկը  հաստատվում է նախարարի հրամանով։

Նախարարը սակայն առարկություններ է ներկայացրել՝ չհաստատելով Գյումրու համայնքապետարանում նախատեսվող  կառուցվածքային փոփոխությունները։

Այս մասին մեզ հետ զրույցում հաստատեց նաև  Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը։

Մինչդեռ որոշ պաշտոններ արդեն իսկ բաժանվել էին․ նույնիսկ ավագանու տարեվերջյան նիստի ժամանակ, երբ  խոսք գնաց գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի բաժինը կառուցվածքային փոփոխության ենթարկելու․ գովազդը առևտրի և սպասարկման ոլորտի բաժնից տարանջատելու մասին, ավագանու ընդդիմադիր անդամներից մեկի կողմից քննադատություն հնչեց, թե որոշ քաղաքական ուժերի  պաշտոններ տալու համար բաժին եք առանձնացնո՞ւմ։

Նախնական համաձայնությամբ, գովազդի բաժնի պետի պաշտոնը մնալու էր Սամվել Բալասանյանի թիմակիցներից Հարություն Թադևոսյանին, իսկ առևտրի և սպասարկման ոլորտի բաժնի պետի պաշտոնն անցնելու էր ՔՊ-ին․ այս կուսակցության կողմից առաջադրվել էր Վահան Ձվակերյանը, որը երկար տարիներ  աշխատել է առևտրի ոլորտում, վերջին տարիներին էլ աշխատում էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող ռեստորանում։ Նրան  գովազդի,  առևտրի ու սպասարկման ոլորտի  բաժնի պետի  տեղակալ էին նշանակել՝ հետագայում պետ դարձնելու նպատակով, սակայն այս պահին մնաց որպես պետի տեղակալ։

Կառուցվածքային փոփոխությունների շուրջ առարկություններ ներկայացրել  է նաև  Շիրակի մարզպետարանը։ Այս կառույցը իր կարծիքն է  ուղարկել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

Բանն այն է, որ  Գյումրու համայնքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժինն անվանափոխելով տուրիզմի և արարողակարգի բաժին՝ անվանման մեջ չեն ներառել  գործառույթներից մեկը։ Այս բաժնի գործառույթներից մեկը համայնքի զարգացման ծրագրերով զբաղվելն է, սակայն սա չի արտացոլվել  բաժնի անվան մեջ։ Եվ սա այն դեպքում, երբ հաստիքներ են առանձնացվել , որոնք պիտի զբաղվեին  զարգացման ծրագրերով։

Շիրակի մարզպետարանը առարկություն է  ներկայացրել  նաև Գյումրու համայնքապետարանում վերահսկողության բաժին ստեղծելու շուրջ։  Քաղաքապետարանը չի հիմնավորել, թե ով ում պիտի վերահսկի և որ օրենքով։

Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմիների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը մեզ հետ զրույցում ասաց՝ եթե վերահսկողության բաժնում պիտի աշխատեն համայնքային  ծառայողներ, այդ դեպքում հարց է առաջանում ՝ ո՞ր օրենքով  համայնքային մի ծառայողն իրավունք ունի մյուս ծառայողին վերահսկելու։

Շիրակի մարզպետարանից առաջարկել են վերահսկողական գործառույթը դնել  համայնքապետի տեղակալներից  կամ  խորհրդականներից որևէ մեկի ուսերին՝  նրանց  վերահսկողությանը հանձնելով առանձին բաժիններ։

Սամվել Բալասանյանի օրոք քաղաքապետարանն ունեցել է աուդիտի բաժին, որը սակայն դարձյալ վերահսկողություն չի իրականացրել, այլ ուսումնասիրել է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այն կառույցների  ընթացիկ գործունեությունը, որոնց ցանկը հաստատվել է քաղաքապետի կողմից։

Վերահսկողության բաժնի ու տեղակալի պաշտոնը ևս, ըստ մեր հավաստի տեղեկությունների, խոստացված էր ՔՊ-ին։

Նախարարությունը քաղաքապետարանի ներկայացրած փաստաթուղթն ուղարկել է  վերանայման։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031