Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ-ում ասել է՝ Արցախից տեղահանված մոտ 90 հազար բնակիչների մեծ մասը կանայք եւ երեխաներ են, որոնք ավելի խոցելի իրավիճակում են

Մարտ 24,2022 16:01

Հայաստան եկած Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների համար սոցիալական որեւէ ծրագիր չի իրականացվում, որովհետեւ այդ երկրների որեւէ քաղաքացի չի դիմել սոցիալական աջակցության համար: Այսօր այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում, պատասխանելով հարցին՝ ի՞նչ սոցիալական խնդիրներ ունեն պատերազմի հետեւանքով մեր երկիր եկած քաղաքացիները, ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը. «1-2 դեպքով դիմել են նախարարության միասնական կենտրոն, որոնք երկքաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցներն են ու կենսաթոշակի հարցերով որոշ խնդիրներ ունեին»:

Նախարարն ասաց, որ վերջերս մասնակցել է ՄԱԿ-ի՝ Կանանց կարգավիճակի հարցերով 66-րդ նստաշրջանին, որտեղ ներկայացրել է Արցախից տեղահանված կանանց խնդիրները: Նրա խոսքով, տարբեր բնակավայրերից տեղահանված մոտ 90 հազար բնակչության մեծամասնությունը կանայք եւ երեխաներ են, որոնք ավելի խոցելի իրավիճակում են գտնվում. «Ներկայացրել եմ՝ ինչ խնդիրներ ունեն, ինչ անելիքներ կան, որպեսզի տեղահանված արցախցիներն ապրելու արժանապատիվ պայմաններ ունենան: Նրանցից մի մասը վերադարձել են Արցախ, բայց մի մասը դեռ շարունակում են մնալ Հայաստանի հանրապետությունում, քանի որ նրանց կացարանի հարցը դեռ չի լուծվել»:

Նախարարն ասաց, որ ՄԱԿ-ի գործընկերների հետ քննարկել են մեր երկրում ՄԱԿ-ի՝ կանանց գրասենյակ բացելու հարցը, որպեսզի առավել թիրախային լինի կանանց իրավունքների պաշտպանությունն ու առաջխաղացումը հանրային տարբեր ոլորտներում:

Ըստ Նարեկ Մկրտչյանի, չնայած դեռեւս մեծ աշխատանք պետք է տանել, որպեսզի հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանայք ներգրավված լինեն, բայց Հայաստանը ՄԱԿ-ի անդամ մի շարք երկրների համեմատությամբ, կանանց ներգրավվածությամբ տարբեր ոլորտներում, շատ ավելի բարենպաստ դիրքերում է եւ որոշ երկրներ ցանկացել են մեր փորձն իրենց մոտ էլ ներդնել: Խոսքն, ըստ նախարարի, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին է: Նրա խոսքով՝ ֆրանսիացի գործընկերները զարմացել են, որ Հայաստանում դպրոցահասակ մեծ թվով աղջիկ երեխաներ ներգրաված են ՏՏ ոլորտում: Պատճառը, Նարեկ Մկրտչյանի կարծիքով, դպրոցներում գործող լաբորատորիաներն են, որոնց նկատմամբ երեխաները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում, նաեւ մեր երկրի տարբեր քաղաքներում գործող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը. «Ֆրանսիացիները խնդրել են, որ փորձի փոխանակում անենք՝ ինչպես արդյունավետ տեղայնացնեն Ֆրանսիայում այդ մոդելները: Ինչպես գիտեք՝ Ֆրանսիայում նույնպես բացվել է «Թումո» կենտրոն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031