Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պաշտպանվա՞ծ է անաչառ մեդիան». մեկնարկել է «Լրատուն» նախագծի հերթական ցուցահանդեսը

Մարտ 24,2022 18:40

Մարտի 23-ին մեկնարկեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» նախագծի հերթական ցուցահանդեսը։ Այս անգամ այն միավորել է երկու թեմա. «Մարդը ափի մե՞ջ․ լրագրողի տեսանկյունը» ցուցահանդեսը պատմում է մարդու իրավունքների լուսաբանման խնդիրների մասին, իսկ «Առանց գրաքննության» բաժինը քարոզչության և լրագրողների նկատմամբ ճնշումների պատմությունն է։

Հրապարակումների, տեսանյութերի, վավերագրական ֆիլմերի, հարցազրույցների միջոցով մուլտիմեդիա ցուցահանդեսն անդրադառնում է կարծիքի արտահայտման ազատության, ռասայական, կրոնական, ազգային հիմքով խտրականության, սեռական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության, կանանց իրավունքների պաշտպանության խնդիրներին ու դրանց լուսաբանմանը մեդիայում, ապատեղեկատվության և քարոզչության նպատակով այս թեմաների շահարկումներին, ինչպես նաև քննարկում է լրագրողների նկատմամբ  ճնշումների տարբեր դրսևորումները։

«Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը նշեց. «Գրաքննությունը պաշտոնապես վերացված է ՀՀ-ում, բայց մեդիան հեղեղված է կողմնակալ նյութերով։ Սահմանադրությունը, օրենքները պաշտպանում են մարդու իրավունքները, բայց մեդիայում խտրականության ալիքներ են հրահրվում տարբեր մտածող, տարբեր զգացող մարդկանց հանդեպ։ Պաշտպանվա՞ծ է անաչառ մեդիան առաջին դեպքում, պաշտպանո՞ւմ է մարդու իրավունքները երկրորդ դեպքում։ Այս թեմաներին է նվիրված «Լրատուն» նախագծի նոր ցուցահանդեսը»:

«Լրատուն» նախագիծը մուլտիմեդիա ցուցահանդեսների շարք է, որը ներկայացնում է ՀՀ նորագույն պատմությունը լրատվամիջոցների լուսաբանման միջոցով, բացահայտում է հրապարակումների ստեղծման մանրամասները, վերլուծում և բացատրում է լրատվամիջոցների աշխատանքը։ Արտակարգ իրավիճակները, կոռուպցիան և ապատեղեկատվությունը, մարդու իրավունքները, մեդիայի կիզակետում հայտնված և հասարակությանը հուզող բազմաթիվ թեմաներ կարող են առիթ դառնալ «Լրատան» հերթական ցուցահանդեսի համար։ «Լրատան» ցուցահանդեսները տարբեր տարիների ներկայացվել են Երևանում,  Գյումրիում Վանաձորում, Մարտունիում, Գորիսում, Կապանում։

Այս տարի ցուցահանդեսը Երևանում կգործի մինչև ապրիլի 6-ը Սարգիս Մուրադյան պատկերասրահում ( Իսահակյան 38)։

«Լրատուն» մեդիա թանգարանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախագիծն է: Այն հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031