«Ես համաձայն չեմ, որ միայն Արցախում է հումանիտար աղետ,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:- Ես չեմ ուզում Արցախը տարանջատել ամբողջ Հայաստանից: Մեր հավաքական սխալն այն է, որ մեզանից շատերը Արցախը տարանջատում են Հայաստանից: Հումանիտար աղետն ամբողջ Հայաստանում է, Արցախն էլ ներառած: Իհարկե, Արցախն այսօր գազից զրկված է: Բայց դա ծանրացնում է միայն կենցաղային հոգսերը: Իսկ ընդհանուր անվտանգային խնդիրը կախված է ամբողջ Հայաստանի վրա: Եվ եթե դա չի գիտակցում Երեւանի վարչական շրջաններում նստած մարդը, դա չի նշանակում, որ աղետը մեր գլխին կախված չէ:
Այս օրերին Ադրբեջանի պահվածքը շատ է հիշեցնում 1920-ականների պահվածքը: Նրանք հիմա էլ օգտվելով ռուս-ուկրաինական եղբայրասպան պատերազմից, որը ես համարում եմ Ռուսաստանի եւ Արեւմուտքի բախում Ուկրաինայի տարածքում, գազամուղը փակելով փորձում են ստուգել Արցախի անվտանգային աստիճանը: Եթե հիշում եք, մարտի 9-10-ից սկսած ակտիվ կրակոցներ, հոգեբանական ճնշման միջոցներ էին օգտագործում: Այդպես իրենք ուղղակի ստուգում են, թե խաղաղապահները ինչպես են արձագանքում: Ցավն այն է, որ մենք այսօր հայտնվել ենք մի վիճակում, որ Արցախի անվտանգությունը ապահովողը ռուսաստանցի խաղաղապահն է: Ցավը այն է, որ մարտի 8-ից սկսած, Հայաստանի գործող վարչախումբը մոռացել է, կամ չի ուզում հիշել, կամ մտածված մոռանում է, որ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, խուսափում է կոնկրետ ու կոշտ հայտարարություններից:
Ես այդ ամենի պատճառը լավ գիտեմ, բայց դա չի նշանակում, որ դա խնդրի լուծում է: Ես չեմ հոգնելու անդադար ասել, որ ես, իմ ընկերները, շատերը, ասում ենք. քանի դեռ չենք փոխել պարտության այս դեմքին, այսպես շարունակվելու է: Մեր թշնամիները լավ գիտեն, որ Հայաստանը ղեկավարում է մի մարդ, որը ունի վախի չափից ավելի զգացում, վախենում է կոշտ միջոցառումներ իրականացնել կամ կոշտ հայտարարություն անել, երբ որ ադրբեջանցին հայտնվում է Հայաստանի տարածքում գտնվող Սեւ Լճերի եւ այլ շրջաններում»:
Անդրադառնալով երեկ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հնչեցրած հարցին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պատասխանին՝ Գեղամ Նազարյանն ասաց. «Աննա Գրիգորյանի հարցը շատ հավասարակշիռ էր, առանց վիրավորանքների, հիմնված փաստերի վրա: Իսկ արձագանքը հուզական էր, անվանարկումներով: Աննա Գրիգորյանը եւ «Հայաստան» խմբակցությունը մեղավոր չեն, որ ադրբեջանցիները հայտնվել են Հայաստանի տարածքում: Եվ կապ չունի՝ հայտնվել են երկու ամիս առաջ, թե 2020 թվականի դեկտեմբերին:
Կարդացեք նաև
Անկեղծ ասեմ. մենք կողմ չենք, որ անվտանգային խնդիրների մասին մանրամասն հրապարակային քննարկումներ լինեն: Բայց երբ մամուլում հրապարակում է լինում, որ տեղի բնակիչը պատահաբար տեսնում է ադրբեջանցիների, որոնք մեկ կիլոմետր եկել են առաջ, իսկ ՊՆ-ն օրեր շարունակ լռում է, բնականաբար, արդեն ստիպված ես լինում բարձրաձայնել, աղաղակել, աղմկել, ինչին ջղաձիգ պատասխաններ են տրվում: Ես սրան անդրադառնալ չեմ էլ ուզում: Մի լուծում կա: Եվ քանի դեռ դա չի արվել, անդադար այսպիսի բաներ կատարվելու են՝ մի օր թշնամին լինելու է Ներքին Հանդում, մի ուրիշ օր՝ մի այլ հանդում:
Մեր հանրությունն այնքան հիվանդ է, որ դեռ չի գիտակցել, որ սա մեր բոլորի ընդհանուր տունն է, որ Արցախը, Սյունիքը մեր ընդհանուր անվտանգությունն են: Չի կարող շիրակցին անտարբեր լինել, թե Սյունիքում ինչ է կատարվում, լոռեցին ասի՝ ես իմ տանը հանգիստ նստած եմ կամ անտառում մոշ եմ հավաքում ու ոչինչ, որ Արցախում թշնամին այս կամ այն բանն է անում: Չկա նման բան: Սա մեր տունն է ու տարբեր սենյակներն են: Չենք կարող հյուրասենյակում հանգիստ նստած ֆուտբոլ նայել, ննջասենյակում մեր երեխայի վրա հարձակում լինի ու ասենք՝ դա ննջասենյակում է, մեզ ինչ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ