Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ԵԱՏՄ երկրները համաձայնեն՝ արտաքին սահմանները կփակենք, ներքին առեւտուրն ամբողջությամբ կբացենք»․ Քերոբյան

Մարտ 24,2022 16:43

ՀՀ արտահանողները զգալի կորուստներ են ունեցել իրենց դեբիտորական պարտքերի արժեզրկման հետեւանքով։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ փետրվար ամսվա օպերատիվ տվյալներով արտահանման 25-27% աճ էր արձանագրվել, մարտին արտահանումը դեպի ՌԴ անկում է ունեցել․ «Մի քանի օր առաջվա տվյալներով՝ մոտ 30% անկում է եղել, ինչը մտահոգիչ է, բայց մյուս ուղղություններով աճ ունենք։ Ընդհանուր արտահանումը կարծես դրական է, բայց կարող է այս թիվը փոխված լինի արդեն»։

Նախարարն ասաց, որ այժմ արտահանողների հետ աշխատում են, որպեսզի նրանք արագ վերակնքեն իրենց պայմանագրերն արդեն նոր գների պայմաններում, որի արդյունքում արտահանման ծավալները կսկսեն կտրուկ աճել․ «Որովհետեւ այն դեֆիցիտը, որն առաջացել է ռուսական շուկայում, թույլ է տալիս կարծել, որ մենք կարող ենք մեր ապրանքների չափաբաժինը ռուսական շուկայում մեծացնել։ Կան շատ հնարավորություններ եւ ռիսկեր։ Բնականաբար, ռեյտինգային եւ միջազգային ֆինանսական ընկերությունները ավելի պահպանողական տեսակետ ունեն, նրանք համարում են, որ բոլոր ռիսկերը տեղի կունենան եւ ոչ մի հնարավորություն չի իրացվի, ասում են՝ տնտեսական աճը կլինի ոչ թե 5,6%, այլ՝ 1,5%: Մենք պետք է այնպես անենք, որ բոլոր ռիսկերը հնարավորինս քիչ իրացվեն, հնարավորություններն՝ հնարավորինս շատ։ Մեր թիրախն է ապահովել 7% տնտեսական աճ, սա ուժի մեջ է, չենք պատրաստվում հանձնվել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով պարենի հնարավոր դեֆիցիտին, Քերոբյանն ասաց․ «Հիմա ԵԱՏՄ երկրները չունեն պարենային ապրանքների դեֆիցիտ։ ՌԴ-ն եւ ԵԱՏՄ այլ երկրները, օրինակ՝ Ղազախստանը, եթե ինտենսիվ արտահանեն իրենց պաշարները, ապա հնարավոր է ունենանք պարենային անվտանգության խնդիր։ ՌԴ-ն տեսնելով այդ իրավիճակը՝ առաջարկել է ԵԱՏՄ բոլոր երկրներին փակել արտահանումներն իրենց երկրներից։ Այդ պարագայում իրենք պատրաստ են մատակարարել ամբողջ անհրաժեշտ ծավալը։ Եթե բոլոր երկրները համաձայնեն, ապա մենք ԵԱՏՄ մակարդակով արտաքին սահմանները կփակենք եւ ներքին առեւտուրն ամբողջությամբ կբացենք։ Բայց եթե, օրինակ, Ղազախստանը հրաժարվի դա անել, ապա հարցը կլուծենք երկկողմ ճանապարհով»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031