«Ռուս-ուկրաինական բանակցություններն ընթանում են մշտապես, դրանք բարդ են եւ որքան ես տեղյակ եմ՝ կողմերը պայմանավորվել են չհրապարակել դրանց ընթացքի մասին մանրամասներ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:
Ուկրաինացի դիվանագետն ընդգծեց, որ Ուկրաինայի համար «կարմիր գիծ» են երկրի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը՝ հավելելով, որ իր երկրում չեն կարծում, թե որեւէ մեկը պետք է իրենց փոխարեն որոշի՝ ի՞նչ ուղղությամբ արտաքին եւ ներքին քաղաքականություն վարել, ինչպիսի՞ն պետք է լինի երկրի ներքին կառուցվածքը եւ որտեղո՞վ պետք է անցնեն սահմանները, որոնք, ի դեպ, միջազգայնորեն ճանաչված են:
Դիվանագետի հավաստմամբ՝ Ուկրաինայի նախագահը պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահի հետ եւ զրուցել, բայց իր հրապարակած «կարմիր գծերի» պահպանմամբ, քանի որ 21-րդ դարում ոչ ոք չի կարող «ներխուժել» այլ երկրի տարածք եւ սեփական պայմանները թելադրել:
Թե որքա՞ն կտեւեն ռազմական գործողությունները՝ դիվանագետը դժվարանում է կանխատեսել, բայց որ ռուս-ուկրաինական հարաբերություններում խզում կա, որը սերնդե-սերունդ փոխանցվելու է, միանշանակ է համարում:
Կարդացեք նաև
«Եթե հիմա Ուկրաինան պարտվի, դա չի լինի Ուկրաինայի պարտությունը, դա կլինի ազատության, ժողովրդավարության, եվրոպական արժեքների պարտությունը, որոնց մենք ձգտում ենք. կներեք բարձրագոչ բառերի համար: Մենք չենք կարող պարտվել, ՌԴ-ն է արդեն պարտվել, մենք դեռ չենք հաղթել»,- հայտարարեց դիվանագետը՝ հավելելով, որ ռիսկեր կան, որ քիմիական, կենսաբանական զենք կկիրառվի, բայց ՌԴ-ի թե քաղաքական, թե տնտեսական պարտությունն ակնհայտ է:
Խոսելով ՌԴ նախագահի մասին էլ՝ ասաց, որ եթե «այդ մարդն» ինքնասպանության տարբերակն է ընտրել, ապա նախընտրելի կլինի, որ նա մնա բունկերում եւ վարվի այնպես, ինչպես վարվեց մեկ այլ մարդ՝ 1945 թվականին (նկատի ունի Ադոլֆ Հիտլերին), եւ, որ ինքնասպանություն գործելու համար պետք չէ աշխարհը ոչնչացնել: Դիվանագետը դժվարանում է կանխատեսել հետագա զարգացումները, բայց հույս ունի, որ «եւ կարապ» կհայտնվի եւ կուղղորդի զարգացումների ընթացքը:
Պատասխանելով հնչեցրած տեսակետին, որ ՌԴ-ն ճնշումներ է գործադրում ԵԱՏՄ անդամ երկրների վրա՝ ուկրաինացի դիվանագետը մանրամասնեց, որ ՌԴ կառավարությունը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններին առաջարկում է մինչեւ հազար եվրոյի հասցնել այն ապրանքների արժեքը, որոնք հնարավոր է անցկացնել առանց մաքսատուրքերի՝ անդրսահմանային գնումներում: Այս առաջարկը, որով հանդես է եկել ՌԴ կառավարության ղեկավարը, ըստ դիվանագետի, հնարավորություն կտա ՌԴ բնակիչներին՝ պահպանել արտասահմանյան ապրանքներին հասանելիությունը, որոնց ներկրումը սահմանափակվել է կամ առհասարակ դադարեցվել: Ըստ Ավտոնոմովի, այն երկրները, որոնք կօգնեն ՌԴ-ին, իրենք էլ կհայտնվեն միջազգային պատժամիջոցների տակ:
Ռազմական գործողությունների մասին խոսելով՝ ուկրաինացի դիվանագետը հայտարարեց, որ ուկրաինական Մարիուպոլ քաղաքը ռուսական զորքերը վերածել են 1943 թվականի Ստալինգրադի, բայց չնայած դրան, քաղաքի բնակիչները շարունակում են պայքարել՝ շրջափակման մեջ լինելով մի քանի շաբաթ:
Նա նաեւ հայտարարեց, որ երեկ տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում, ռուսական զորամիավորումները Կիեւից ետ են շպրտվել մոտ 50 կիլոմետր, համառ մարտերը շարունակվում են, Կիեւի որոշ արվարձաններում, ՌԴ զինուժի համար իրավիճակը ծայրահեղ անբարենպաստ է:
Դիվանագետը՝ մեջբերելով ռազմական գործիչների վերլուծությունները, հայտարարեց, որ մեկ ամսվա ընթացքում ՌԴ զինուժի հարվածային հնարավորությունները 90 տոկոսով նվազել են: Նա մանրամասնեց, որ փողոցային մարտերի ժամանակ, այնուհանդերձ, ռուսական զորամիավորումները կիրառում են տարբեր տրամաչափի հրազեն. ռազմական գործողությունների մեկ ամսվա ընթացքում Ուկրաինայի վրա 1200 հրազեն է նետվել: Դենիս Ավտոնոմովը վստահեցնում է, որ Ուկրաինայի տարածքում գտնվող միջուկային օբյեկտները գտնվում են Ուկրաինայի վերահսկողության տակ, թե հետո ի՞նչ կլինի՝ բարդ է կանխատեսել:
Նա նաեւ պնդեց, որ թեեւ Հյուսիսատլանտյան դաշինքը չի միջամտում ռուս-ուկրաինական գործողություններին, բայց ՆԱՏՕ-ի անդամ երկրները, Արեւմուտքի բոլոր երկրները Ուկրաինային ցուցաբերել եւ կշարունակեն ցուցաբերել ռազմական, ֆինանսական, տնտեսական, մարդասիրական հսկայական օգնություն: Նա հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն չէր խոստացել կռվել Ուկրաինայի համար:
«Հայաստանն ազատ եւ ժողովրդավարական երկիր է եւ յուրաքանչյուր քաղաքացի կարող է արտահայտել իր դիրքորոշումը»,- այսպես է ուկրաինացի դիվանագետը մեկնաբանում Երեւանում՝ ի պաշտպանություն ՌԴ-ի եւ ՌԴ գործողությունների անցկացված ցույցը՝ հավելելով, որ այդ մարդիկ կատարեցին իրենց աշխատանքը եւ ՌԴ դեսպանատան մոտ «զեկուցեցին» այդ մասին, բայց մի բան իր համար անհասկանալի է՝ նրանք ցույց անելով քարոզում են հօգուտ մի երկրի, որտեղ համանման գործողությունները ենթադրում են վարչական տույժեր եւ ձերբակալություններ:
Դեսպանի փոխանցմամբ, Ուկրաինայում ռազմական գործողություններից ի վեր՝ Հայաստան է եկել մոտ 4 հազար մարդ, որոնց մեծամասնությունը հայաստանցիներ են եւ նրանք իրենց խնդիրները ինքնուրույն են լուծում: Իսկ Հայաստան եկած Ուկրաինայի քաղաքացիների հարցերով զբաղվում են թե դեսպանատունը, թե Հայաստանում ուկրաինական համայնքը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Գեւորգ Մաթեւոսյանի