«Միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբին ուզում ենք հարցնել՝ ինչո՞ւ են մեր տարրական, մարդկային իրավունքները խախտվում եւ անտեսվում։ Ինչո՞ւ է ինքնորոշվելու մեր արդարացի պահանջը երեսուն տարի շարունակ անտեսվել, ինչը հանգեցրել է ահաբեկչական գործողությունների, հայերի ցեղասպանության, հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման շարունակական քաղաքականության»,- Արցախի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր հրավիրված խաղաղ հավաքի ժամանակ հայտարարեց Արցախի բնակիչ, երեք երեխաների մայր Ռոզան։
Նա անգլերեն էր խոսում, որպեսզի արցախահայության պահանջները լսելի լինեն միջազգային հանրության համար․ «Ալիեւյան հանցագործ իշխանությունը շարունակում է հստակ եւ ծրագրված վերացնել հայկական ժառանգության բոլոր հետքերը մեր, մեր նախնիների հողում՝ այն հողում, որում մենք ապրել ենք հազարամյակներ։ Այսօր Ադրբեջանը զբաղված է պատմության կեղծարարությամբ, իսկ աշխարհը հավատում է նրան, որովհետեւ նրանից շահ ունի։ Միջազգային հանրությանը, իրավապաշտպան կառույցներին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբին հորդորում ենք ճնշում գործադրել հանցագործ Ադրբեջանի վրա եւ ստիպել դադարեցնել ահաբեկչական գործողություններն Արցախի բնակչության հանդեպ»։
Տիկինը փաստեց, որ Ադրբեջանը շարունակում է հոգեբանական ճնշում գործադրել, զինված հարձակումներ իրականացնել Արցախի գյուղերի, հողատարածքների վրա, կրակել դպրոցների եւ մանկապարտեզների ուղղությամբ, սպանել գյուղացիներին՝ այգին մշակելու ժամանակ․ «Ե՞րբ է այս ամենին վերջ տրվելու։ Այսօր՝ այս ցուրտ եղանակային պայմաններում, Արցախի երեխաները զրկված են տաք ջրից, կենցաղային տարրական պայմաններից։ Վստահ եմ, որ Ադրբեջանը պայթեցրել է գազատարն այն տարածքում, որն այսօր իր իսկ կողմից ապօրինաբար օկուպացված է»։
Հիշեցնենք, որ դեպի Արցախ գազամատակարարումը խափանելուց հետո Ադրբեջանը պահանջներ է առաջադրել։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ